«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2012-02-17 | #30, 2012-02-18 | #31, 2012-02-21


ՀՈՒՆՎԱՐԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸ` 4,4 ՏՈԿՈՍ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակած 2012-ի առաջինՙ հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 4,4 տոկոս: Հիշեցնենք, որ 2011-ից Ազգային վիճակագրական ծառայությունն անցել է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես, դադարեցվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվել է տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Նախ եւ առաջ նշենք, որ տնտեսության բոլոր ճյուղերում 2012-ի հունվարին 2011-ի հունվարի նկատմամբ աճ է արձանագրվել, իսկ նախորդ տարվա դելտեմբերի նկատմամբ` անկում: Ինչը բնական է, քանի որ դեկտեմբերին տնտեսական ակտիվությունը անհամեմատ բարձր է լինում, քան հունվարին:

Ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերությունում` 21 տոկոս նախորդ տարվա հունվարի համեմատ եւ 28,2 տոկոսով նվազում դեկտեմբերի նկատմամբ: էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 16,9 տոկոսով, դեկտեմբերի նկատմամբ նվազել` 5,6 տոկոսով: Շինարարությունն ունեցել է 0,5 տոկոս աճ, իսկ դեկտեմբերի նկատմամբ 90,1 տոկոս անկում: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա հունվարի նկատմամբ 6,7 տոկոս աճ է արձանագրվել, իսկ դեկտեմբերի նկատմամբ` 21,3 տոկոս անկում: Մանրածախ առեւտրում 2012-ի հունվարին 2011-ի հունվարի նկատմամբ արձանագրվել է չնչին` 0,1 տոկոս աճ, իսկ դեկտեմբերի նկատմամբ գրանցվել է 67 տոկոս անկում: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը եւս աճել է 0,1 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ նվազելՙ 67,9 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2012-ի հունվարին 2011-ի հունվարի նկատմամբ ավելացել է 5,3 տոկոսով եւ կազմել 345,9 մլն դոլար: Դեկտեմբերի նկատմամբ նվազել` 33,9 տոկոսով: Արտահանումը կազմել է 71,5 մլն դոլար, արձանագրելով 0,4 տոկոս աճ, իսկ 2011-ի դեկտեմբերի նկատմամբ` 41,8 տոկոսով նվազում: Ներմուծումը կազմել է 274,4 մլն դոլար, աճելով 6,6 տոկոսով, իսկ 2011-ի դեկտեմբերի նկատմամբ նվազելով 31,5 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 202,9 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվարին կազմել է մոտ 113 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 137 հազար դրամ, պետականումՙ 92 հազար դրամ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4