«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2012-01-31 | #17, 2012-02-01 | #18, 2012-02-02


ԱՎԵԼԻ ՇԱՏ ՋԱՆՔԵՐ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վերջին 15-20 տարիներին` Հայաստանում նեոնատոլոգիային ավելի շատ ուշադրություն է դարձվում, քան մինչ այդ: Առողջապահության նախարարությունը (ԱՆ) հիմա ֆինանսական բավականին մեծ միջոցներ է տրամադրում նեոնատոլոգիային:

Հասկանալու համար, թե ինչո՞վ է կարեւոր նեոնատոլոգիան, նախ պետք է հասկանալ` ի՞նչ գիտություն է այն:

Նեոնատոլոգիան բժշկության այն ճյուղն է, որը զբաղվում է նորածնի կյանքի առաջին 28 օրով: Նեոնատոլոգ Արշակ Ջերջերյանն ընդգծում է. «Ապացուցված է, որ մարդու կյանքի առաջին 4 շաբաթները նրա համար բարդ ու որոշիչ են»:

Իսկ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանն ավելացնում է, որ հիվանդ նորածինների կյանքի առաջին օրերին ճիշտ բուժումը կանխորոշում է մարդու հետագա առողջությունը: «Կյանքի առաջին օրերին ճիշտ բուժումով հնարավոր է կանխել եւ հաշմանդամությունը»:

Մանկական մահացության մեջ ներկայումս ամենաշատը նորածնային մահացությունն է, ինչը փաստ է ոչ միայն Հայաստանում, այլեւ զարգացած երկրներում: Հայաստանում, համեմատությամբ եվրոպական երկրների, նորածնային մահացությունը դեռեւս զգալի բարձր է:

Նեոնատոլոգիան հիմա ամենից շատ զարգացած է Շվեդիայում ու Ճապոնիայում, ուստի 2 երկրներում էլ նորածնային մահացությունն ավելի քիչ է: Հայաստանում նույնպես զարգացած նեոնատոլոգիան կօգնի փրկելու ավելի շատ նորածինների կյանքն ու կկանխի հաշմանդամությունը: Հետեւաբար մեր երկիրը եւս մշակել է նեոնատոլոգիայի զարգացման ռազմավարություն:

Մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը

Հրանտ Կալենտերյանն ասում է, որ անցյալ տարի Երեւանի պետական բժշկական համալսարանում պետպատվերով 18 տեղ հատկացվեց նեոնատոլոգիա մասնագիտությանը. «Որեւէ այլ մասնագիտության պետպատվերով այսքան շատ տեղ չհատկացվեց»: Զրուցակիցս բացատրում է, որ 18 տեղն էլ հատկացվել են կլինիկական օրդինատուրայում սովորելու համար, քանի որ նեոնատոլոգ դառնալու համար դեռ 3 տարի էլ հարկավոր է սովորել ու փորձ ձեռք բերել կլինիկական օրդինատուրայում:

Իսկ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտը վերապատրաստում է նեոնատոլոգներին: Արշակ Ջերջերյանը, որը նաեւ ինստիտուտի նորածնային ծառայության գծով փոխտնօրենն է, ասում է, որ համագործակցում են Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հետ: «ՀՕՖ-ի առաջարկով մարզերում աշխատող նեոնատոլոգները վերապատրաստվում են մեր ինստիտուտում»:

«Վիվասելի» աջակցությունը

«Վիվասել-ՄՏՍ» ընկերության ֆինանսավորմամբ նեոնատալ խնամքի սարքավորումներ են տեղադրվել Հայաստանի ծննդօգնության հիմնարկներում: Ծրագիրը տեւում է արդեն 3 տարի, ներառել է եւ մայրաքաղաքը, եւ մարզերը: Նեոնատալ խնամքի սարքավորումներ արդեն տեղադրվել են Շիրակի, Սյունիքի ու Գեղարքունիքի բուժհիմնարկներում:

Եթե 10 տարի առաջ Հայաստանում կար նորածնային վերակենդանացման ընդամենը մի բաժանմունք 18 մահճակալով, ապա այսօր կա 7 բաժանմունք 110 մահճակալով: Իսկ ցույց տալու համար, թե ինչքանո՞վ են օգնել նոր սարքավորումները, գլխավոր նեոնատոլոգը մեջբերում է վիճակագրությունը. «Վիվասել»-ի ծրագիրը սկսվելուց հետո միայն «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածինների վերակենդանացման բաժանմունքում մահացությունն իջել է 32 տոկոսով: Իսկ ընդհանուր առմամբ` մանկական մահացությունը վերջին 2 տարիներին Հայաստանում, ցավոք, ավելանալու միտում ունի:

«Վիվասել-ՄՏՍ»-ի տնօրենն ասել է, որ չի դադարեցնի ծրագիրն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ծննդօգնության բոլոր հիմնարկները չունեն բավարար սարքավորումներ: Ծրագրի շրջանակում բուժաշխատողներին նաեւ սովորեցնում են` ինչպես աշխատել նոր սարքերով:

Ըստ պարոն Կալենտերյանի` Հայաստանում նորածնային մահացության նվազման միտում կա, թեեւ 500-1000 գրամ ծնված նորածինների մահացությունը դեռեւս բարձր է: Զարգացած երկրներում նրանց մահացության թիվը հասնում է մինչեւ 70-80 տոկոսի, իսկ մեզ մոտ` մինչեւ 98 տոկոսի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ հիմա 500 գրամ եւ ավելի ծնված երեխաները համարվում են ծնունդ, այնինչ 4-5 տարի առաջ 1000 գրամից ցածր քաշով նորածնի դեպքում ծնունդ չէր գրանցվում, այլ համարվում էր վիժում: Հայաստանում եւս 500 գրամ եւ ավելի ծնված երեխան հիմա գրանցվում է որպես ծնունդ, իսկ նախկինում գրանցում էին սկսած 1000 գրամից:

Սակայն այս քաշի նորածինների խնամքի համար, ըստ պարոն Կալենտերյանի, հարկավոր են շատ թանկ դեղորայք ու ավելի բարդ սարքավորումներ: Առհասարակ, նեոնատոլոգիան ամբողջ աշխարհում ամենաթանկ գիտություններց մեկն է:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4