«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2012-02-04 | #21, 2012-02-07 | #22, 2012-02-08


ՎԵՐՋԱՑՐԵՔ «ՆԱՎԹԸ»

Օրեր առաջ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը Salamnews գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի հայտնի որոշմանը, նշել էր. «Ֆրանսիան երկար տարիներ իրեն համարել է ժողովրդավարության առաջամարտիկներից մեկը, սակայն նման որոշումը պատիվ չի բերում նման համարում ունեցող երկրներին»: Չնայած Մութալիբովը վաղուց արդեն չի իրականացնում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, նախկին նախագահի այս արտահայտությունը ուշագրավ է: Հարեւան երկրում` լինի նախկին նախագահ թե գործող, միլլիմեջլիսական կամ կառավարության անդամ, լրագրող թե ուղղակի Ալիեւ ընտանիքին մոտ կանգնած մեկը, ուղղակի համոզված է, որ ժողովրդավարությունը նավթն է, ավելի ճիշտ` նավթով կարելի է հասնել ժողովրդավարության: Օրինակՙ ֆեյսբուքում մի հայտնի ադրբեջանցի ակտիվիստ գրել էր. «Ղարաբաղի հարցը արդարացի կլուծվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանում կվերջանա նավթը»:

Ադրբեջանում նավթը դեռ ոչ միայն չի «վերջացել», այլեւ ուղիներ է փնտրում դեպի Եվրոպա դուրս գալու: Ու որպեսզի այդ ճանապարհը չլինի «ռուսական», եվրոպացի որոշ գործիչներ պատրաստ են անգամ Ադրբեջանը համարել ժողովրդավարական երկիր: Շատերը, թերեւս անհարմար զգալով իրենց ասածից, առավել համեստ են ձեւակերպումներում. «Ադրբեջանը լուրջ քայլեր է կատարում ժողովրդավարության ճանապարհին» ասելով: Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանի «ժողովրդավարության» եւ «նավթի» ճանապարհները նույնն են:

Օրինակ, Reuters գործակալությունը երեկ տեղեկացրեց, որ Եվրոմիության էներգետիկայի հարցերով կոմիսար Հյունտեր Օտտինհերը դեպի Եվրոպա ադրբեջանական գազի առնչությամբ հայտարարել է. «Ադրբեջանից գազամատակարարում լինելու է: Ինձ կոնկրետ կբավարարի ամեն մի ճանապարհ` այդ գազը Եվրոպա հասցնելու համար»: Այս կապակցությամբ ադրբեջանական 1news.az-ը հիշեցնում է, որ երկրի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը ավելի վաղ հայտարարել էր. «Մենք դեռեւս չենք կատարել ընտրությունը, թե որ ճանապարհով պետք է գազը տեղափոխենք Եվրոպա»: Մենք էլ հիշեցնենք, որ Ադրբեջանին «նման բարդ» ընտրության առջեւ կանգնեցրել է առավելաբար Ռուսաստանը` իր «Հարավային հոսք» գազային նախագծով: Եթե նաեւ ադրբեջանական գազը այս ճանապարհով չի տեղափոխվի Եվրոպա, այլ «կնախընտրի», օրինակ, ՆԱԲՈւԿԿՈ-ն, ապա Մոսկվայի հետ լրջագույն խնդիրներ կարող է ունենալ, հետեւաբար` կարելի է հասկանալ Աբդուլաեւին:

Ուշագրավ զուգադիպությամբ, երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը իր` Twitter-ի էջում զետեղեց ինֆորմացիա, որ ինքը հրավիրված է մասնակցելու փետրվարի 8-9 Բրյուսելում կայանալիք Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության գագաթաժողովին: «Զեկույցով հանդես կգամ, ինչպես նաեւ կանցկացնեմ երկկողմ մի շարք հանդիպումներ», գրել է Մամեդյարովը: Իհարկե որեւէ առարկություն չունենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հրավիրվել է մասնակցելու ԵԺԿ-ի գագաթաժողովին, մանավանդ որ հայաստանյան երեք կուսակցությունն` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը», հենց այդ գագաթաժողովի ընթացքում թերեւս դե յուրե անդամակցեն ԵԺԿ-ին, իսկ այս պատվին ադրբեջանական որեւէ կուսակցություն չի արժանացել: Այստեղ նշանակալից է հետեւյալը. ինչո՞ւ, իսկ ավելի ճիշտ մինչեւ ե՞րբ մեր հարեւան երկրում ժողովրդավարությունը կխառնեն բնական պաշարների հետ: Սա, ի դեպ, բավական կարեւոր հարց է նաեւ մեզ համար, քանի որ` «ԼՂ հակամարտությունը արդարացի կլուծվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանում վերջանա նավթը», հավելենք` ոչ թե նավթը, որպես բնական հարստություն, այլ նավթը` որպես գաղափարախոսություն:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4