Արդեն վեց ամիս անազատության մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում հաստատեց` լարված հարաբերություններ է ունեցել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Լարված հարաբերությունները աշխատանքային բնույթ են կրել: Մարգար Օհանյանը դեմ է արտահայտվել Ալիկ Սարգսյանի մի շարք գործողություններին ու նշանակումներին: Անգամ հիշում է, որ հարաբերությունները լարվեցին` անցյալ տարվա ապրիլից` 3 ամիս: Օհանյանը, սակայն, չէր կարծում, որ աշխատանքային հարաբերությունները կվերածվեն անձնական հարաբերությունների ու ոստիկանության ղեկավարությունն իր դեմ գործ կսարքի: Իր դեմ առաջադրված մեղադրանքն ու վկայությունները նա որակում է զրպարտություն: Օհանյանը հիշեցնում է, որ իր պաշտոնավարման ընթացքում ճանապարհային ոստիկանության արտաբյուջեն 1 մլրդ-ից հասել է 4 միլիարդ դրամի: Ավելին, նվազել են պատահարները, ՃՈ-ն վերազինվել է, զոհերի թիվը` կրճատվել: «Եթե ես բենզինի յուրացում կատարած լինեի, ճանապարհային ոստիկանությունը չէր ծաղկի: Իմ պաշտոնավարման ընթացքում ոստիկանության աշխատանքը երբեւէ չի խաթարվել», ասում է Օհանյանը` կրկնելով, որ ինքը ոստիկանության ծնունդն է, 31 տարի աշխատում է համակարգում, եղել է հասանելի ղեկավար, եւ չէր կարող նման բան կատարել:
Մարգար Օհանյանը հիշում է, որ իր անձի վարկաբեկման գործընթացը սկսվեց օգոստոսին: «Սեփական կարծիք ունեմ ծառայության վերաբերյալ, անձերի ոտքերն ընկնող անձնավորություն չեմ: Պետք է գնայի ոստիկանապետի ոտքերն ընկնեի, որ ինձ ներեր, բայց ես նման բան չեմ արել», ասում է Օհանյանը: Իր բնութագրմամբ` ոստիկանությունն իր դեմ «տեռոր» էր սկսել: Կատարվածը պարզաբանելու համար Օհանյանը բազմիցս զանգել է ղեկավարությանը: «Սակայն ոչ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ոչ էլ նրա օգնականը հեռախոսազանգերին չեն պատասխանել»: Օհանյանը շեշտում է, որ հատուկ քննչական ծառայություն հրավիրվել է հարցաքննության որպես վկա: «Հարցերին պատասխանելուց հետո 15 րոպե լուռ նստել եմ ՀՔԾ ավագ քննիչ Տիգրան Թամամյանի սենյակում: Այնուհետեւ նա քաղաքային հեռախոսազանգ ստացավ, եւ ես վկայից վերածվեցի մեղադրյալի»: Նա հիշում է, որ երբ ավագ քննիչի սնեյակից իջել է, դրսում նրան սպասել են 6-րդ վարչության զինված ծառայողները` դիմակավորված եւ հրացաններով: «Ասացիՙ տղերք, էս ի՞նչ շոու եք սարքում, ես փախչողը չեմ»: Միայն 2 ամիս անց են Օհանյանին տեղեկացրել, որ գործով կան եւս երեք ամբաստանյալներ` իր նախկին ենթակաները:
Օհանյանի գնահատմամբ` իր հետ կատարվածը ոստիկանության ղեկավարության հաշվեհարդար է: «Նման բան չէի կարող պատկերացնել: Պետք չէ մարդու հոգու մեջ թքել», ասում է ճանապարհային ոստիկանության նախկին պետը` հավելելով, որ սրա համար ինքը չի ների:
Օհանյանը նշում է, որ երբեւէ ֆինանսական պատասխանատվություն չի կրել բենզինի բաժանման համար, որեւէ տեղ ինքը չի ստորագրել եւ երբեւէ բենզինի բաշխմամբ չի զբաղվել: Դրա համար կա հատուկ բաժին` տնտեսական բաժանմունք, որի պետը` Արա Լեւոնյանը ամբաստանյալի աթոռին է: Օհանյանը շեշտում է, որ իրեն մեղադրում են 3 հոգու ցուցմունքի հիման վրա` 577.000 լիտր բենզին յուրացնելու մեջ: «Այդքան բենզինն անում է 30.000 կտրոն: Մի՞թե հնարավոր չեղավ, որ գոնե 10 կտրոն բերեին դատարան եւ ցույց տային, ապացուցեին, որ ես մեղավոր եմ», հարցնում է Օհանյանը` հավելելով, որ ոչ միայն վկաները, այլեւ ամբաստանյալները հիշողության կորուստներ էին ունենում եւ հակասական ցուցմունքներ տալիս: «Մասնավորապես Արսեն Արշակյանի ցուցմունքում նա տարօրինակ է համարում, որ Արշակյանը 2.5 տարի տեղյակ է եղել բենզինի յուրացման մասին, սակայն ղեկավարությանը չի հայտնել: «Ես գիտեմ նրա բնավորությունը, տեղյակ եմ նրա կապերի մասին», ասում է ՃՈ նախկին պետը: Մարգար Օհանյանը նշում է, որ Ստեփան Կարախանյանը շաքարային դիաբետով է տառապում, Էրեբունի հիվանդանոցում բուժվել է, երբ 6-րդ վարչությունից եկել են, ասել, որ պետք է ցուցմունք տա: «Նրան ճնշել են, վախեցրել: Սկզբում Կարախանյանը հրաժարվել է գնալ: 6-րդ վարչությունից մնացել են հիվանդանոցում, կողքի հիվանդասենյակում հսկել նրան, շարունակել ճնշել, մինչեւ Կարախանյանը գնացել է ՀՔԾ եւ ցուցմունք տվել, որ հաշվետվությունում գրել է այնքան բենզին, որքան ստացել է: Բայց հետո նրան էլի վախեցրել են, հետո մարդիկ են խառնվել, նրան խոստումներ տվել եւ Կարախանյանի ցուցմունքը փոխվել է: Վկաների ցուցմունքներն արժանահավատ չեն, սուտ են եւ սարքված», ասում է Օհանյանը: Տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանը նախաքննության ընթացքում տրված ցուցմունքում ասել էր, որ ավելացած կտրոնները նա տվել է Մարգար Օհանյանին, վերջինս նրան յուրաքանչյուր ամսվա համար տվել է 300 լիտր բենզինի կտրոն, մնացյալը պահել իրեն` հավելելով, թե կեսն էլ պետք է վերեւներին տա: «Լեւոնյանն ո՞վ էր, իր անձը, պաշտոնը, որ ես նրան «ատչոտ» տայի, թե ինչ եմ անում, թաղի աֆտարիտե՞տն էր, ինչ էր»: Ըստ ցուցմունքի, Լեւոնյանին էլ մի քանի անգամ տարել են 6-րդ վարչություն, նրա համար բարեխոսել են, խոստումներ տվել: Մախմուրյանին նույնպես վախեցրել են: Նրա դուստրը, եղբայրը, եղբոր որդին նույնպես աշխատում են համակարգում: Ըստ Օհանյանի, նրան վախեցրել են, որ եթե Մարգար Օհանյանի հարազատներին ենք ազատել համակարգից, ապա քո հարազատներին էլ կազատենք, եւ նա վախեցել է:
Մարգար Օհանյանի դեմ գործով անցնող 20 վկայից միայն մեկն է ցուցմունք տվել ընդդեմ Օհանյանի` Արսեն Արշակյանը: Նրա եւ երեք ամբաստանյալների հետ Օհանյանի հարաբերությունները լարված չեն եղել, «Բայց դե ախպերական էլ չեն եղել», հստակեցնում է նա: Օհանյանը հերքում է, որ իր դեմ գործ են սկսել քաղաքական խաղերի մեջ մտնելու համար: «Ես ոչ մի կուսակցության չեմ աջակցում, ոչ մի լիդերի հետ չեմ հանդիպել: Ես քաղաքականության մեջ չկամ», ասում է նա:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Օհանյանը պահանջում է գոնե մեկ ապացույց ներկայացնել, որ ինքն է հափշտակել բենզինը: «Նման ապացույցներ չկան, բայց ինձ մեղադրում են»:
Օհանյանի ընտանիքի անդամները վերականգնել են պետությանը պատճառած 177 միլիոն դրամը: Օհանյանը պատրաստ է վճարել նաեւ մնացած 19 միլիոն դրամը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 24-ին: Այդ օրը դատարանը կքննի գործով ձեռք բերված ապացույցները:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ