«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2012-02-03 | #20, 2012-02-04 | #21, 2012-02-07


ՔԼԻՆԹՈՆ. ԼՂ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ` ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումը, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին Քլինթոնը հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որ տեղի է ունեցել փետրվարի 4-ին Մյունխենում, որտեղ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը փետրվարի 3-4-ը մասնակցել է Մյունխենիՙ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովին:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Նալբանդյանը, անդրադառնալով երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների` այս տարի նշվող քսանամյակին, ասել է. «Այս հոբելյանական տարում կարելի է արձանագրելՙ համատեղ ջանքերով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործընկերությունը գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա»:

Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԱՄՆ-իՙ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը եւ իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրել է հունվարի 23-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Ղարաբաղյան կարգավորման առումով պետքարտուղար Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռքբերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Քլինթոնը մյունխենյան անցուդարձի ընթացքում հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հանդիպման առնչությամբ պաշտոնական հաղորդագրությունը միայն տեղեկացնում է, թե կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հարցի առնչությամբ: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը որեւէ կերպ չի ցանկացել որեւէ մանրամասն հրապարակել այն դեպքում, երբ Նալբանդյանի հետ հանդիպման մասին ավելին է հաղորդվում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4