2012-ը` չմկրտվածների մկրտության տարի
Հայ եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժինը եւ թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունը մի շարք միջոցառումներ են կազմակերպել` նվիրված Սուրբ Սարգսի տոնին: Դրանք մեկնարկել են դեռ երեկ` Գյումրու Սբ Աստվածածին (Սբ Յոթվերք) եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությունից հետո: Առաջին օրվա ծրագրում ներառված էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս Աջապահյանի կողմից երիտասարդների օրհնության կարգ, նրանց աղի բլիթների, շնորհավորական բացիկների բաժանում ու անակնկալներ, նաեւ` մկրտության խորհրդանշական արարողություն: Վերջինս յուրատեսակ կոչ է բոլոր չմկրտված շիրակցիներին` այս տարի շտկել բացթողումը, որի համար 2012 թվականը Շիրակի թեմի առաջնորդի կողմից հայտարարվում է մկրտության տարի:
Այսօր` բուն տոնի օրը, առավոտյան ժամերգությունից հետո կկազմակերպվի երիտասարդների խաչերթ դեպի Գյումրու Սուրբ Սարգիս մատուռ, որտեղ տեղի կունենան պատարագ եւ տոնակատարություն: Հոգեւոր տոնին նվիրված միջոցառումներ կանցկացվեն մարզի նաեւ առանձին այլ համայնքներում:
Գ. Մ.