«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2012-02-14 | #27, 2012-02-15 | #28, 2012-02-16


ՄԵԶ ԲԱՀ ՏՎԵ՛Ք...

Մեր քաղաքի ձմեռը

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Փողոց ես դուրս գալիս, սարսափը վրադ է տալիս: Շուրջը, դիմացը նայում, հուսահատվում ես, սառցաշերտեր, ձյունաբլուրներ, սառցաբեկորներ: Շվարած կանգնում-մոլորվում ես. ի՞նչ անելՙ քայլե՞լ, թե՞ մեխվել-մնալ տեղում: Ռիսկ ես անում, քայլում եսՙ շենքերին մոտ չգնալով, աչքդ չռած խողովակներից, շենքի տանիքներից, տների պատշգամբներից սուր-սուր քեզ նայող սառցաձող-սառցալուլաներին:

Խոր շունչ ես քաշում, բարեհաջող այսօր էլ տեղ հասար: Հանրապետության փողոցի մի հատվածում արքայություն է, ինքնամոռաց գարնանային ուրախությամբ քայլում ես. մաս-մաքուր, մերկասառույց անգամ չի գոյացել, մայթի այդ հատվածին Escada sport, Mothercare խանութներն են: Ճանապարհին գալուց հիշեցի, որ այդպիսի մի պատառիկի էլ հանդիպել էի ուրիշ տեղ. պաշտոնական թաղում էր (սգո պսակներից գլխի ընկա), շենքի շրջակայքի որեւէ անկյունում ձյուն-սառույց չկար, աղբատար-բունկերի դուրս ցցված պատն էլ կոկիկ պաստառապատված էր սեւով:

Խմբագրության շենքի դիմաց տձեւ սահադաշտ է, շատ զգույշ պետք է մոտենալ: Մտնում ես խմբագրի սենյակ, գրածդ կամ չգրածդ նյութի փոխարեն ուզում ես ասելՙ ինձ բահ տվեք: Որովհետեւ օրեր առաջ փողոցները մաքրելու լավ առաջարկ արվեց: Այ, եթե ամեն հիմնարկ, վաճառակետ (կրպակ, շուկա, խանութ, սուպերմարկետ, դեղատուն), սպասարկման կետ (սրճարան, բար, ռեստորան, վարսավիրանոց, փոստային եւ այլ բաժանմունքներ) իր աշխատողներին փողոց դուրս հանի ու ձեռքին բահ դնի, քաղաքը կմաքրվի:

Ինչ-որ չափով այդպես էլ եղավ: Կտոր-կտոր մաքրեցին մարդիկ: Բակերում գարաժ ունեցողները դիմացի ձյունը հավաքեցին, բուրգեր կուտակվեցին: Հիմա էլ սրանք սառել, պատուհաս են դառել:

Հիմա կարծր սառցաշերտերը բահով ջարդելը դժվար է, տեխնիկա չկա, ձեռքի ուժը չի պատում: Շենքերի տանիքները ձնակալել են, անկյունների սառցաձողերը մտածում ենՙ ում գլխին ընկնեն: Մի քիչ եղանակը որ տաքացավ, տեսեք ինչ է լինելու. տանիքների ձյունը հալվելու-լցվելու է տներն ու շենքերի միջանցքները: Բա շենքերը իբր սպասարկող, բնակիչներից մեծ-մեծ փողեր պահանջող ու դատի տվող համատիրությունները (ժեկերը) ո՞ւր են, դե թող գան տիրություն անեն բակերին, տանիքի ձյունը, սառույցը մաքրեն: Վթարի են սպասո՞ւմ:

Երեկ մի խանութպան ասում էր, թե կենտրոնի թաղապետին ձյունը չմաքրելու համար հանել են: (Իր խանութի դիմացը մի լավ սահադաշտ է): Քաղաքում միայն կենտրո՞նն է կարեւոր, բա մնացա՞ծը, թե՞ դրանք մաքուր են: Երեկոյան փորձեք քայլել Հակոբ Հակոբյան փողոցով, էստեղ շուկա էլ կա, կրպակներ ու խանութներ, դեղատներ ու էլի բաներ, դեռ Մերգելյան ինստիտուտն էլ (կամ էլՙ Վերնիսաժի դիմացի նախարարությունների փողոցը եւ դեռ շատերը): Կիսախավարի մեջ ոտքերիդ տակ միայն վախ ես շոշափում, դավադիր սառույց է: Վախենամ գարնանն էլ այս սառույցը չհալվի: Բա քաղաքապետարան, թաղապետարան այս քաղաքում չկա՞ն: Երեկ, թե նախորդ օրը «Երկիր-Մեդիայի» լրագրողները մեքենայով շրջում ու հենց կենտրոնական փողոցների վիճակն էին ցույց տալիս մեր ղեկավարությանը: Եթե Հանրապետության հրապարակի մերձակայքն այս վիճակում է, Հակոբ Հակոբյան փողոցն ո՞վ է, որ այդպես չլինի: Անգամ Բաղրամյան փողոցըՙ մեր քաղաքի կարեւոր մայրուղիներից մեկը, որ թվում է պիտի մաքրվեր ոնց որ պետք է, մեքենաների խցանումներ է ստեղծում իր վրա դիզված ձյան կուտակումներով. մաս-մաս են տանում, երեւի սպասում են, թե ուր որ է, արեւը դուրս կգա: Անմայթ փողո՞ցն ինչ է, որ Երեւանում չլինի: Այստեղերով մեքենան ու հետիոտն իրարից զգուշանալով, իրարից խուսափելով գոյատեւում էին: Հիմա անցնել-դառնալովՙ մեքենաները ձյունը կուտակել, դիզել են փողոցի եզրամասերին, որտեղով մարդիկ էին անցնում: Հիմա նրանք էլ չեն անցնում, երեւի թռչո՞ւմ են...

Մեր քաղաքում մեկ էլ մեծ-մեծ պաստառներ են հայտնվում, թե Երեւանը մեր տունն է: Ձեր տունը էսպե՞ս եք պահում: Խեղճ քաղաքը կեղտոտ բոմժի տեսք ունի: Դժվար է, չէ՞. էսքստրեմալ իրավիճակում է երեւումՙ ինչն ինչ է, ով ով է:

Քաղաքին քաղաքային կյանք ներարկելու, քաղաքային միջավայր ու մշակույթ ստեղծելու համար այդ մշակույթը կրողներ են պետք, որ չկան: Ամեն ծառի տեղ մի սրճարան ու մի բուդկա, ամեն անկյունում շենք սարքել չէ սա, կամ վարժեցրած մի երկու թեթեւսոլիկի հրապարակներում բեմ հանելըՙ ամբոխ զվարճացնելու կամ հիմարացնելու, թե իբր տոն է, տոնական միջոցառում:

Իսկ քաղաքը մաքրելու համարՙ մեզ բահ տվե՛ք...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4