Որոշ կարգեր, այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից մնացել են, օրինակ` աներեր «բաց դասը», որին երեկ, Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի բացմանը մասնակցում էին այս անգամ ԵՊՃՀ երիտասարդ գիտնականները եւ ուսանողները: Նստաշրջանի օրակարգ հաստատելն էլ նման էր նախորդ նստաշրջանների օրակարգ հաստատելուն, երբ երկու ընդդիմադիր խմբակցություններից մեկը («Ժառանգությունը») միշտ բարձրացնում է ԱԺ մեծ օրակարգում հայ-թուրքական արձանագրությունները պահպանելու նպատակահարմարության հարցը, մյուսը (ՀՅԴ-ն) արդեն որերորդ անգամ նշում է, որ երկար ժամանակ ԱԺ կանոնակարգ է խախտվում եւ չի քննարկվում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացին խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» նախագիծը (հեղ.ՙ Արմեն Ռուստամյան): Այս հիշեցումներին Ս. Նիկոյանը հնչեցրեց մոտավորապես նույն պատասխանները, ինչ նախորդ նախագահն էր հնչեցնում (մի քիչ ավել-պակաս): Անգամ գլուխները հաշվելու մասին նույն հաշվարկը նույն ձեւով արեց Անահիտ Բախշյանը` գրանցվել է 101, բայց պակաս գլուխ է ներկա` իրենն էլ հետը:
Անցած նստաշրջանից մնացած քվեարկություններ կային, դրանք էլ քվեարկվում էին, բայց դրանցից մեկը պարզապես չանցավ` անհրաժեշտ 66 ձայնը չհավաքեց` քաղաքական ենթատեքստեր փնտրողներին ենթադրությունների առատ նյութ մատուցելով: Բայց չանցածը ոչ թե շարքային օրենք էր, այլ կառավարության նախաձեռնածը, եւ ինչպես ՀՀԿ-ականներն էին պնդում` հակակոռուպցիոն բնույթի: Դա կառավարության հեղինակած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենսդրական փաթեթն էր, որը մտածված է նրա համար, որ սահմանափակի մեծ գումարների կանխիկ գործառնությունները, այդպիսով նաեւ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը եւ ստվերային շրջանառությունը: Այս փաթեթով սահնանվում էր, որ 3 մլն դրամից ավելի գործառնությունները կամ 300 հազար դրամը գերազանցող բժշկական վճարումները քաղաքացիները կամ իրավաբանական անձինք պետք է կատարեն բանկերում: Սակայն քվեարկության ժամանակ պարզ դարձավ որ ընդամենը 51 պատգամավոր է կողմ այս նախաձեռնությանը, իսկ օրենքն ընդունելու համար 66 ձայն էր պետք: Ազգային ժողովի նախագահը օրինագիծը նորից քվեարկության դրեց` տեխնիկական խնդիրներ մատնանշելով` թեեւ ընդդիմադիր պատգամավորներից մեկը (Լարիսա Ալավերդյանը) նրան զգուշացնում էր, թե վերաքվեարկությունը ճնշման ձեւ է պատգամավորների վրա: Բայց վերաքվեարկությունը եւս կայացավ, ու այս անգամ էլ երկու կամ երեք «կողմ» ձայն ավելացավ ընդամենը: ԲՀԿ-ն չէր քվեարկում, քանի որ գաղափարին կողմ լինելով` ԲՀԿ-ականները դեմ էին այս տեսքով օրենքի ընդունմանը: ՀՅԴ-ն ձեռնպահ էր քվեարկում, քանի որ փաթեթում նրանց համար անհասկանալի խնդիրներ էին մնացել:
Ու թեեւ ԱԺ ՀՀԿ-ական ղեկավարներ Ս. Նիկոյանը, Է. Շարմազանովը հայտարարում էին, որ օրենքը հակակոռուպցիոն ուղղվածության է, սակայն գնացքն արդեն գնացել էր: «Օրենքի նպատակը հակակոռուպցիոն է` խոշոր կապիտալի հրապարակային շրջանառության ապահովում, հարկերի հավաքագրում, ստվերի դեմ պայքար, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ , ով խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման արդարությունից եւ այդ խնդիրներով վաղը ժողովրդի առջեւ կուրծք է ծեծելու` պետք է ապացուցեր (քվեարկությամբ-Մ.Խ.) իր գործի ու խոսքի նույնությունը», ասում էր Է. Շարմազանովը` այդպիսով համարելով, որ խմբակցությունները կոռուպցիայի դեմ պայքարի հարցում այդ քվեարկությամբ իրենց դիրքորոշումը ներկայացրին:
ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանն իր արձագանքում նշեց, թե իր խմբակցությունը օրենքին դեմ չէ, բայց հասարակության համար դեռ այսպիսի օրենքի ընդունումը շուտ է ու այդ տեսակ ծառայությունների համար պետք չէ, որ բնակչությունը բանկերին գումարներ փոխանցի: Այսինքն` մատնանշվում էին կորպորատիվ շահեր` կոնկրետ դեպքում` բանկերի: ֆինանսաբյուջետային հանձնաժողովում քննարկումներին էլ ԲՀԿ-ի տեսակետը ներկայացվել է:
Մինչդեռ ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանը, Արեգ Ղուկասյանն էլ իրենց խոսքում նշեցին, թե խմբակցությունները փաստորեն դեմ եղան հակակոռուպցիոն օրինագծին, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ առաջարկում էր այսօր մեկ անգամ եւս փաթեթը վերաքվեարկել:
Ասենք, որ ԱԺ նախագահը ընդմիջմանը իր տեսակետը, որ ասել էր ԱԺ ամբիոնից, նաեւ կրկնեց լրագրողների համար` նշելով, թե իր համար անհասկանալի է կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի մոտեցումը, քանի որ կոալիցիոն կառավարություն է կազմվել, միասին աշխատել են այսքան տարի. «Ունեցել ենք խնդիրներ` քննարկել ենք, բայց պետության համար կարեւոր այս նախագծի հարցում նման դիրքորոշումը, այսինքն` բոյկոտելն ինձ համար անհասկանալի է: Կառավարությունը կոլեգիալ մարմին է, որի կազմում են նաեւ մեր գործընկեր ԲՀԿ-ի նախարարները. չեմ լսել, որ նախարարները դեմ են քվեարկել կամ արտահայտվել: Իսկ այստեղ նույն կուսակցության խմբակցությունը բոյկոտեց», բողոքել է Ս. Նիկոյանը` նաեւ հավելելով, թե այդ կարեւոր նախագիծը կրկին բերվելու է խորհրդարան:
Ժամանակի հայկական հաշվարկը
Երեկ առաջին ընթերցմամբ եւ 24 ժամվա մեջ ընդունելու առաջարկով (որպեսզի այս գարնանը կիրառմանը հասցնեն) քննարկվեց Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրինագիծը, որն, ըստ հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանի, բնության եւ ժամանակի արհեստական փոփոխություն չկատարելու հրամայականով է պայմանավորված: Ժամանակին ամառային ժամանակի անցնելու որոշումը հիմնավորվել է էլեկտրաէներգիայի խնայողության եւ մեկ ժամ ավելի բնական լույս ունենալու ցանկության հիմնավորմամբ, որը սակայն տարիներ քննադատվել է հոգեբանների եւ մասնագետների կողմից, նշվել է, որ այդպիսի փոփությունները սթրեսներ են առաջացրելՙ ընդհանրապես ազդել ինքնազգացողության եւ առողջության վրա, քանի որ խախտվել են կենսառիթմերը: Եթե այս օրենքն ընդունվի, մենք այս տարի չփոխենք ժամանակը, հույս կա որ մոտ տարիներին մի փոփոխություն էլ կանենք եւ ի վերջո կհայտնվենք մեր բնական ժամային գոտու մեջ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ