«Շիրակ» ֆուտբոլային ակումբը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը եւ «ԻՄտուր» զբոսաշրջային ընկերությունը Գյումրիում համատեղ կանցկացնեն «Խորագիտակ» մրցույթ-փառատոն` «Մեր հայրենիք» խորագրով, որի նպատակը հայրենի երկիրը դպրոցականներին առավել ճանաչել տալն է: Մրցույթը նրանց պետք է մղի եւս մեկ անգամ անդրադարձ կատարելու հայրենի պատմությանը, աշխարհագրությանը, բնությանը, պատմամշակութային եւ այլ արժեքներին:
Մրցույթն անցկացվելու է երեք փուլով, հիմնականում թեստային եղանակով, փետրվար-մարտ ամիսների ընթացքում: Մասնակցելու են 7-ից 12-րդ դասարանների աշակերտները: Առաջին եւ երկրորդ փուլերը կպարունակեն հարյուրական հարցեր, որոնք կվերաբերեն Հայաստանի պատմությանը, աշխարհագրությանը, կենսաբազմազանությանը, շրջակա միջավայրին, մշակույթին, սպորտին եւ այլն: Հաղթողները` մոտ երկու հարյուր աշակերտներ, կուղեւորվեն գնացքով շրջագայության Հյուսիսային Հայաստանով. երթուղին կներառի Գյումրի-Այրում երկաթգծին հարող պատմաճարտարապետական հուշարձանները, ուղեւորության ընթացքում կկազմակերպվեն նաեւ այլ միջոցառումներ: Շրջագայության ժամանակ էլ, մարտի 25-ին, կանցկացվի մրցույթի երրորդ փուլը: Փառատոնի լավագույն մասնակից ճանաչված աշակերտը յոթնօրյա շրջագայության կմեկնի Հունաստան:
Գ. Մ.