Ինչպես տեղեկացրել էինք փետրվարի 2-ի համարում, Պակիստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ճանաչել էր Խոջալուի դեպքերը որպես «ադրբեջանցիների ցեղասպանություն»: Պարզվում է, որ հարեւան երկրի լրատվամիջոցների համար միայն որեւէ խորհրդարանում հանձնաժողովի նման որոշումը կարող է նշանակել, որ տվյալ երկիրը ճանաչել է «փաստը»: Այսպես, երեկ ադրբեջանական 1news.az-ը տեղեկացրեց, թե «Պակիստանն ու Մեքսիկան» ճանաչել են «Խոջալուի ցեղասպանությունը»: Եթե Մեքսիկան էլ Պակիստանի պես է ճանաչել, ապա փաստորեն որեւէ երկիր Խաջալուի դեպքերը, որքան էլ դա ցանկանան Ադրբեջանում, որպես ցեղասպանություն չի ճանաչել: Բայց սա չէ էականը, այլ այն, որ երեկ Մոսկվայում ասուլիս է տվել ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին: Դեսպանին ադրբեջանցի մի լրագրող հարցրել է` «Չի՞ պատրաստվում արդյոք Իրանը հետեւել Պակիստանի ու Մեքսիկայի օրինակին ու ճանաչել Խոջալուի ցեղասպանությունը»: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, դեսպանը պատասխանել է. «Ես չունեմ ինֆորմացիա Խոջալուի ցեղասպանության մասին, հետեւաբար ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»: Իհարկե, Մեքսիկայում ու Պակիստանում էլ չունեն ինֆորմացիա «Խոջալուի ցեղասպանության մասին», ու հենց այդ պատճառով ամենեւին էլ պետական, օրենսդրական մակարդակով չեն ճանաչել այդ «ցեղասպանությունը», սակայն Իրանի դեսպանը, այն էլ Մոսկվայի պես ռազմավարական նշանակություն ունեցող աշխատավայրում, եթե չունի այդ ինֆորմացիան, ուրեմն «միգուցե» չկա այդ ինֆորմացիան: Ինչ վերաբերում է Մեքսիկային ու Պակիստանին, ապա վերջիններս, ինչպես եւ Ադրբեջանը, Չմիավորվածների շաժման ներկայացուցիչներ են` իրենց առանձնահատկություններով:
Հ. ԱՖՅԱՆ