Արցախի մասին քիչ չի գրվել, սակայն առ այսօր նրա պատմականորեն պատկանելության հարցը դեռեւս վիճարկվում է:
Այս հարցի ճիշտ լուծման ճանապարհներից մեկը ես համարում եմ Հայաստանի ատլասում (1961 թ.) եւ Ադրբեջանի ատլասում (1963 թ.) զետեղված քարտեզների համեմատումը:
Հայաստանի ատլասում զետեղված քարտեզներում ոչ մի տեղ «Ադրբեջան» անվանում չկա եւ չէր կարող լինել հետեւյալ քարտեզներում:
1. Ուրարտուն եւ նրա հարակից երկրները VIII-VII դարերում մ.թ.ա.:
2. Հայերը հելինիստական դարաշրջանում` III-I դարեր, մ.թ.ա.:
3. Հայերը մեր թվագրության I-IV դարերում:
4. Հայերը մեր թվագրության X-XI դարերում:
5. Հայերը մոնղոլական նվաճումների նախօրեին:
6. Հայերը Ռուսաստանին միանալու նախօրեին (1785-1825 թթ.):
Այս քարտեզներից երեւում է, որ հայերը բնակվել են ներկայիս Ադրբեջանի տարածքների մեծ մասում եւ մասնավորապես Արցախում ու Նախիջեւանում:
Ադրբեջանի ատլասը լույս է տեսել երկու տարի ուշացումով: Պարզ է, որ Ադրբեջանի ատլասը կազմող խմբագրական կոլեգիայի 39 անդամները, որոնց թվում 32-ը ադրբեջանցի դոկտորներ եւ պրոֆեսորներ էին, դժվար թե ծանոթ չէին Հայաստանի ատլասին, մանավանդ որ այդ կոլեգիայում ընդգրկված էր նաեւ պրոֆեսոր Քոչարյանը:
Եթե փաստացի առարկումներ լինեին, ապա կարվեին ժամանակին: Չարվեցին այնքան ժամանակ, քանի դեռ պետական մակարդակով չէր հրահանգվել «սարքել» Ադրբեջանի պատմությունըՙ կեղծելով եւ սեփական ժողովրդից թաքուն պահելով դա:
Սեփական պատմությունը չիմանալու եւ կեղծված պրոպագանդայի հետեւանք, որ 1928 թ.-ից հետո ծնված ադրբեջանցիները, քարտեզի վրա տեսնելով Արցախն ու Նախիջեւանը Ադրբեջանի կազմում, ատամներով կառչած են այդ տարածքներին եւ ձգտում են արյունահեղությամբ լուծել այդ խնդիրը:
Ժամանակն է բացելու նրանց աչքերը սեփական պատմության կեղծված լինելու առջեւ եւ վերջ դնելու բունիաթովյան կեղծարարների ջանքերին:
Նշեմ նաեւ, որ Ադրբեջանի ատլասում կան մի քանի քարտեզներ, որոնք ճանապարհորդների հուշերն ու գծած սխեմաներն են Կասպից ծովով եւ նրան հարակից ցամաքներով ճամփորդելիս, որոնցից ոչ մեկի մեջ «Ադրբեջան» բառը չկա:
Այդպիսի քարտեզներից են.
1. Կլավդիոս Պտղոմեոսի կազմած քարտեզը (II դար), որտեղ նշված է միայն Ալբանական տարածքը:
2. Գերմանացի ճանապարհորդ Ադամսի (1647 թ.) քարտեզում նշված է միայն Հայաստանի տարածքը:
3. Պետրոս 1-ի պատվերով կազմած քարտեզում (1720 թ.) նշվում է միայն Շիրվանի տարածքը:
«Ադրբեջան» բառը ոչ մի տեղ չի հանդիպում, որովհետեւ այն վերջերում սարքված հասկացություն է:
Այժմ ցանկանում ենք անդրադառնալ մի շատ ցավոտ խնդրի եւս, որը աշխարհով մեկ սփռված ադրբեջանական կեղծ, շինծու պրոպագանդայի հետեւանք է: Խոսքը ադրբեջանական տարածքների 20 տոկոսի զավթման եւ Հայաստանին «ագրեսոր» հռչակելու մասին է:
Խոսենք թվերի լեզվով.
Նախ, Արցախի տարածքը չպիտի համարվի ազատագրված կամ, ինչպես նրանք են ասում, գրավյալ տարածք:
Դարերով այդ տարածքում բնակվող ժողովուրդը ումի՞ց պետք է բռնագրավեր իր տարածքը (4300 ք.կմ): Հետեւաբար այս տարածքը բռնագրաված համարելն անհեթեթություն է: Այժմ խոսենք մյուս ազատագրված տարածքների մասին: Ազատագրված են հինգ շրջաններ լրիվ, իսկ Աղդամիցՙ 383 ք.կմ, Ֆիզուլուցՙ 347 քկմ:
Դիմենք փաստերին.
Բաքվում 1979 թ. լույս տեսած եւ 1994 թ. Ռուսաստանի Դաշնության տարածքով սփռված «Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը» գրքում, որից մեջբերում է կատարել ադրբեջանական «Մուխալիբատ» թերթը (03.04.1996 թ.) ազատագրված տարածքները այսպիսի տեսք ունեն.
1. Քելբաջար-1936 ք.կմ
2. Լաչին-1835 ք.կմ
3. Կուբաթլու-802 ք.կմ
4. Ջաբրայիլ-1050 ք.կմ
5. Զանգիլան-707 ք.կմ
6. Աղդամ-1094 ք.կմ, որից ազատագրված է 383 ք.կմ
7. Ֆիզուլի-1386 ք.կմ, որից ազատագրված է 347 ք.կմ
Այսպիսով, ընդհանուր ազատագրված տարածքները, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հսկողության տակ, կազմում են շուրջ 7060 ք.կմ, որը կազմում է Ադրբեջանի ընդհանուր տարածքի 86600 ք.կմ, 10 տոկոսից պակաս:
Հետաքրքրական է, որտեղի՞ց է վերցրած այդ վերացական 20 տոկոսը:
Մինչեւ ե՞րբ պիտի այս կեղծված եւ ուռճացված թվերը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության համակարգի օգնությամբ սփռվեն աշխարհով մեկ եւ Հայաստանին անվանեն «ագրեսոր»:
Ինչո՞ւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր դիվանագիտական համակարգով չի հակադրվում ադրբեջանական այս կեղծված պրոպագանդային եւ չի մերկացնում նրանց փչոցը եւ ուռճացված թվերըՙ էլի աշխարհով մեկ:
ՇԱՀԵՆ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ, Կենսաթոշակառու մանկավարժ
ՀԱՅԿԱԶ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Նախկին նախիջեւանաբնակ, Արարատի մարզ, գյուղ Այնթապ