ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
«ԼՂՀ անկախության 20-ամյակ. իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով համաժողովը, որն անցյալ շաբաթավերջին անցկացվել էր Ստեփանակերտում` իրավացիորեն համարվում է Արցախի անկախության հոբելյանին նվիրված միջոցառումների գագաթնակետը: Համաժողովին մասնակցում էին ճանաչված փորձագետներ ինչպես Արցախից ու Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու եվրոպական մի շարք երկրներից:
Շուրջ չորս տասնյակ ելույթները, որոնք հնչել են գիտաժողովի ընթացքում, տարաթեմա ու բազմաբովանդակ էին` հաճախ իրարից տարբերվող գնահատումներով:
Բրիտանացի փորձագետ, Ռուսաստանի ու Եվրոպայի ծրագրի ղեկավար Ջեյմս Նիքսիի համոզմամբ, օրինակ, Եվրոպան շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրով, ուստի միամտություն կլիներ ակնկալել, թե Ղարաբաղի անկախությունը Հին աշխարհի երկրների կողմից մոտ ապագայում անպայման ճանաչվելու է: Իր հերթին, «Ռեգնում» դաշնային լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Տարասովը տեսակետ ունի, թե 5-10 տարի հետո Հարավային Կովկասում այլ սահմաններ են լինելու, այսինքն` Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի այսօրվա սահմանները էական փոփոխության են ենթարկվելու:
Կարծես իր գործընկերոջը հավելելով, ՌԴ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը կարծիք հայտնեց, որ Հայաստանը չպիտի ուշացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը: Եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախության փաստը, ապա դրանով կկանխվի Ադրբեջանի հետ նոր հակամարտությունը, համոզված է ռուս փորձագետը:
Այս հայտարարության առնչությամբ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանն հասնելը Հայաստանի նպատակն է, եւ եթե միակողմանի ճանաչումը կնպաստի գործընթացին, ապա դա անպայման տեղի կունենա, միայն թե ամեն ինչ պիտի արվի իր ժամանակին:
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը (Երեւան) մասնավորապես այսպիսի մտահոգություն հնչեցրեց. մենք ահավոր դանդաղում ենք ու լրիվ չեն չօգտագործում եղած հնարավորությունները: Քաղաքագետի խոսքով, Հայաստանի Հանրապետությունն ամբողջ բեռն իր ուսերին է վերցրել, բայց ժամանակն է, որ ԼՂՀ-ն եւս ակտիվանա:
Համաժողովի կարեւորության շեշտումով ու հնչած ելույթների տպավորությամբ` ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ասել է, որ հիմնախնդրի շուրջը հայ իրականության մեջ միասնական կողմնորոշում դեռ չկա: Տեսակետների բազմազանությունը, միեւնույն ժամանակ, պիտի որոշ օգտապաշտություն ներշնչի` փորձագիտական հանրությանը մղելով պրագմատիկ վերաբերմունքի:
Համաժողովը բարձր է գնահատել նաեւ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Չնայած ներկայացվել են տարբեր դպրոցների եւ ուղղությունների տեսակետներ, ամեն ինչ հիանալի անցավ»,- համաժողովի եզրափակման ժամանակ ասել է նա:
ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպման պետական հանձնաժողովի, Հայաստանի սահմանադրական իրավունքի կենտրոնի, Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի մասնակցությամբ ու NEWS.am տեղեկատվական-վերլուծական ընկերության համագործակցությամբ կազմակերպված միջազգային կոնֆերանսի շրջանակներում տեղի են ունեցել նաեւ նորահրատարակ գրքերի շնորհանդեսներ ու այցելություններ Արցախի պատմարժեք վայրեր: