Թումանյանի բնակարանը` հայի ու հայի փոխադարձ մեղադրանքների առարկա
Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան բնակարանի շուրջը ստեղծված իրավիճակն արդեն տհաճություն է հարուցում, հատկապես երբ սովորական թվացող քաշքշոցն այս հարցում էլ մտել է ընթացքի մեջ: Թվում էր, թե բնակարանի 4 սենյակները ձեռք բերելու ու դրա համար վճարելու պատրաստ մեկին գտնելու հարցից առավել ոչ մի ուրիշ խնդիր չէր կարող դառնալ քննարկումների ու տարաձայնությունների թեմա: Բայց, ինչպես ասում են, հայավարի անելով ամեն ինչ, այս հարցում էլ փոխանակ արդեն վճարելու պատրաստ գնորդի հետ ուրախություն ապրելու` հերթական անգամ բախվում են հայի եւ հայի վեճի, որ ոչ մի լավ բան չի խոստանում:
Թե ինչ-որ կասկածելի մեքենայությունների գնով գործարքներ են պատրաստվում Թումանյանի բնակարանի հիշյալ հատվածի ձեռքբերման առնչությամբ` հայտարարություն էր արել Թբիլիսի հայերի միության նախագահ Միխայիլ Թադեւոսովը : Հայտարարությամբ անթաքույց մեղադրանք էր ներկայացվում Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին , քանի որ նա էր վերջին շրջանում զբաղվում բնակարանի խնդրով:
«Արմենպրեսին» տված պարզաբանմամբ Լ. Անանյանը, անդրադառնալով Թադեւոսովի մեղադրանքին, նշել էր. «Խտրականություն չդնելով բնորոշումների մեջ` հոգեբանության դոկտորը (այդ հանգամանքը եւս կասկածի տակ է) կուրծք է ծեծում եւ բղավում այն մասին, թե իբր կատարվել է շահադիտական գործարք, եւ հայկական պատվիրակությունը շրջանցել է իր կարեւոր ներկայությունը»: Անանյանը բացատրել է, որ բնակարանի սեփականատեր Արչիլ Լեժավայի հետ նույն թաղամասում համարժեք բնակարան գնելու խնդիրը հեռակայել Երեւանից Թբիլիսի անհնար է համարվել, ուստի ՀԳՄ նախագահը արտոնել է Թադեւոսովին գտնել այդ բնակարանը:
Ըստ Անանյանի, որոշ ժամանակ անց Թադեւոսովն առաջարկել է իր նախկին, թե ներկա ընկերոջ բնակարանը` 130 հազար ԱՄՆ դոլարով, որին չի համաձայնել Լեժավան: Դրանից հետո հայկական կողմը զրուցել է Լեժավայի հետ, որն էլ իր սեփականությունը գնահատել է 145 հազար ԱՄՆ դոլար: Անանյանը ավելացրել է, որ մշակութային ինչ ուղղվածությամբ Թումանյանի բնակարանը կօգտագործվի` հայտնի կլինի մոտ ապագայում:
Երեկ Թադեւոսովն, իր հերթին, բաց նամակով դիմել է Լեւոն Անանյանին, պնդելով, թե Թումանյանի բնակարանի առնչությամբ գործարքը շահադիտական է, նաեւ հակադարձելով «Թբիլիսիի հայերի միություն» կազմակերպության հասցեին հայտարարությունները, թե դա 3-4 անդամի կառույց չէ: Ըստ Թադեւոսովի նամակի, այդ կազմակերպությունը գործում է 2001-ից, եւ «այդ ժամանակվանից էլ սկսել է պայքարը Թումանյանի բնակարանը փրկելու համար»:
Բաց նամակում նաեւ պնդում կա, թե Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հենց Թադեւոսովի կազմակերպությանն է դիմել` «պատմական բնակարանի փրկության օպտիմալ որոշման առաջարկ պատրաստելու» խնդրանքով: Նշելով, թե Անանյանի գլխավորած պատվիրակությանը հանգամանալից ներկայացվել է իր կազմակերպության գործունեությունը, Թադեւոսովը հայտարարում է, որ շարունակում է մնալ համոզված, թեՙ «պատմական ժառանգության պահպանման խնդրի լուծումն առավել ազնիվ ու տրամաբանական է գտնել եղբայր երկրների պետական կառույցների սերտ համագործակցությամբ, այլ ոչ թե կողմերի արժանապատվությունը նվաստացնող կուլիսային գործարքներով»:
Որ թիֆլիսյան հայկական կազմակերպություններ, այն էլ ողջ համայնքը ներկայացնելու հավակնություններով, մի քանի տասնյակը կան, փաստ է, որ ամենից առաջ ապացուցում է թիֆլիսահայության ոչ միաբան ու համայնքային դրսեւորումներ չունենալու հանգամանքը, թեեւ որոշ անհատների գործունեությունը հատկանշական ու տարբեր է: Սակայն առավել մտահոգիչ է, որ բոլորն, ըստ էության, օգտագործում են պահն ու հետո, կրկին պահն օգտագործելու տրամաբանությունից ելնելով, մոռանում իրենց իսկ արած հայտարարությունները: Սրան-նրան էլ «կծոտելու» հարցում հայերս սովոր ենք դրսեւորել մեր ամենավատ որակները:
Թբիլիսիում իրապես չկա մի կառույց, որ կարողանա ներկայացնել Թբիլիսիի հայերի շահերն ու հետաքրքրությունները միասնական ու բոլորի անունից, ուր մնաց ինչ-որ հասարակական կառույցներ կամ անհատներ, որ խոսեն Վրաստանի ողջ հայության անունից, նկատի ունենալով, թե կարելի է խոսել նաեւ Ջավախքի հայերի փոխարեն:
Ամեն դեպքում, փետրվարի 22-ին նախատեսված է գործարքը բնակարանի առնչությամբ ու թերեւս այն ժամանակ հստակ պատասխաններ տրվեն, թե ինչու է նմանատիպ գործարք իրականացվում եւ ինչ ճակատագիր է ունենալու Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում կիսավեր կանգնած թումանյանական բնակարանը...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ