«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2012-02-21 | #32, 2012-02-22 | #33, 2012-02-23


ՀԱՐԱՏԵՎ ԿՌԻՎ

Դաշնակցական բառարանից վերցված այս վերնագիրը կապ չունի... Դաշնակցության հետ: Ավելի ճիշտՙ այս պարագայում կապ ունի այնքան, որքան Հայաստանի յուրաքանչյուր բնապահպան, բնապաշտպան, բնասեր քաղաքացու հետ:

Այս էլ քանիերորդ անգամ այդ քաղաքացիները կռիվ են տալիս մայրաքաղաքի, ինչպես մյուս քաղաքների, այս կամ այն կանաչ տարածքի կառուցապատման, ասֆալտապատման, փաստացի ոչնչացման դեմ: Օղակաձեւ զբոսայգու տարբեր հատվածներ, Հաղթանակի զբոսայգի, Ուսանողական այգի-այս բոլորը երկարատեւ, բուռն պայքարների թատերաբեմ դարձան եւ ավարտվեցին պայքարողների ամբողջական կամ մասնակի պարտությամբ: Հաղթեց փողը, փողատերը, ինչպես նաեւ քաղաքի բյուջեն: Այժմ հերթը Մարգարյան ծննդատանը (Մաշտոցի պողոտա) հարող այգունն է. պայքարողներն այս անգամ զինված են նախկինՙ դառն փորձառությամբ, իսկ քաղաքային իշխանություններըՙ օրենքի իշխանությամբ կամ իշխանական օրենքով խնդիրը կարգավորելու հմտությամբ, ի տարբերություն նախկին դեպքերի, երբ զոռբայությամբ էին լուծվում հարցերը:

Այս վերջին պարագան դեռեւս չի կարող առիթ հանդիսանալ պնդելու, որ կանաչ տարածքների համար պայքարողները այս անգամ մոտ են հաջողությանը: Ամենեւին: Նրանք, ինչպես քաղաքային իշխանությունները, շարունակելու են կռիվը, պարզապես հետզհետե ավելի կատարելագործված ձեւերով ու միջոցներով, այնքան ժամանակ, որ Հայաստանում քաղաքային, համայնքային թե համապետական ընտրությունները հիմնված չեն լինի հասարակական կարծիքի եւ քաղաքացիական պահանջների վրա: Ավելինՙ այդ պայքարը շարունակվելու է միշտ, քանի որ քաղաքային իշխանությունները, ինչպես կառավարությունները, միշտ պետք ունեն ու պիտի ունենան նյութական ավելի լայն միջոցների, ավելի մեծ բյուջեների, իսկ հասարակությունը, ավելի շուտՙ նրա ակտիվ հատվածները, պիտի ձգտեն էկոլոգիապես ավելի լավ, ավելի առողջ պայմաններում ապրելու:

Նույնն է պարագան Սեւանի, Ալավերդու, Քաջարանի, Կապանի եւ վերջինըՙ Թեղուտի պաշտպանության համար մղվող առավել ծանրակշիռ ու բարդ պայքարներում:

Եվ այս երեւույթը մեզահատուկ չէ:

Նույնիսկ Մեծ Բրիտանիայի նման զարգացած դեմոկրատիա ունեցող երկրում ընդունված հավատամք էՙ Շրջակա միջավայրի պաշտպանությունը շատ լուրջ հարց է քաղաքական ու պետական գործիչներին վստահելու համար...

Այլ խոսքովՙ մինչ իշխանությունները ճակատագրված են, նաեւ ի հաշիվ շրջակա միջավայրի, ջանքերը չխնայելՙ եթե ոչ իրենց գրպանի, ապա գեթ համայնքային, քաղաքային կամ պետական բյուջեն լցնելու, ապա քաղաքացիական հասարակության պարտականությունն է հարատեւ կռիվ տալ իր եւ հետագա սերունդների մաքուր միջավայրում ապրելու իրավունքի համար:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4