«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2012-02-08 | #23, 2012-02-09 | #24, 2012-02-10


«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸՙ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները` ձեռքն ու գլուխն, այժմ պահվում են Մեծ Բրիտանիայի թանգարաններից մեկում: Դրանք Հայաստան տեղափոխելու առաջարկ արել է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը կարծում է` տեղափոխելու փոխարեն այդ մասունքներին պետք է հայկական «անձնագիր» տալ եւ Մեծ Բրիտանիայի թանգարանում ցուցադրել ոչ թե որպես ընդհանուր հելլենիստական բաժնի մի գործ, այլ որպես հայկական հելլենիստական արվեստի գործ:

Տիկին Հակոբյանն ասում է` տեղափոխելու առաջարկը մշակութային քաղաքականություն չունենալու հետեւանքն է: «Մեր երկրի անկախությունից 20 տարի է անցել, բայց իշխանություններն այդ ընթացքում չգիտակցեցին մշակութային քաղաքականության դերը»: Իսկ մշակութային քաղաքականությունը նաեւ անհրաժեշտ է հայ մշակույթն աշխարհի թանգարաններում ներկայացնելու համար, ինչն այսօր չի արվում:

Այժմ մշակույթի ոլորտի առջեւ կանգնած խնդիրներից է նաեւ Թեղուտի բնակավայրի տարածքում հայտնաբերված հուշարձանների պահպանումը: Դրանց գոյությունը վտանգված է, մինչդեռ դրանց մեջ կան պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձաններ: Արդեն խոսվել է, որ այդ հուշարձանները տեղափոխվելու են այլ վայր: Կարինե Հակոբյանը կարծում է` մշակույթի նախարարությունը ոչ թե պետք է դիմի կառավարությանը տեղափոխման որոշումը ստանալու համար, այլ հակառակը` պահպանի հուշարձաններն իրենց տեղում: «Իսկ տեղափոխումը ես համարում եմ հանցագործություն, քանի որ մշակութային կոթողները գոյություն ունեն իրենց միջավայրում: Մշակույթի նախարարության պարտականությունը բողոքելն ու այդ արժեքները պահմանելն է, ոչ թե էկոնոմիկայի նախարարությանն աջակցելը: Այդ հնազանդությունն ինձ համար անհասկանալի է»:

Շարունակելով խոսել մշակույթի նախարարության գործառնություններից` երեկ «Արցախ» ակումբում տիկին Հակոբյանը վերջնական ամփոփեց իր վերաբերմունքը. «Մշակույթի նախարարությունը շեղվել է իր առաքելությունից»: Եվ որպես ապացույց ասվածինՙ նա հիշեցրեց նախարարության 2012 թվականի պլանը, որտեղ ընդգրկված են միայն միջոցառումներ. «Նախարարությունը փոխանակ մշակութային մեր հարստությունը պահպանելով զբաղվի, զբաղված է պրոդյուսերական ընկերություններին, ՀԿ-ներին ու թանգարաններին վերապահված գործունեությամբ»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4