ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀԿ ցուցակում երկուսուկես տեղ է մնացել, կեսկատակ-կեսլուրջ հայտնեց իմ գործընկեր լրագրողներից մեկը այն զրույցի ընթացքում, որը շոշափում էր համամասնական ցուցակներում արտացոլված լրագրողների թեման: Հետո լրջացանք ու քննարկեցինք այն տեղեկությունները, թե հատկապես ՀՀԿ-ի համամասնական ցուցակի հարցը զոռ է, այստեղ մի տեղի համար 20 ցանկացող է, բացի դրանից, ըստ «Ազգի»-ի իշխանական աղբյուրների, երեք տարբերակով ՀՀԿ համամասնական ցուցակ կա կազմած, որի առաջին երեք տեղերում նույն անուններն են, իսկ մնացած տեղերում ոչ մի կրկնություն այլեւս` կազմողը կազմել է իր պատկերացումներով (իսկ ավելի ստույգ` իր մոտիկներին առաջ խցկելով): Ու այս ցուցակներն ինչ-որ պահի կարող են կամ համադրվել, կամ մի կողմ դրվել ու լրիվ նորը կազմվել` բոլորովին այլ անուններով, մանավանդ` «գործարարները չեն լինելու այդ ցուցակում»:
ԲՀԿ-ն խոր ընդհատակում է գիր-ղուշ գցում` անունների հետ կապված, բայց այնտեղ ցուցակը մեկ մարդ, առավելագույնը երկու մարդ է կազմելու, ու վերջին տարբերակն ավելի հավանական է դառնում մանավանդ Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ի սայլին միանալու երեկվա հայտարարությունից հետո:
Վերադառնալով վերջին օրերին մեր մամուլում շրջանառվող մեկ տասնյակի չափ լրագրողական անուններին, ովքեր ըստ լուրերի տարբեր համամասնական ցուցակներով պետք է հայտնվեն ապագա խորհրդարանում, վերհիշենք, որ անցյալ խորհրդարաններում եւս մշտապես լրագրող- պատգամավորներ են եղել: Սակայն անցյալում լրագրողները խորհրդարան էին գնում բացառապես հասարակության մեջ ճանաչված լինելու արգումենտով, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն էր նրանց տանում խորհրդարան. Այդին Մորիկյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Աղվան Վարդանյանը, Վանո Սիրադեղյանը, Մուշեղ Միքայելյանը, Ռուբեն Հակոբյանը, Նորիկ Պետրոսյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արամայիս Սահակյանը եւ այլք: Այժմ շրջանառվող անունների պարագան եւ լրատվական դաշտի դերակատարության ուղղվածության վերջին շրջանի փոփոխությունը թույլ է տալիս այլ շարժառիթների մասին մտածել:
Հատկապես այս իմաստով հետաքրքրական է, որ շրջանառվում են մամուլի քարտուղարների անուններ, քանի որ վերջիններիս կարելի է ոչ թե լրատվական դաշտի ներկայացուցիչ համարել, այլ քաղաքական կողմ, քանի որ նրանց ներկայացրած պաշտոնյան քաղաքական ուժի ներկայացուցիչ է, եւ տվյալ մամուլի քարտուղարներն էլ պարզապես այդ պաշտոնյայի մարդն են: Այնպես որ` այս իմաստով անհասկանալի է նրանց` լրատվական դաշտը ներկայացնելու զուգահեռը: Իսկ զուտ լրագրողների անուններ հնչեցնելու դեպքերում հասկանալի լինելու հետ մեկտեղ` առանձնահատկությունն, այնուամենայնիվ, ակնառու է, քանի որ տրվող անունների մեջ կան լրագրողներ, որոնք պարզապես այս կամ այն քաղաքական ուժի հետ են աշխատում, նրա ցանկություններն ու ծրագրերն են իրենց լրատվամիջոց բերում, եւ բնական ու հասկանալի է, որ այդ ուժը նրանց ուզում է պատգամավոր տեսնել խորհրդարանում. ասենք` Նիկոլ Փաշինյանի դեպքում` ՀԱԿ-ի ցուցակ, կամ Պետրոս Ղազարյանի դեպքում` ԲՀԿ-ի: Այս լրագրողներն, իրոք, ճանաչված են հասարակության մեջ, սակայն նրանց ճանաչում են հենց այդպես` այդ ուժի ծրագրերը կրողի որպես, եւ այնպես չէ, որ քաղաքական ազդեցություններից ազատ լրագրողին իր անաչառության համար, իր բարձր պրոֆեսիոնալիզմի համար միայն ներառում են ցուցակ, որքան էլ իսկապես, ուրախ լինենք մեր գործընկերների համար:
Ընդհանրապես` մեր ժամանակի առանձնահատկությունն այն է, որ քաղաքական դաշտի ներկայացուցիչներին ու հասարակության էլիտար շերտի առանձնյակներին համամասնական ցուցակ են վերցնում կուսակցությանը այս կամ ծառայությունը մատուցելու կամ ֆինանսական խոստումների դիմաց, իսկ լրագրողների պարագան նույնպես շատ չի տարբերվում այս մոտեցումից, նրանց էլ են նայում նախ այն տեսակետից, թե մերոնքակա՞ն է արդյոք, ինչպե՞ս է պաշտպանել իր լրատվամիջոցում կուսակցությանն ու նրա լիդերներին, ինչպե՞ս «խփել» մրցակիցներին: Իսկ թե արդյո՞ք հասարակության անկողմնակալ իրազեկմանն է նպաստել` սա ոչ մեկին ոչ հետաքրքրում է, ոչ էլ արգումենտ կարող է դառնալ, ու անգամ մեր այս պոստուլատի վրա կարող են ծիծաղել, թե` միամիտ, ինչի՞ հետեւից ես ընկել:
Սակայն ասենք, որ համամասնական ցուցակների կազմման արդի հրամայականն ընդհանրապես բոլորովին այլ պարագայի վրա պետք է հենվեր. հասարակության տարբեր շերտերի եւ քաղաքական ուժերի` տարիներ շարունակվող դիմակայությունը նկատի ունենալով, քանի որ հասարակության հաշտեցման առումով շատ ու շատ ազդեցիկ կարող էր լինել զանազան հանձնարարություններին չտրված եւ մրցակցի դեմ որպես մահակ չաշխատած լրագրողի, մտավորականի, հանրային գործչի ընդգրկումը այս կամ այն համամասնական ցուցակ: Այլ խոսքով` կուսակցական կոնյունկտուրայից դուրս գալու փորձը, եթե աջուձախ մարդիկ խոսում են նոր քաղաքական մշակույթից եւ հասարակությանը թայֆայականության ցեցից վերջապես ազատելու անհրաժեշտությունից (հասկանում եմ, թե համամասնական ընտրակարգի այսօրվա խորհրդարանական լսումների ֆոնին` ի՞նչ հակա բան ենք ասում): Սակայն Հայաստանում մոտեցումները երբեք չեն փոխվում եւ «սվոյ» մարդկանց «պրախոդ» տալու գործելակերպը 1 մմ-ով դեռեւս չի նահանջում: Մի ողջ կայք գիտեմ, որ ողջ ուժով պայքարում է ՀՀԿ-ի դեմ, եւ, անշուշտ, նրա տնօրենն անպայման կլինի ԲՀԿ ցուցակում, մի թերթ կա, որի քաղաքական վերլուծաբանը ԲՀԿ-ի քարը քարին չի թողնում, անշուշտ նրան եւս կտեսնենք ապագա խորհրդարանի ՀՀԿ խմբակցությունում, կդժվարանա արդեն անունները շրջանառած (իսկապես կամ արհեստականորեն) այն լրագրողների համար, ովքեր համեմատաբար անաչառ են աշխատել: Բոլոր քաղաքական ուժերն առայժմ, լինի ընդդիմադիր թե իշխանական, բացառապես այս հասկացություններով են առաջնորդվելու, եթե որեւէ լրագրողի ընդգրկեն իրենց համամասնական ցուցակներում: Ու լրագրողներն էլ, եթե ինչ-որ ակնկալիք ունեին, ու գիտեին այդ ակնկալիքն իրականացնելու համար իրենցից ի՞նչ է պահանջվում, առանց հրահանգի էլ հենց այդպես վարվում են: Փոխհատուցմամբ կամ առանց դրա: Չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին երբ օրեր առաջ կարծիք հարցրինք համամասնական ցուցակում ընդգրկվելիք լրագրողների մասին, ասաց, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկելու ցուցիչը քաղաքական գործունեությունն է:
Իսկ ընդհանրապես` ողջունելի է տարիներ քաղաքական գործընթացները լուսաբանած եւ այժմյան կոճակ սեղմող պատգամավորներից շատ ավելի լավ քաղաքական դաշտը, գործընթացներն ու օրենսդրությունն իմացող-պատկերացնող լրագրողներին խորհրդարան տանելը, գոնե` գրագետ կխոսեն, ավելի բարեկիրթ պահվածք կդրսեւորեն եւ էդքան որ ուրիշի կոճակ սեղմելու դեմ գրում են` ուրիշի կոճակ չեն սեղմի: