«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2012-02-17 | #30, 2012-02-18 | #31, 2012-02-21


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հենց միայն առաջ բերելով փաստարկը, թե ԼՂ-ը Ադրբեջանի կազմում է եղել ու «այժմ էլ է», Բաքուն ինքը սեփական ձեռքերով ԼՂ հակամարտությունը հանում է տարածքային ամբողջականության սկզբունքի տիրույթից: Եվ ահա թե ինչու. երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը իրոք կարեւորագույն նորմ է միջազգային իրավունքում, մասնավորապես ՄԱԿ-ի առաջնային նպատակներից մեկը: Ի դեպ, ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի գաղափարներից է, հետեւաբար գաղափարն ու նպատակը չեն կարող միմյանց հակասել: Բայց այս մասին դեռ կխոսենք, այժմՙ բուն տարածքային ամբողջականության մասին: Հասկանալի է, որ խոսքը տվյալ երկրի տարածքի մասին է, որի նկատմամբ որեւէ մեկի ոտնձություն, նկրտում, հակասում է միջազգային իրավունքի նորմին: Սակայն պարզվում է, որ ամեն ինչ այսքան «ադրբեջանական» չէ: Արդարության համար նկատենք, որ թե ի՞նչ է տարածքային ամբողջականությունըՙ մինչեւ վերջերս բավական շփոթելի էր, ինչը տվյալ պարագայում նշանակում էր, որ ոչ ոք ըստ էության չգիտի հարցի պատասխանը: Ասենք` երկրի տարածքային ամբողջականության խախտո՞ւմ է, երբ հարեւան կամ հարեւանի հարեւան երկիրը իր տանկերը մտցնում է տվյալ երկրի տարածք ու գրավում նրա որոշակի շրջանները: Իսկ տարածքային ամբողջականություն խախտում չէ՞ արդյոք, երբ մի օվկիանոսից այն կողմ գտնվող երկիր` առանց ունենալու միջազգային հավանություն, իր օդուժով ռմբակոծում է մեկ այլ երկրի տարածք, իհարկե` ահաբեկչական կենտրոններն ու երբեմն-երբեմն սխալ թիրախներ ընտրելով: Շատ ավելի հետաքրքրական է պարզելը, թե տարածքային ամբողջականության խախտո՞ւմ է արդյոք, երբ մի պետության ներսում գտնվող ինքնավարությունը, որը ե՛ւ էթնիկ, ե՛ւ պատմական, ե՛ւ բարոյական առումներով բոլորովին էլ այդ պետության մասնիկը չէ, արտահայտելով իր ինքնորոշման իրավունքը` սկսում է«մայր պետությունից» անկախություն սկսելու գործընթաց: Այս վերջին հարցի պատասխանը ոչ ոք մինչեւ վերջերս չգիտեր, քանի դեռ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում չկայացրեց Կոսովոյի անկախության վերաբերյալ, մասնավորապես սահմանելով, որ երկրների տարածքային ամբողջականության խախտում համարվում է այն, երբ խոսքը երկու երկրների մասին է, այսինքն երբ մի երկիր մտնում է մեկ այլ երկրի տարածք` գրավելով վերջինիս հողերը: Ղարաբաղի պարագայում` մենք սրա ականատեսը չենք. Բաքուն ինքը, ինչպես վերը նշեցինք, խոստովանում է, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում էր, ոմանք անգամ մինչեւ հիմա Ղարաբաղը Ադրբեջանի կազմում են տեսնում: Հետեւաբար, եթե ԼՂ-ն եղել է Ադրբեջանի կազմում, ապա այժմ ԼՂ անկախությունը, համաձայն միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում չէ, քանի որ «երկու անկախ պետությունների» հակամարտություն չէ, այլ, բառիս բուն իմաստով, ազգերի ինքնորոշման իրավունքի, արդարացի իրացում: Այստեղից էլ հենց ի հայտ է գալիս այն հիմքը, ըստ որի այս երկու սկզբունքները միմյանց հակադրելի չեն, այլ մեկը մյուսին` համադրված: Ավելին, ինչպես ավելի վաղ գրել է «Ազգը», համաձայն Մոնտեվիդեոյի կոնվենցիայի, որի իրավասությունը դեռ ոչ ոք չի կասեցրել, սահմանվում է, որ անգամ չճանաչված երկրներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունը: Հետեւաբար, եթե հանկարծ Բաքուն պատերազմ վերսկսի ԼՂՀ-ի դեմ, ապա կխախտի միջազգային իրավունքի միանգամից երկու նորմ` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

«Ազգը» հաջորդ համարներում կանդրադառնա ազգերի ինքնորոշման վերջին օրերի ամենաուշագրավ արտահայտումներից կամ դրա փորձերից մեկին. Շոտլանդիա, հանրաքվե` համաձա՞յն եք դուրս գալ Միացյալ Թագավորության կազմից... ի դեպ, Լոնդոնը հանրաքվեի անցկացմանը համաձայն է:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4