«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2012-02-17 | #30, 2012-02-18 | #31, 2012-02-21


ԲԱՔՈՒՆ ՆԱՄԱԿ Է ԳՐՈՒՄ...ԱՐԴԵՆ

Երբ ինչ-որ վեճում կամ բանավեճում հիմնավոր փաստարկներն անհետանում են, կողմերն անցնում են միմյանց վրա հուզական դաշտում ազդելու արվեստին: Սա ընդունված հնարք է, գոնե սեփական անձի հանդեպ խղճահարություն առաջացնելով` հասնել նպատակների կատարմանը: Անկեղծ ասած, տպավորությունն այնպիսին է, թե հարեւան երկրում պարբերաբար անցկացվում է դպրոցական շարադրությունների մրցույթ, բայց ոչ սովորական կանոններով. այստեղ հաղթելու համար պետք է գրվի ոչ թե աշնան, գարնան կամ սիրո մասին շարադրություն, այլ նամակ` կամ հայ հասակակցին, կամ այլ երկրի նախագահին, ընդ որում` հաղթողը պետք է անպայման հուզի նամակի հասցեատիրոջը: Անցյալ տարի 13-ամյա մի աղջնակ նամակ գրեց իր ղարաբաղցի հասակակցին, հիմա էլ ահա 20-ամյա Զարիֆա Գուլիեւան, որի «մայրը իրենով հղի փախել է Խոջալուից ուղիղ քսան տարի առաջ` փրկվելով հայ վանդալներից», երկու նամակ է գրել` մեկը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, մյուսը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Միանգամից նշենք` նամակները, որոնք տեղադրված են ադրբեջանական 1news.az կայքում, հետաքրքրական չեն, զուրկ են հիմնավորումից, փաստից, փոխարենը` հույզեր, հույզեր... եթե շատ ուշադիր կարդանք` անգամ զավեշտ: Օրինակՙ Զարիֆան Սարկոզիին ուղված նամակում, որպես Խոջալուի «ցեղասպանության» ապացույց, մեջբերում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch-ի ձեւակերպումըՙ «հայ-ադրբեջանական հակամարտության ամենամեծ կոտորածը»: Բայց ո՞վ է հեղինակել այդ կոտորածը, ո՞վ ո՞ւմ վրա է կրակել, եւ արդյոք ամեն կոտորած ցեղասպանությո՞ւն է, նամակում ասված չէ: Դե, քանի որ անգամ 20-ամյա Զարիֆան հստակ փաստարկներ չի բերում «Խոջալուի ցեղասպանության» մասին, մենք էլ զերծ մնանք մեկնաբանություններից, մանավանդ որ մեկնաբանելու բան էլ առանձնապես չկա` քանի որ ադրբեջանցի աղջիկը սկսում է խոսել անգամ Ֆրանսիայի առաջին տիկնոջ` Կառլա Բրունիից, նախագահի նորածին դուստր` փոքրիկ Ջուլիայից եւ այլն...: Նախագահ Սարգսյանին ուղղված նամակում Զարիֆան խոսում է Սերժ Սարգսյանի երկու աղջիկներից` Անուշից եւ Սաթենիկից, թե պատմե՞լ է արդյոք Հայաստանի նախագահը իր աղջիկներին Խոջալուի մասին...:

Ու, քանի որ նամակների բովանդակությունը ամենեւին էլ հետաքրքրական չէ, որովհետեւ դրանք փաստարկված չեն, անդրադառնանք նամակագրության երեւույթին: Ինչպես վերը նշեցինք, փաստարկների բացակայության պարագայում վիճող կողմերը միմյանց, մանավանդ երրորդ կողմերի վրա տպավորություն թողնելու համար, սկսում են ազդել վերջիններիս հուզական դաշտի վրա: Հետեւաբար` Բաքվի էպիստոլյար զեղումները հենց սա վկայելու են գալիս: Երբ մի երկրի իշխանություն կարող է ցեղասպանություն փաթաթել սեփական ժողովրդի վրա, զարմանալ պետք չէ, որ նույն այդ իշխանությունները կարող են օգտագործել քաղաքացուն, ավելի ճիշտ` նրա անունը, երբ այլեւս ոչինչ չի մնացել անելու:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4