«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2012-02-09 | #24, 2012-02-10 | #25, 2012-02-11


ԵՐԵՔ «ԱՆԿԱՊ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի օդանավակայանում վերջերս անցկացրել էին այսպիսի մի ուսումնասիրություն: Մի նորվեգուհի` ակնոցով ու շիկահեր, հենց օդանավակայանից գնում է շշով հյութ, աթոռին նստած խմում ու դատարկ շիշը, փոխանակ աղբարկղը նետելու, ուղղակի դնում է աղբարկղի կողքին եւ հեռանում: Անցորդները չեն նկատում աղբանոցի կողքին դրված դատարկ շիշը, սակայն ընդամենը 2 րոպե հետո մի երիտասարդ տղա, որը, հագուստից դատելովՙ ամենեւին էլ օդանավակայանի աշխատակից չէ, մոտենում է, վերցնում շիշն ու նետում աղբարկղը... Այս ամենը նկարահանող խումբը ծափահարություններով է արձագանքում երիտասարդի արարքին, որն իր հերթին նման արձագանքից զարմանում է... Այս հոլովակը վերնագրված է` «Օրվա հերոսը», ու հավանաբար նորվեգացիները, եւ ոչ միայն, որոնք դիտել են այս հոլովակը, հասկացել են, որ օրվա հերոսը ոչ թե շիկահեր նորվեգուհին էր, այլ երիտասարդը, որը թեեւ բավական թանկարժեք վերարկու էր հագել, կռացավ, վերցրեց շիշն ու նետեց աղբարկղը:

Մոտավորապես նման մի դեպք վերջերս գրանցվեց մեր շենքում, այստեղ ոչ նորվեգացի, ոչ էլ հայ ուսումնասիրողներ կային, սակայն դրանից դեպքի կարեւորությունը չի կորում: Մեր 9-րդ հարկի հարեւանը, որը տան վերեւը` տանիքի հաշվին, «երկրորդ հարկ է գցել», վերադարձել էր Սամարայից: Այս առիթով 54-ամյա տղամարդը որոշել էր խորոված անել շենքի բակում: Օրը կիրակի էր, ու շենքի առանց այդ էլ աշխատանք չունեցող տղամարդիկ տանն էին, բացի առաջին հարկի 32-ամյա Հայկից, որը անգամ կիրակի օրերն էր աշխատում: Այսպես, տղամարդիկ, հենց Հայկենց տան պատուհանի տակ խորոված էին անում, իսկ երբ տղամարդիկ խորոված են անում, կնշանակի` աղմուկ-աղաղակ, երբեմն անգամ հայհոյախառն «ելույթներ», իսկ տվյալ պարագայում այս ամենը համեմված էր նաեւ «օրվա հերոսի»` Սամարայից պատմություններով, թե ինչպես նա մի ռուս կնոջ հետ... եւ այլն: Այն պահին, երբ մեր 9-րդ հարկի հարեւանը ներքեւից կնոջը բղավում էր, որ ջուր ուղարկի, բացվեց Հայկենց պատուհանը. Հայկի կինն էր: «Կներեք, շատ եմ խնդրում ձեզ, կլինի՞ այլ տեղ հավաքվեք, երեխաս ամբողջ գիշեր չի քնել, հիվանդ է, հիմա գոնե փոքր-ինչ քնի»: Տղամարդիկ մի պահ լրջացան, իսկ «օրվա հերոսը» պատասխանեց. «Աղջիկ ջան, սա Ռուսաստանը չէ, սա իմ հայրենիքն է: Էտ ընդեղ էր, չեմ կարա՞ իմ հայաթում մի հատ հավեսով խորոված անեմ, այ քեզ բան..»: Իսկ նրա կինը արձագանքեց. «...դու մի անհանգստացի, քեզ էլ կտանք խորովածից, ըսենց էլ անշնորհք մարդիկ կլինե՞ն, իրավունք չունե՞նք խորոված անելու»: Հայկի կինը ոչինչ չասաց, ամուր փակեց լուսամուտն ու այլեւս չբացեց: Նույն օրվա գիշերը, երբ մեր ամբողջ շենքում, բոլոր արթուն մնացողներս, ոմանք հաճույքով, ոմանք ստիպված, լսում էինք 9-րդ հարկից հնչող բարձր երաժշտությունը, շտապ օգնության մեքենան մոտեցավ մեր շենքին. բժիշկների հետ էր նաեւ Հայկը: Որոշ ժամանակ անց մեքենան հեռացավՙ տանելով Հայկին, նրա կնոջը ու 5 ամսական երեխային, որը, ինչպես հետո պարզվեց` «ընդամենը քնի պակաս ուներ ու մի քիչ մրսած էր»: Երբ մեքենան արդեն հեռացել էր, բացվեց 9-րդ հարկի պատուհանը եւ ինչ-որ ապակե բան նետվեց ցած, շիշ էր... հավանաբար «այն նույն շիշը, որի շուրջն ուսումնասիրություններ էին անում Օսլոյի օդանավակայանում:

Իսկ հիմաՙ երրորդ պատմությունը. առաջիկայում ընտրություններ են, ու ինչպես թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներից են ասում` «վճռական ընտրություններ են», ՀՀԿ շտաբի պետի օգնական Միքայել Մինասյանն անգամ ընդգծել էր. «Այս ընտրություններից Հայաստանը դուրս է գալու ուժեղացած ու վստահորեն դեպի ապագան նայող...»: Լավ է, բայց ընտրությունները չէ, որ ուժեղացնում են երկիրը, այլ ընտրություններին գնացող քաղաքացիների գաղափարախոսությունն ու գիտակցումը:

Ցավալին այն է, որ այդ գիշեր ոչ մեկս մեր շենքում դուրս չեկավ կամ պատուհան չբացեց` ասելու 9-րդ հարկի հարեւանին`«ամոթ Ձեզ»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4