«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2012-02-07 | #22, 2012-02-08 | #23, 2012-02-09


ՆԱԽԱՐԱՐ ՕՀԱՆՅԱՆ. ԲԱՆԱԿԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ԿՌՎԻ ՄԵՋ Է: ՆՐԱ ՎՐԱ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ, ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2011-ը ձեռքբերումների ու դժբախտ պատահարների նվազեցման, մարտական կարողությունների մակարդակի բարձրացման տարի էր: Տարվա կարգախոսը` որակական առաջընթացի ապահովում: Հենց այս կարգախոսով են պաշտպանության նախարարությունում շարունակելու աշխատել նաեւ այս տարի:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ` 2011-ը զինված ուժերի պատմության մեջ մտավ որպես լավ ցուցանիշներով տարի: Թեպետ նախորդ տարի գրանցվել էին քիչ թվով մահեր, «սակայն ոչ մի վիճակագրություն չի կարող մեզ հանգստացնել: Յուրաքանչյուր մարդկային կորուստ մեր եւ զինծառայողների հարազատների համար ցավ է, եւ մարդկային կորուստներով պատահարները պետք է հասցնենք նվազագույնի», հավելում է նախարարը:

Ձեռքբերումներին զուգահեռ, տարեսկիզբն աչքի ընկավ դժբախտ պատահարներով եւ մարդկային կորուստներով: Օհանյանը խոստովանում է` մտահոգված է: Տարեսկզբի արդյունքները գոհացուցիչ չեն, գնահատականը հետեւյալն է` տարեսկզբին գրանցված մահվան ելքով պատահարները անհետեւողականության եւ ձեռքբերումներից թուլացման հետեւանք են: Հենց այդ պատճառով տարվա առաջին կիսամյակը նախարարը հայտարարել է հաջողությունների պահպանման եւ պատահարների շարունակական նվազեցման ժամանակահատված: Սա կտրուկ որոշում է` ուղղված կարգապահական միջոցառումների իրականացմանը:

Բանակում միջադեպերի կրկնման պատճառներն, ըստ Օհանյանի, մի քանիսն են: «Նախ, թե որքանով են զինծառայողները կարողանում յուրացնել զինվորական մասնագիտության կարեւոր ուղղությունները, ինչպես գործել, որպեսզի պատահարներ չլինեն զենքի օգտագործման կանոնների խախտման պատճառով: Որքանով են նրանք յուրացնում մարտական հերթապահության անվտանգության պայմանները: Որքանով է կատարվում միջանձնային հարաբերությունների այսօրվա գործող կանոնադրությունը: Սրանք այն հիմնական պատճառներն են, որոնք բանակում բերում են պատահարների»: Նախարարը շեշտում է, որ միջանձնային հարաբերությունները միշտ եղել են եւ կլինեն, մանավանդ մի կառույցում, որտեղ գերակշռող մասը տղաներ են, որոնք ինքնահաստատման խնդիր ունեն: Նախարարը հավաստիացնում է. քայլեր են ձեռնարկվում բանակում գրանցված պատահարների հանգամանքների բացահայտման ուղղությամբ: Նա հասկանում է խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների բողոքները: «Նրանք երեխա են կորցրել», ասում է Օհանյանը` հավելելով, որ յուրաքանչյուր դեպքից հետո ընթանում է համապատասխան քննություն: «Սակայն ինչ էլ անենք, ծնողն առավելագույն պատիժ է պահանջում, որովհետեւ նա երեխա է կորցրել»: Նախարարը հավաստիացնում է` բանակում անպատժելիության մթնոլորտ չկա: Իր պաշտոնավարման 3.5 տարվա ընթացքում աշխատանքում թերանալու համար ԶՈՒ կազմից 10 պաշտոնյա է ազատվել, 10 բարձրաստիճան պաշտոնյա պատժվել է նախարարի կողմից: Զորամասերից 30 հրամանատար է ազատվել:

Կարգապահական միջոցառումները, ուսուցման խնդիրը, ռազմարդյունաբերությունն այն գերակա ուղղություններն են, որոնք իր առջեւ դրել է գերատեսչությունը: Սակայն զինված ուժերի գլխավոր առաքելությունը ՀՀ եւ ԼՂՀ սահմանների անվտանգության եւ պաշտպանության հարցն է: Նախարարը հավաստիացնում էՙ եթե Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ հակառակորդը ոտնձգություն իրականացնի, ապա հայկական բանակն այսօր ի վիճակի է իր ողջ կարողությունները համախմբել եւ ուղղել մեր երկրի պաշտպանությանը: Զիջում ենք քանակական առումով, սակայն ունենք բարձր մարտական ոգի, գաղափարական անհրաժեշտ պատրաստվածություն ու բանիմաց հրամանատարական կազմ: Թշնամու արձակած 10 կրակոցին հայկական կողմը պատասխանում է 1- ով: Նախարարի հրամանն է: Պատասխանում են այն կրակոցներին, որոնք արձակվում են դիպուկահարների կողմից` դրանք կանխելու նպատակով: «Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում», ասում է նախարարը` ընդգծելով, որ առաջին գծում անվտանգությունն ապահովելու համար ամեն ինչ արվում է: Մեր դիտակետի հնարավորությունները գիշերային եւ ցերեկային պայմաներում բարձր են` պատրաստ թշնամու գործողություններին հակահարված հասցնելու: «Հայկական կողմն ունի մարտունակ ոգի: Հենց դա է պատճառը, որ շփման գծում պահպանվում է հարաբերական խաղաղություն: Խաղաղությունը հարաբերական է, որովհետեւ այսօր առաջին գծում խաղաղ պայմաններ չեն: Մեր բանակի զգալի մասը, կարելի է ասել, կռվի մեջ է: Նրա վրա կրակում են, նա պատասխանում է»:

«Վերլուծության մեջ գրված ոչինչ չի համապատասխանում իրականությանը»: Բրիտանական Oxford analityca վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի վերաբերյալ նախարարի մեկնաբանությունը կարճ էր:

«Պաշտպանության նախարարի եւ նրա ենթակայության տակ գտնվող գլխավոր շտաբի միջեւ երբեք հակասություններ չեն եղել եւ ապագայում էլ դրանք չեն կարող լինել: Ունենալով քաղաքացիական պաշտոն` ես տիրապետում եմ քաղաքականությանն ու մարտավարությանը եւ կարողանում եմ վերահսկել գլխավոր շտաբի աշխատանքը: Ավելինՙ նախարարության եւ գլխավոր շտաբի գործառույթները հավասարակշռության են բերված, այնպես որ բոլոր մտավախությունները եւ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»:

«Զորակոչի խնդիրն ինձ համար, կարելի է ասել, անձնական հարց է: Զորակոչի արդար կազմակերպումն ինձ համար կարեւորագույն խնդիրներից մեկն է», պատասխանեց Օհանյանը «Ազգ»-ի հարցին: Նա շեշտում է, որ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ձերբազատվել խորհրդային տարիների մեխանիզմից եւ մտածելակերպից: Օհանյանն առաջարկում է կցագրել նորակոչային տարիքը:

«Եթե նորակոչային տարիքի տղաները առողջական լուրջ խնդիրներ ունեն, պետք է ծնողները շուտ դիմեն բժշկի կամ դիմեն նախարարությանը, մենք կաջակցենք բուժման հարցում: Ամեն ինչ պետք է արվի, որ զորակոչի ընթացքում հանրապետական եւ մարզային շրջանների հավաքակայաններում բժշկական հանձնաժողովների աշխատանքը արդարության հիմքի վրա լինի: Սակայն այս հարցում մեզ պետք է օգնեն նաեւ ծնողները: Նրանք պետք է մեզ դիմեն, երբ առաջանում են խնդիրներ: Օգնեն մեզ, որպեսզի կանխենք: Սակայն շատ հաճախ ծնողները, ովքեր օրենք են խախտում, հետո բողոքում են»:

Ինչ վերաբերում է ընտրություններին զինծառայողների մասնակցությանը, նախարարը խոստացավ ամեն ինչ անել, որ զինված ուժերում պահպանվի չեզոքությունը, միաժամանակ նշելով, որ զինծառայողը ՀՀ քաղաքացի է եւ իրավունք ունի մասնակցելու քաղաքական ընտրություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4