Անցյալ շաբաթվա վերջին իսրայելական Izrus.co.il կայքէջի տեղեկացմամբՙ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը առաջին անգամ արտահայտվել է այդ երկրում Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցի մասին: Լիբերմանը կարծիք է հայտնել, որ «Օսմանյան կայսրությունում 1915-ին տեղի ունեցած իրադարձությունները չպետք է անվանել ցեղասպանություն»: Այս մասին, բնականաբար, մեծ ոգեւորությամբ տեղեկացնում են նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները, այստեղ հատկապես նկատենք Լիբերմանի հաճախ այցելությունները Բաքու, որոնցից մեկի ընթացքում, երբ նա հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, արտահայտեց այսպիսի մի միտք. «Սա երկու ԱԳ նախարարների հանդիպում չէր, սա երկու բարեկամների հանդիպում էր»: Հատկանշական է, որ Լիբերմանը դեմ է «1915-ի իրադարձությունները ցեղասպանություն որակելուն» ոչ թե այն պատճառով, որ դա ցեղասպանություն չէ, կամ իր համոզմամբ ցեղասպանություն չէ, կամ գոնե` «դրանով կարող են վտանգվել Թուրքիայի հետ հարաբերությունները», այլ որովհետեւ` «Պետք չէ հարվածի տակ դնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը»: Այլ կերպ` Լիբերմանը ցեղասպանության փաստը չի հերքում ամենեւին, ինչպես չեն հերքում ցեղասպանության եղելությունը նրա կուսակիցներ, ԱԳ փոխնախարար Դանի Այալոն եւ Քնեսեթում «Մեր տունն Իսրայելն է» խմբակցության ղեկավար Ռոբերտ Իլատովը: «Մենք կարծում ենք,որ Հայոց ցեղասպանության հարցը չպետք է քննարկվի Իսրայելի խորհրդարանում, քանի որ վստահ ենք, որ դա պատմական հարց է, որով պետք է զբաղվեն պատմաբանները», իր կարծիքը «ադրբեջանցի հրեաներին» պատկանող Vesti.az-ին հայտնել է Ռոբերտ Իլատովը: Նա նաեւ ընդգծել է. «Քնեսեթում կան մեծ թվով պատգամավորներ, որոնք հարցի ընդունման կողմնակիցներն են, սակայն ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի համոզել նրանց, որ Քնեսեթը միջազգային կառույց չէ, որը կարող է քննել Հայոց ցեղասպանության հարցը»:
Ուշագրավ է Իսրայելում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Յուրի Բոչարովի տեսակետը. «Այո, Ավիգդոր Լիբերմանի հայտարարությունը բոլորիս հայտնի է, սակայն ռազմի դաշտում միայնակ չեն պատերազմում: Ստացվում է, որ Իսրայելում ադրբեջանական համայնքը միայնակ է պայքարում այս երկրում այսպես կոչված Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, դրա համար չստանալով ոչ մի օժանդակություն Ադրբեջանից կամ Թուրքիայից: Ընդ որում, այն ժամանակ, երբ մենք այստեղ պայքարում ենք հայերի ցեղասպանության ճանաչման դեմ, Թուրքիայում 25-հազարանոց ցույցեր են տեղի ունենում հակառակ պահանջով: Փաստն այն է, որ ադրբեջանական համայնքը Իսրայելում այսօր մենակ է այս պայքարում, մինչդեռ սա միայն մեր հարցը չէ, սա բոլոր երկրների ադրբեջանական համայնքների հարցն է», ասել է Բոչարովը:
Այդուհանդերձ մնում են որոշ «ճշտող հարցեր», օրինակ. ցեղասպանության համար այսօր ոչ մի երկիր չի մեղադրվում պաշտոնապես, հետեւաբար ո՞վ եւ ինչի՞ց է վախենում: Ցեղասպանությունը ժխտելու համար միայն մեղադրվում է այսօրվա Թուրքիան, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, հետեւաբար` եթե այսօրվա Թուրքիայում, ինչպես ադրբեջանցի հասարակական գործիչն է նկատում, «25-հազարանոց ցույցեր են տեղի ունենում» ցեղասպանության ճանաչման պահանջով, ուրեմն ի՞նչ գործ ունի այստեղ «այլ պետություն» Ադրբեջանը:
Հաջորդը, ցեղասպանություն դատապարտած որեւէ խորհրդարան «միջազգային կառույց» չէ, ու այս որոշմանը նրանք գալիս են զուտ հավատարմություն տալու իրենց իսկ երկրներում ժողովրդավարությանը, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը եւ մարդկության դեմ հանցագործության դրսեւորումները հետագայում կանխելու շարժառիթներով, ինչն անելու համար ամենեւին էլ պարտադիր չէ «միջազգային կառույց լինելը»: Եվ ամենաուշագրավը. Ավիգդոր Լիբերմանը` ի պաշտոնե պետք է, որ լինի փորձված ու հմուտ դիվանագետ, ուրեմն դժվար է հավատալ, որ նա կարող է «խառնել» մի երկրի հետ հարցերը բոլորովին այլ երկրի հետ: Հետեւաբար Ադրբեջան պետություն` որպես այդպիսին, գոյություն չունի, համենայն դեպս` Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի «խոսքերով»:
Իսկ առայժմ հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քննարկումներ Քնեսեթում ընթանում են, դեռեւս կրթության հանձնաժողովում:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ