ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Իլհամ Ալիեւը երեկ մեկնեց Բրյուսել: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը այս կապակցությամբ տեղեկացնում է. «Նախագահ Իլհամ Ալիեւը այսօր մեկնեց Բրյուսել աշխատանքային այցով: Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանից երկրի ղեկավարին ճանապարհել են վարչապետ Արթուր Ռասիլզադեն, նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը եւ Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալա Աբդուգալիբովը»: Այս տեղեկությունը ուշագրավ է, քանի որ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը անհրաժեշտ չի համարում տեղեկացնել, թե ինչո՞ւ է Ալիեւը մեկնում Բրյուսել, փոխարենը գերադասելով նշել, թե ովքեր են ճանապարհել երկրի ղեկավարին, ինչը անգամ Ադրբեջանում ոչ մեկին չի հետաքրքրում: Իսկ այցի նպատակը թաքցնելու անհրաժեշտություն, նախագահի կայքէջը ուներ: Մասնավորապես Ադրբեջան-Իսրայել-Իրան խիստ լարված ու սուր հարաբերությունների համապատկերում, երբ Ադրբեջանում շատերը, օրինակՙ Միլլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը` բարեկամության ձեռք են մեկնում Իրանին, ամենեւին էլ նպատակահարմար չէր լինի նշել, որ Իլհամ Ալիեւը մեկնում է Բրյուսել` այսօր այդ քաղաքում հանդիպելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին` օրակարգում բնականաբար Իրանի շուրջը ստեղծված իրավիճակի քննարկումն ունենալով:
Հետեւաբար Միլլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի երեկվա հայտարարությունները կարելի է որակել որպես լուրջ խնդիրները կանխելու փորձ: Խորհրդարանի խոսնակը մասնավորապես ընդգծել է. «Ես համաձայն եմ շատերի հետ, այո, Իրանի դիվանագիտությունը թույլ է տվել որոշ սխալներ: Բայց չնայած այս ամենինՙ մենք Իրանի հետ պետք է պահպանենք բարիդրացիական հարաբերությունները: Ես ցանկանում եմ կրկնել մեր նախագահի խոսքերը, ըստ որոնց ոչ մի օտար երկիր չի կարող օգտագործել Ադրբեջանի տարածքը` հարեւան երկրներից եւ ոչ մեկի դեմ: Ադրբեջանը մշտապես այս վերջինին դեմ է եղել: Մեր նախագահը այս խոսքերը հնչեցրեց, Իրանի նախագահը այս ամենն ընդունեց ի գիտություն»: Այդուհանդերձ Ասադովն ընդունել է, որ «կան որոշ ուժեր Իրանում, որոնք աշխատում են Ադրբեջանի դեմ». «Մենք դրանց բոլորին կարձագանքենք ու անհրաժեշտ պատասխանը կտանք, եւ մենք պետք է շարունակենք մեր բարիդրացիական քաղաքականությունը` Իրանի հետ»: Միլլի մեջլիսի նախագահի արտահայտությունը թերեւս թողնենք առանց մեկնաբանությունների, միայն նշենք, որ ուշագրավ զուգադիպությամբ, երբ Ասադովն իր այս հայտարարություններն էր անում, ադրբեջանական «գրեթե» պետական 1news.az-ում հայտնվեց մի նշանակալից խորագրով վերլուծություն` «Փրկել Ասադին»: Ըստ մի շարք փորձագետներիՙ Ասադի Սիրիան վերջին խոչընդոտն է Արեւմուտքի համար` դեպի Իրան ճանապարհին: Այնպես որ Բաքվում կարծես թե որոշակի ջերմացումներ նկատվում են Թեհրանի նկատմամբ, որը լոկ որպես իրավիճակը որոշակի մեղմելու փորձ է ընկալելի: Հավանաբար շուտով Ադրբեջանում մեկ-երկու մզկիթ էլ բացեն, մեկ-երկու աշակերտուհու էլ ներեն, որ հիջաբով են ներկայացել դասի:
Այսօր Ալիեւը հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը շարունակում է Բաքվում իրեն զգալ «ինչպես բարեկամի տանը», ինչը երբեք չես կարող ասել Իրանի ԱԳ նախարարի մասին, որի որոշ ժամանակ առաջ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` «ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի ու ազգերի ինքնորոշման հիման վրա...»: Ի դեպ, Մոսկվայում Իրանի դեսպանն էլ ոչինչ չգիտի Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանության» մասին, հավանաբար այս խոսքերից հետո իսրայելցի հետախույզները ավելի են շատացել Ադրբեջանի հարավում: Ընդգծենք նաեւ, որ Իրանը պարբերաբար ամրացնում է իր հյուսիսային սահմանները, որոնք, հետաքրքրական է, ոչ թե ԼՂՀ-ի ու ՀՀ-ի հետ սահմաններն են, այլՙ Թուրքիայի, որտեղ տեղադրված են ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերը` բոլորին տեսանելի հասցեատերով, եւ Ադրբեջանի, որտեղ, ինչպես վերը նշեցինք, «գործում են իսրայելական հետախուզական խմբեր»` միեւնույն հասցեատերով: Եվ ամենակարեւորըՙ Ադրբեջանի ռազմական դոկտրինում հայտնի հիշատակումը, ըստ որի Իրանը Ադրբեջանի թիվ մեկ սպառնալիքն է, այն նույն Ադրբեջանի, որը կիսապատերազմական վիճակում է զույգ հայկական հանրապետությունների հետ:
Այս համապատկերում հիշեցնենք, որ համաձայն իսրայելական որոշ լրատվամիջոցների` Ադրբեջանի հարավում գործում են իսրայելական հետախուզական որոշ խմբեր, անշուշտ, հակաիրանական նպատակներով: Բացի սրանից չմոռանանք, որ Իսրայելի հետ Ադրբեջանը «ռազմավարական գործընկեր է», այսինքն` ինչպես Թուրքիայի հետ, բայց ոչ երբեք` Իրանի: Վերհիշենք նաեւ, որ Ադրբեջանի նախագահը ժամանակ առաջ, իրեն հռչակելով «ամբողջ ազերիների նախագահ», իրեն, փաստորեն, Իրանի բնակչության զգալի մասի նախագահը հռչակեց ու բնականաբար պաշտոնական Թեհրանի համապատասխան արձագանքին արժանացավ: