«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2012-02-16 | #29, 2012-02-17 | #30, 2012-02-18


«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԱՐԻՔ ԼԻՆԵԼ»

Չարիք կարող է լինել, եթե սխալ է կատարվում

Թեղուտի խնդրի մասին շատ խոսվեց. բողոքի ցույցեր տեղի ունեցան, բնապահպաններ, կամ այդ անվանման տակ շատ այլ «հետաքրքրասերներ» այցելեցին Թեղուտ` ոմանք խնդրին ծանոթանալու, ոմանք` փաստեր հավաքելու, ոմանք ուղղակի Թեղուտը առաջին անգամ տեսնելու, կամ բնության գրկում «քեֆ անելու» համար: Եվ նրանք, որոնք գնացել էին Լոռվա բնության այդ հրաշալի վայրը` զուտ ու իրավամբ բնապահպանական նպատակներով, ահազանգեցին, որ Թեղուտում «ամենահայաստանյան արդյունաբերության»` հանքարդյունաբերության պատճառով առկա են, առաջանում են, խորանում են բազմաթիվ բնապահպանական խնդիրներ: Իսկ այդ վայրում հանքարդյունաբերությամբ զբաղվում է «Վալլեքս» խումբը, որի փոխնախագահ Գագիկ Արզումանյանի խոսքերով` «Հանքարդյունաբերությունը չի կարող չարիք լինել. չարիք կարող է լինել, եթե սխալ է կատարվում»: Երեկ տեղի ունեցած ասուլիսում «Վալլեքս» խմբի նախագահությունը վստահեցնում էր, որ իրենց ընկերությունները հանքարդյունաբերությամբ են զբաղված բացառապես նորագույն տեխնոլոգիաներով, որ հանքերի տեղամասերում իրենք իրականացնում են նաեւ այլ` մի շարք ծրագրեր, օրինակ, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի խոսքերով` «հյուրանոցներ ենք կառուցում, լողավազաններ... համագործակցում ենք տեղի ֆերմերների հետ»: Բացի սրանից, կոնկրետ Թեղուտում «Վալլեքս» խմբի ծրագիրը «բնապահպանության չափանիշներն ամենաօրինակելի պաշտպանողն է», ինչպես վկայում է փոխնախագահ Արզումանյանը: Իսկ Վալերի Մեջլումյանը լրագրողներիս, ինչպես նաեւ բնապահպաններին, որոնց 90 տոկոսը, համաձայն «Վալլեքս» խմբի նախագահի, «անգրագետ են», խորհուրդ է տալիս` նկատել. «Նախքան Թեղուտի մեր ծրագիրը այնտեղ մեկ խանութ չկար, այսօր տասը կան, խոպանչիները վերադարձան, շատերը աշխատանքով ապահովվեցին, ծնելիությունն է բարձրացել...»:

Ինչեւէ, երկար քննելիք ու հստակ պատասխան չունեցող հարց է, թե հանքարդյունաբերությունից, մանավանդ հայաստանյան հանքարդյունաբերությունից վնասնե՞րն են ավելի շատ, թե՞ օգուտները: Սակայն ակնհայտ է, որ մեկը մյուսին չեն զիջում: Իսկ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Մեջլումյանը հպարտորեն ընդգծում է, որ չկա այսօր որեւէ ընկերություն, խումբ, մարդ, որը այդ մասշտաբի ներդրումներ անի Լեռնային Ղարաբաղում, ու այդքան նպաստի ղարաբաղյան տնտեսության ամրապնդմանն ու զարգացմանը: Համաձայն «Վալլեքս»-ից ստացված տվյալների` ընկերությունների խումբը ԼՂՀ-ում ունի «1200 աշխատակից, ընդհանուր ներդրումները գերազանցում են 85 մլն ամերիկյան դոլարը, ընկերության միջոցներով ընդհանուր առմամբ արդեն կատարվել են ավելի քան 1,2 մլրդ դրամի բարեգործություն եւ այլ սոցիալական ծրագրեր, ընկերությունը ԼՂՀ-ում 45-50 մլն ամերիկյան դոլարի համախառն ներքին արդյունք է ապահովում եւ 4-5 մլն դրամ տարեկան հարկ է վճարում, այսպիսով ԼՂՀ առաջին հարկատուն է»: Իսկ ընդհանուր առմամբ այսօր «Վալլեքս»-ում աշխատում են 3000 մարդ, ընդ որում ընկերությունների խմբի փոխնախագահ Արթուր Մկրտումյանը վստահեցրեց, որ ինքը ունի նաեւ «ամսական 2000 դոլար ստացող բանվոր»: Ի դեպ, ԼՂՀ-ում «Վալլեքս» խումբը պատրաստվում է շուտով շահագործել նոր արտադրամաս:

Այդուհանդերձ, հանքարդյունաբերությամբ հայտնի բոլոր երկրներում էլ շատ հանքեր, անգամ նորագույն տեխնոլոգիաներով, շռայլություն են համարվում, մինչդեռ աշխարհի եւ ոչ մի երկրի համար մարդու առողջությունը, պտղատու հողը, անտառը... շռայլություն չեն:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4