«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2012-02-02 | #19, 2012-02-03 | #20, 2012-02-04


ՈՎՔԵՐ ԵՆ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է 2011-ին Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը: Այն գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 29,7 մլրդ դրամ վճարած հարկերով, որից գրեթե 16 մլրդ դրամը ուղղակի հարկերն են` շահութահարկ եւ եկամտահարկ: Ընկերությունն ավելի քան 12 մլրդ դրամով ավելի հարկեր է վճարել 2010-ի համեմատ եւ տարիների դադարից հետո կրկին գլխավորել խոշոր հարկատուների ցանկը:

Երկրորդ տեղում է «Հայռուսգազարդը»` 21,8 մլրդ դրամ վճարած հարկերով: Անցյալ տարի հենց «Հայռուսգազարդն» էր խոշոր հարկատուների ցանկի առաջին տեղում: Այդուհանդերձ, ընկերությունն այս տարի մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկեր է վճարել:

Երրորդը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Ղ-Տելեկոմ» («ՎիվաՍել-ՄՏՍ») ընկերությունն է, որի վճարած հարկերը կազմել են 17,7 մլրդ դրամ: Շահութահարկն ու եկամտահարկը կազմել են մոտ 7 մլրդ դրամ: Ընկերությունը 2010-ի համեմատ 4 մլրդ դրամ ավելի է վճարել եւ բարձրացել 1 հորիզոնականով:

Չորրորդը «Ալեքս Գրիգ» ընկերությունն է` դարձյալ 17,7 մլրդ դրամ վճարած հարկերով: Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ներմուծող խոշորագույն ընկերությունն անցյալ տարվա համեմատ ավելի է վճարել մոտ 2 մլրդ դրամ, բայց ուղղակի հարկերի գծով նրա վճարները շարունակում են չնչին մնալ` մոտ 887 մլն դրամ:

Հինգերորդը «Արմենտել» ընկերությունն է` 12,5 մլրդ դրամ վճարած հարկեր, որը մոտ 2 մլրդ դրամով պակաս են նախորդ տարվա ցուցանիշից: Վեցերորդը վառելիք ներմուծող «Սիթի պետրոլ գրուպն» է` 10,5 մլրդ դրամ վճարած հարկերով, յոթերորդը` վառելիք ներմուծող մյուս խոշոր ընկերությունը` «Ֆլեշը», 10,3 մլրդ դրամ, ութերորդը` «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` 9,6 մլրդ դրամ, իններորդը` «Ֆիլիպ Մորիս Արմենիան»` 6,3 մլրդ դրամ, տասներորդը` «Արմենիա միջազգային օդանավակայանները»` 6,3 մլրդ դրամ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4