Վլադիմիր Պուտինը, սկսելով իր նախագահական նախընտրական քարոզարշավը, երկրի առաջատար թերթերում հանդես է գալիս հոդվածներով, որոնցում տալիս է Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության, նրա էկոնոմիկայի զարգացման, ազգային հարցի կարգավորման, պետության սոցիալական կառուցվածքի իր պատկերացումները: Եվ այս ֆոնի վրա առանձնանում են նրա խորհրդածությունները առհասարակ համաշխարհային զարգացման մոդելների, համակարգչային ճգնաժամերի շուրջը եւ այլն:
Բնորոշելով աշխարհի քաղաքատնտեսական իրավիճակըՙ Պուտինը դրսեւորում է նկատելի հակաարեւմտյան դիրքորոշում: Խոսքն, իհարկե, չի վերաբերում խորհրդային կոմունիստների գթամտության աստիճան գաղափարայնացված «հակաիմպերիալիստական» կեցվածքին: Նա պարզապես արձանագրում է ներկայիս արեւմտյան գլոբալ տնտեսական մեխանիզմի քայքայման փաստը. իր մահկանացուն է կնքում անցյալ դարի 30-ական թվականների ռուզվելտյան «նոր կուրսը», որը վերածվել էր գլոբալ համակարգի: 2008 թվականի ճգնաժամը անխուսափելի դարձավ, քանզի զանգվածային տարածում էին գտել տարբեր տեսակների արտադրական ու սպառողական վարկերը, ձեւավորվել էր վիրտուալ տնտեսություն, որն ավելի ու ավելի էր հեռանում իրական արտադրանքից, ըստ էության լեգալացվել էին աշխարհի խոշորագույն բանկային կառույցների կողմից իրականացվող ֆինանսական գերսպեկուլյացիաները: Ըստ Պուտինի, փակուղի է մտել այն մոդելը (արեւմտյան), որը կառուցված է փոխառնումների անզուսպ կուտակման, կյանքը պարտքի վերածելու եւ ապագան մսխելու, իրական արժեքներից ու ակտիվներից վերանալու վրա: Այսինքն, երբ աշխարհում իրական արտադրական արդյունքը գնահատվել է 60 տրիլիոն դոլար, ապա դրա վիրտուալ արժեքը կազմել է 1200 տրիլիոն դոլար:
Ավելին, կուտակված բարեկեցությունը, Պուտինի կարծիքով, խիստ անհամաչափ է բաշխված առանձին երկրների ու աշխարհաշրջանների միջեւ, ինչը եւս թուլացնում է գլոբալ կայունությունը, հարուցում հակամարտություններ, նվազեցնում սկզբունքային հարցերում լեզու գտնելու համաշխարհային հասարակայնության ընդունակությունը: Պուտինը իրական չի համարում այդ անհամաչափությունների վերացումը առկա տնտեսական համակարգի շրջանակներում: Նա չի հավատում, որ ձեռնարկվող տակտիկական գործողություններն ու որոշումները կարող են տալ սոցիալ-տնտեսական շոշափելի արդյունքներ:
Եթե Պուտինը անմիջականորեն չի նշում, այդուհանդերձ, պետք է հասկանալ, որ «համակարգային լուրջ ճգնաժամ» ասելով նա նկատի ունի հենց արեւմտյան գլոբալ քաղաքականության ճգնաժամը, որն արդեն ի վիճակի չլինելով վերահսկելու հակասությունների հոսքը, ինքն է հրահրում ճգնաժամեր ու կոնֆլիկտներ: Անցումը մշակութային, տնտեսական, տեխնոլոգիական, աշխարհաքաղաքական նոր մոդելին տասնամյակներ կպահանջի համաշխարհային տնտեսական գործընթացների եւ աշխարհի ռազմաքաղաքական իրադրության սրման պատճառով:
Արձանագրելով, որ աշխարհը թեւակոխում է մրրկայնության գոտի եւ հավաստելով աշխարհաքաղաքական խոշորագույն խնդիրների լուծման տեւական ու հիվանդագին բնույթը, Պուտինը փաստորեն հարում է շատ փորձագետների մեջ ավելի ու ավելի տարածվող այն տեսությանը, որ համակարգային վիթխարի վերափոխումները կուղեկցվեն համապարփակ պատերազմներով, կոնֆլիկտներով, աղետներով:
Հատկապես մեր օրերի իրադարձությունների հենքի վրա Պուտինն անընդունելի է համարում աշխարհի «խոշորագույն տնտեսական կենտրոնների» (պարզ էՙ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի) ապակայունացնող դերը մոլորակի ժողովուրդների անվտանգության ապահովման գործում, երբ «դեմոկրատիան» արտահանվում է բիրտ ուժի, ռազմական միջամտության միջոցով:
Եթե ոչ դեպի Արեւմուտք, ապաՙ ո՞ւր: Այս հիրավի աշխարհահույզ հարցի պատասխանի մեջ Պուտինը թերեւս ինքնատիպ չէ: Իրենց պատմության ընթացքում ռուսները միշտ ընդգծել են ինքնուրույն ճանապարհով ընթանալու իրենց առանձնակիությունը: Թե ինչի են հասել նրանք դրա շնորհիվ, այլ հարց է: Համենայն դեպս պետության ղեկը նորեն ստանձնելու հավակնորդը վստահ է, որ Ռուսաստանը կարող է եւ պետք է ըստ արժանվույնս խաղալու այն դերը, որը նրան թելադրված է իր քաղաքակրթական մոդելով, մեծ պատմությամբ, աշխարհագրությամբ եւ մշակութային գենով, որի մեջ ներդաշնակորեն զարգացած են եվրոպական քաղաքակրթության հիմնարար սկզբունքները եւ փոխգործողության բազմադարյան փորձը Արեւելքի հետ, ուր այժմ ակտիվորեն զարգանում են տնտեսական ուժի եւ քաղաքական ազդեցության նոր կենտրոններ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա