Օրենքով ճանաչված ցեղասպանությունների գոյության վիճարկումը պատժող օրինագծի առնչությամբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմած ֆրանսիական սենատորների ընտրատարածքների ու բնակության վայրերի աշխարհագրությունը հետաքրքրական տեղեկություններ է պարունակում:
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժան Էսքիյանը Փարիզից, սենատորների ընտրատարածքների եւ բնակության առումով թուրքաշատ շրջանների համընկնումն է հուշում այն դրդապատճառները, որոնցից ելնելով ու հաշվի չառնելով պատմական ճշմարտությունը եւ արդարության կայացումը` ստորագրություն են դրել Սենատում ընդունված` ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը Սահմանադրական խորհուրդ ներկայացնելու դիմումի տակ: Ասել է թե ամեն մեկը պղտոր ջրում իր բաժին ձուկն է փորձում որսալՙ արդարության հերն էլ անիծած:
Էսքիյանը հիշեցնում է, որ իրավունքի բազմաթիվ մասնագետների կարծիքով, Ֆրանսիայի Սենատում հունվարի 23-ին ընդունված հիշյալ օրինագիծը «ամբողջապես իրավական ու սահմանադրական է»: «Հայ համայնքը սպասում է խորհրդի իմաստունների վճռին, որ կարող է կայացվել մարտի սկզբներին», նշում է ֆրանսահայ լրագրողը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ