«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2012-02-11 | #26, 2012-02-14 | #27, 2012-02-15


3000 ՆԱԽԿԻՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՊԱՏՃԱՌԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՆ Է

«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն 24-ամյա գործունեության ընթացքում կառավարության եւ միջազգային գործընկերների աջակցությամբ հանրապետության 8 մարզում հիմնել է բարեգործական ճաշարաններ, բուժկետներ, վերականգնողական կենտրոններ: Նպատակն էր` աջակցել խոցելի խմբերին` տարեցներին, փախստականներին, հաշմանդամներին:

Հասարակական կազմակերպության եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն (ՓԳՀ) հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը 15 տարվա պատմություն ունի: Նրանք փախստականների համար իրականացնում են սոցիալական, առողջապահական ծրագրեր` ապահովում սնունդով, դեղորայքով: 8000 շահառուների մեջ մեծ թիվ են կազմում փախստականները, որոնք հիմնականում բռնագաղթել են Ադրբեջանից:

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո կառավարությունն անընդհատ կարեւորում եւ շեշտում էր փախստականների` քաղաքացի դառնալու փաստը: Այդ կերպ նրանք դառնում էին պետության լիարժեք անդամներ, օգտվում ընտրելու եւ մի շարք այլ իրավունքներից:

Ծրագրի շահառու 3000 փախստականներ այս տարվա հունվարի 1-ից զրկվել են սոցիալ-առողջապահական, կրթական ծրագրեր իրականացնող հիմնական հովանավորի աջակցությունից` քանի որ ընդունել են ՀՀ քաղաքացիություն: ՄԱԿ-ի ՓԳՀ-ն հրաժարվել է օժանդակություն ցուցաբերել նրանց եւ հայտարարել, որ կշարունակի օժանդակել միայն փախստականի կարգավիճակ ունեցող եւ փախստականի կարգավիճակ հայցող անձանց: Նախկին փախստականների 40 տոկոսը տարեցներ են, ֆիզիկական եւ մտավոր առողջության խնդիրներ ունեցող հաշմանդամներ, որոնց համար կենսական նշանակություն ունի այդ օգնությունը: «Փաստորեն նրանք մինչեւ հունվարի 1-ը եղել են գոնե կիսով չափ ապահովված, սնունդ եւ բժշկական օգնություն են ստացել, եւ պարզվում է, որ հիմա քաղաքացիություն ստանալով կանգնել են լուրջ խնդրի առաջ, որովհետեւ վտանգված է նրանց գոյությունը: Ցավալի է փաստը, որ լինելով փախստական` նրանք ստանում էին օգնություն, իսկ դարձան ՀՀ քաղաքացիՙ իրենց իրավունքները դե յուրե շատացան, բայց գործնականում ավելի վատ վիճակում հայտնվեցին», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը` հավելելով, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ու «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը նամակ են գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին` ներկայացնելով 3000 նախկին փախստականների ֆինանսական ծանր կացությունը: Կառավարությունից դեռեւս չեն պատասխանել:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4