ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունեց ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ենթադրվում էր, որ հունվարի 30-ին օրինագիծը կներկայացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, նա կստորագրի, որից հետո կհրապարակվի պաշտոնաթերթում եւ օրենքի ուժ կստանա: Այդ դեպքում արդեն ենթակա չէր լինի Սահմանադրական դատարանում բողոքարկման:
Սակայն, հակառակ ենթադրության, հենց հունվարի 30-ին Սենատի ընդունած օրինագիծը 77 սենատորների ստորագրությամբ, որոնց միացել են նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի 65 պատգամավորներ, բողոքարկվեց Սահմանադրական դատարանում: Օրինագծի ընդունման առնչությամբ Ֆրանսիային եւ ֆրանսիացիներին ամոթանք տվող, իսկ նախագահ Սարկոզիին ամենասանձարձակ արտահայտություններով անձնական վիրավորանք հասցնող Թուրքիայի ղեկավարների մռայլ դեմքը դրա բողոքարկման պարագայում միանգամայն պայծառացավ:
Ինչպես թուրքական լրատվամիջոցներն են նշել, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, նկատի ունենալով օրինագծի բողոքարկման դիմումը, դա բնութագրել է որպես խոսքի ազատության սկզբունքին հետամուտ լինելու դրսեւորում եւ դրական զարգացում:
Դրա առնչությամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է. «Համոզված եմ եւ հույսով, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ողջամտություն կդրսեւորի եւ կհանգի այնպիսի եզրակացության, ինչը չի հակասի Ֆրանսիայի արժեքներին, Եվրոմիության սկզբունքներին եւ խղճի խայթ չի առաջացնի»:
Համենայն դեպս, Ֆրանսիայի Սահմանադրական դատարանն ընդունել է բողոքարկման դիմումը: Հետեւաբար 30 օրվա ընթացքում նա կամ պետք է մերժի դիմումն ու օրենքի ուժ ստանա օրինագիծը, կամ բողոքն ընդունի եւ չեղյալ հայտարարի Սենատի որոշումը, կամ էլ փոփոխություն մտցնի օրինագծի տեքստում, որ ելման կետ վերադարձնի օրինագծի ընդունման գործընթացը:
Բողոքն ընդունելու դեպքում Սահմանադրական դատարանը հակադրվելու է Ֆրանսիայի Ազգային ժողովին, Սենատին եւ կառավարությանը: Քանի որ երկրում գործում է Հոլոքոսթի ժխտումը պատժող օրենք, ուստի նա երկակի ստանդարտ է կիրառելու Հոլոքոսթի ու Հայոց ցեղասպանության նկատմամբ, թերեւս դրանով էլ, որպես խտրականության դրսեւորում, ոտնահարելու է մարդու իրավունքները, հարվածի տակ դնելով ֆրանսիական կառավարության վարկն ու Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը:
Ի՞նչ որոշում կընդունի Սահմանադրական խորհուրդը օրինագծի առնչությամբ, ցույց կտա ժամանակը: Բայց որ օրինագիծը մերժելու դեպքում մերժումն աշխարհում կվերագրվի ոչ թե Սահմանադրական դատարանին, այլՙ անմիջականորեն Ֆրանսիայի Հանրապետությանը, միջազգային հանրությունը մերժումը կընկալի Ֆրանսիայի ընկրկումը Թուրքիայի առջեւ, Ֆրանսիան կհեղինակազրկվի եւ դա հատկապես նկատելի կլինի Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում, ակնհայտ է:
Այլ կերպ, Ֆրանսիան մեծ տերություն է: Հետեւաբար նրան պատշաճ չի լինելու Ազգային ժողովում, ապա Սենատում ընդունված օրինագծից հրաժարվելը, առավել եւս տեղի տալը Թուրքիայի ճնշումներին: Թերեւս դա է ստիպել Նիկոլա Սարկոզիին նախարարների խորհրդի նիստում հայտարարել, որ Սահմանադրական դատարանում եթե օրինագիծը մերժվի, ապա ինքը ձեռնամուխ կլինի նոր օրինագծի մշակման: Միաժամանակ նա հիշեցրել է Հոլոքոսթի ժխտման համար երկրում պատիժ սահմանող օրենքի գործունեության մասին:
Թեեւ ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումով Ֆրանսիան ստանձնում է ժխտողականության դեմ պայքարի առաջամարտիկի դերը աշխարհում, սակայն ընդունման գլխավոր պատճառը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման նկատմամբ նրա, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներիՙ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, Եվրոմիության եւ առհասարակ միջազգային հանրության շահագրգռություններն են, եթե, իհարկե, ընդունենք, որ միջազգային հանրություն ասելով պետք է հասկանալ միջազգային ուժերին:
Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ սեփական պատմության հետ Թուրքիայի առերեսումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական առողջ հարաբերություններ հաստատելու նախապայմանն է: Դա հավանաբար ամբողջությամբ չի վերացնի, բայց գոնե կնպաստի, որ թուլանա հայ ժողովրդի անվստահությունը թուրք ժողովրդի նկատմամբ, որն առաջացել է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը թուրքական ժողովրդական զանգվածների անմիջական մասնակցությամբ, այլՙ ցեղասպանության ժխտողական հարցում իշխանություններին թուրք հասարակության ցուցաբերած անվերապահ համերաշխության պատճառով:
Ակնհայտ է, որ ֆրանսիական օրինագիծը սպառում է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական թեզը հանդիսացող ժխտողականության դիրքերը: Դիրքերի սպառման պայմաններում թուրքական պետությունը ակամա զրկվում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին պաշտոնական թեզ հակադրելու եւ ժխտողականության միջոցով գործընթացի ծավալումը կասեցնելու հնարավորությունից: Դրանով միաժամանակ սահմանափակվում է նաեւ Թուրքիայի սեփական պատմության հետ առերեսումից խուսափելու հնարավորությունը եւ նա ակամա կանգնում է պատմական իրողության հետ հաշտվելու եւ այդ իրողությունը պաշտոնապես ճանաչելու փաստի առջեւ: