«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2012-02-16 | #29, 2012-02-17 | #30, 2012-02-18


ԲԱՔՎՈՒՄ ԱՍԱՑԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ ինքնաբուխ բարություն անելու միջազգային օրն էր: Հավանաբար այս պատճառով էլ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ադրբեջանցի գործընկերոջն անվանել է «պատմական դեմք», ճիշտ է` Վրաստանի համար միայն: Թե որքանով է Ալիեւը պատմական դեմք, օրինակ, Քութայիսիում բնակվող 15-ամյա Շոթայի համար, դժվար է ասել, հետեւաբար Բաքվում որոշ քաղաքական գործիչներ ու փորձագետներ հավանաբար ժպտացել են վրաց նախագահի խոսքերից, իհարկե` Իլհամ Ալիեւից թաքուն. չէ՞ որ, վերջինիս կարծիքով, ինքը «պատմական դեմք» է ոչ միայն Վրաստանում, այլեւ Ադրբեջանում, «հին ադրբեջանական` Էրիվանի խանությունում» եւ «Խանքենդիում»: Երեւի պատմական գիտությունների թեկնածու լինելը հարեւան երկրի նախագահը շփոթել է «պատմական դեմք» որակման հետ: Ինչեւէ, քանի որ Էրիվանը երբեք ադրբեջանական խանություն չի եղել, Ստեփանակերտն էլ Խանքենդի չէ, ուրեմն Ալիեւի` «պատմական դեմք» լինելն էլ մեր քննարկելիք հարցը չէ, պարզապես այս «փաստից» թաքուն զվարճացած ադրբեջանցի պաշտոնյաները երեկ այնպիսի հայտարարութուններ են արել, որոնք անմիջականորեն վերաբերում են նաեւ մեզ: Նախՙ Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար խանում Մուրադովան, որը աչքի է ընկնում իր` խրոխտ ու «այրական» ելույթներով, հայտարարել է. «Մենք կսպասենք Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի եզրահանգմանը` կապված հայերի` այսպես կոչված ցեղասպանության օրինագծի հետ, որից հետո, եթե այդ եզրահանգումը արդարացի չլինի, քայլեր կձեռնարկենք ազատվելու Ֆրանսիայից` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահից»: Ինչ խոսք` Բաքվում շատերն են այս թեմայով ու հենց այս կերպ խոսել, այստեղ որեւէ նորություն չկա: Բահար խանումը եթե վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում հավանաբար «ոչ ուտում, ոչ խմում» նույն հայտարարությունն է կրկնում:

Ուշագրավը հաջորդ արտահայտությունն է, որը հնչեցրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Վերջինս մասնավորապես նշել է. «Ցավոք սրտի համանախագահների ինստիտուտից որեւէ երկիր հանելու որեւէ նախադեպ չկա: Միայն Ադրբեջանի ցանկությունը քիչ է»: Շնորհակալություն, հարգարժան Մամեդով. Ադրբեջանում առաջին անգամ պետական պաշտոնյան այս հարցում ասաց ճշմարտությունըՙ ինչպես բազմիցս է «Ազգը» նշել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող կազմի որեւէ փոփոխության համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը, մնացածն արդեն Նովրուզ Մամեդովը «մեզանից լավ» ասաց. «Միայն Ադրբեջանի ցանկությունը քիչ է»: Իսկ Բահար խանումը... հավանաբար շատ է ազդվել վրաց նախագահի խոսքերից ու իրոք հավատացել է, որ «Իլհամ Ալիեւը պատմական դեմք է...», դեռ Ադրբեջանն էլ` «պատմական, հինավուրց երկիր»:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4