Մարզպետը ծանոթանում է համայնքների խնդիրներին
«160 ընտանիքների դռներ այսօր գյուղում փակ են, այսինքն մի փոքր գյուղ մենք ունենք փակ դռներով»,- փետրվարի 8-ին, Շիրակի մարզպետի այս համայնք կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է Ոսկեհասկի երկարամյա գյուղապետ Ջեմս Մուրադյանը : - «Երիտասարդներ են գնացել, որոնք արդեն ամուսնացել են, ընտանիք կազմել, բազմացել են: Մոտավորապես մի 800-900 բնակիչ, այդքան մարդ մինչեւ այսօր հեռացել է գյուղից»:
Ոսկեհասկը Գյումրի քաղաքից ոչ հեռու գտնվող բնակավայր է, Ախուրյանի ենթաշրջանի համեմատաբար մեծ ու շեն համարվող գյուղերից մեկը` մոտ 2400 բնակչով: Եթե քաղաքամերձ նման գյուղից այդքան մարդ, որ նույնն էՙ թե բնակչության առնվազն մեկ երրորդը հեռացել է, ապա դժվար չէ պատկերացնել` այս առումով խնդիրն ինչ սրությամբ կարող է դրված լինել, օրինակ, Ամասիայի եւ Աշոցքի առավել դժվարին բնակլիմայական պայմաններում գտնվող ծայրամասային ու սահմանամերձ բնակավայրերում:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ու մարզպետարանի վարչությունների պետերի այս տարեսկզբից ակտիվորեն իրականացվող աշխատանքային այցերը մարզի համայնքներ, ինչպես հայտարարվել է, նպատակ ունեն տեղերում հանդիպել համայնքների բնակչությանը, ծանոթանալ համայնքներում առկա հիմնախնդիրներին ու հնարավոր լուծումներ տալ առաջնահերթ լուծում պահանջող հարցերին: Ոսկեհասկում դրանք համայնքային նախաձեռնությամբ կառուցվող 70 տեղանոց մանկապարտեզի շինարարության ավարտին աջակցությունն է, որը մարզպետը խոստացել է կատարել պետական միջոցներով, ճանապարհի եւ այլ խնդիրներ:
Ի դեպ, Շիրակի մարզի ինը գյուղերում այս ամսին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ: Ոսկեհասկում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետ Գիզիրյանն այս կապակցությամբ հայտարարել է. «Էդ բոլոր գյուղապետների թեկնածուներն էլ մերոնք են, կապ չունիՙ ով որ կուսակցության անդամ է, ժողովուրդը ում կուզենա` թող նրան էլ ընտրի: Հանկարծ եթե ես իմացա, որ մարզպետարանի աշխատողներից եւ տարբեր ծառայություններից ինչ-որ մեկը միջամտել է, նա շատ խիստ կպատժվի»: Հետաքրքրական կլիներ տեսնել նման մի դեպք...
Գ. Մ.