«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2012-02-07 | #22, 2012-02-08 | #23, 2012-02-09


300 ՏԱՏԻԿՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՂԹԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՏԱՏԻԿԸ

51-ամյա Լուիզա Աղաջանյանն օրերս է վերադարձել Բուլղարիայից, որտեղ Սոֆիա քաղաքում կազմակերպված «Միսս տատիկ տիեզերք-2012» գեղեցկության միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը:

Թեեւ տեսքով տիկին Լուիզան տատիկի տպավորություն չի թողնում, եւ 51 տարեկան շատ կանայք նույնիսկ կվիրավորվեն, եթե իրենց տատիկ համարես, սակայն Լուիզա Աղաջանյանն իրեն զգում է ե՛ւ հայուհի տատիկ, ե՛ւ արդեն «Միսս տատիկ» մրցույթի հաղթող:

Մրցույթին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների 300 տատիկներ: Հայաստանցի տատիկը մրցույթի 3 փուլերի ընթացքում ներկայացել է ազգային տարազով, պատրաստել տոլմա եւ սպաս, նույնիսկ պարել է լատինամերիկյան պարեր: Նրան հաջողվել է ցույց տալ հայ կնոջ ու ժամանակակից տատիկի կերպարը: «Համոզված էի, որ հաղթանակն իմ կողմը կլինի», ավելացրեց «Միսս տատիկը»:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Լուիզան պատմեց, որ մասնակցության որոշումը հեշտ չի կայացրել: «Նույնիսկ մեկնելիս օդանավակայանում դեռ մտածում էի` արժե՞ մասնակցել, թե՞ ոչ»:

«Միսս տատիկը» ասում է` իր լավ պահպանված տեսքը ոչ թե դիետաների կամ պլաստիկ վիրահատությունների, այլ իր բարի բնավորության արտացոլանքն է:

Տիկին Լուիզան Ալավերդի քաղաքից է, ունի 3 երեխա եւ 2 թոռնիկ, իսկ մասնագիտությամբ մանկավարժ-պարուսույց է: Նա մյուս տատիկներին եւս խորհուրդ տվեց չսահմանափակվել միայն կենցաղային գործերով ու չընկճվել կյանքի դժվարություններից:

Լուիզա Աղաջանյանը, բացի մրցույթի առաջին տեղի տիտղոսից, ստացել է նաեւ գլխավոր մրցանակը` 7-օրյա ուղեգիր դեպի «Զոլոտիե պեսկի»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4