«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2012-02-16 | #29, 2012-02-17 | #30, 2012-02-18


ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ԱՅԳՈՒ ԲԵՏՈՆԱՑՄԱՆ

Քաղաքապետարանի խորհուրդըՙ դիմել դատարան

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արդեն մի քանի օր Մաշտոցի պողոտայի պուրակում կրքերը չեն հանդարտվում: Բնապահպանները, ակտիվիստները, քաղաքացիները պայքարում են, որպեսզի այգու կանաչ տարածքում չտեղադրվեն Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները:

Երեկ առավոտյան ոստիկանների եւ պուրակում նստացույց անցկացնող բնապահպանների միջեւ միջադեպ է գրանցվել: Սկսվել է քաշքշուկ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ: Պուրակ են այցելել 60 ոստիկաններ, ովքեր փորձել են ցրել շինարարության աշխատանքները խոչընդոտող ակտիվիստներին:

Ավելի ուշ պուրակ է այցելել Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Ակտիվիստները հայտարարել են, որ կհեռանան պուրակի տարածքից միայն այն ժամանակ, երբ շինարարները կհեռանան այգու տարածքից, իսկ քաղաքապետը որոշում կայացնի արդեն տեղադրված կրպակներն ապամոնտաժելու մասին:

Ավելի ուշ ցուցարարներին հանդիպեց քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:

Վերջինս հորդորում էր ցուցարարներին հեռանալ պուրակից` խոստանալով կարճ ժամանակահատվածում տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը: Սակայն ակտիվիստները հաստատակամ էին` պուրակից չենք հեռանա, մինչեւ անհրաժեշտ փասատթղթղերը չտեսնենք: Նրանք քաղաքապետարանի ներկայացուցչից պահանջում էին ներկայացնել բնապահպանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների եզրակացությունները, մինչդեռ Առաքելյանն անընդհատ շեշտում էր, որ տարածքը շատ փոքր է նման փորձաքննությունների անցկացման համար: Առաքելյանի մեկնաբանությամբ` իրենք առաջնորդվում են կառավարության «Ժամանակավոր շինությունների տեղադրման կարգի» համաձայն, բնապահպանները հավելում էին, որ տարածքը ավելի քան 1500 մետր է եւ ենթակա է միջավայրի ազդեցության փորձաքննության:

Իրավիճակը Մաշտոցի պողոտայում կրկին թեժացավ ժամը 4-ին: Ցուցարարների թիվը գերազանցում էր 150-ը: Ավագանու ներկայացուցիչ Արա Երնջակյանը այցելեց այգի` համոզելով ցուցարարներին ցրվել: «Փորձում եմ սատարել ձեզ», ասաց Երնջակյանը` խորհուրդ տալով սահմանը չանցնել: Սակայն ցուցարարները նրան պատասխանեցին, որ հասկանում են իր վիճակը` քաղաքապետից կախում ունի: Պարզվեցՙ Երնջակյանը եկել էր ոչ միայն ցուցարարներին համոզելու, այլեւ քաղաքապետից գրություն ուներ: Տարոն Մարգարյանը որոշել էր ապամոնտաժել այգում տեղադրված առաջին երկու կրպակները, որոնք վնասում էին հարակից ծառերին: Սակայն դա չգոհացրեց ակտիվիստներին: Մնացած կրպակները նույնպես վնասում են ծառերին: Մթնոլորտն ավելի լարվեց, երբ սկսվեց բանավեճ ցուցարարների եւ Արա Երնջակյանի միջեւ: Նրանք ավագանու անդամին խորհուրդ տվեցին բեմադրություններ պատրաստել եւ չխոչընդոտել իրենց արտահայտման իրավունքին, դերասանն էլ նրանց թափթփուկներ անվանեց:

Ավելի ուշ այգու ծայրամասում հավաքվեցին 40 ոստիկաններ, զորքի նման շարվեցին` սպասելով հրամանատարության հրահանգին: Որոշ ժամանակ անց նրանց հրահանգ տրվեց հեռանալ այգու տարածքից: Այգում մնացին 70 ցուցարարներ եւ մի քանի ոստիկան: Թեպետ բնապահպանները սպասում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն նա ցուցարարների հետ հանդիպել չցանկացավ:

Երեկո էր, երբ ակտիվիստները թռուցիկներ էին պատրաստել ու պատրաստվում էին դրանք բազմացնել ու տարածել: Թռուցիկը տեղեկացնում էր, որ այսօր Մաշտոցի այգու փրկության համար պայքարը շարունակվելու է: Նրանք գիշերը չեն մնա այգում, կհավաքեն առավոտյան ժամը 8-ին եւ կշարունակեն պայքարել հանրային տարածքը բետոնապատումից փրկելու համար: Զավեն Առաքելյանը «Ազգ»-ի հետ զրույցում շեշտեց, որ գոյություն ունի սահման, որն անցնելու իրավունք չկա: «Դա արդեն օրենքի խախտում է: Գոյություն ունի օրենք, որոշում, եթե նրանք համաձայն չեն, կարող են այն վիճարկել դատարանում», ասաց Առաքելյանը` անընդունելի համարելով պայքարի նման ձեւը: Հիշեցնենք, որ օրեր առաջ բնապահպան-ցուցարարները հանդիպել են Տարոն Մարգարյանին, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով Աբովյան փողոցի մայթին գտնվող բոլոր կրպակները ապամոնտաժվել էին: Մի քանի օր աց դրանք հայտնվեցին Մաշտոցի պողոտայի պուրակում` առաջացնելով հասարակության, բնապահպանների դժգոհությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4