«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2012-02-21 | #32, 2012-02-22 | #33, 2012-02-23


ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ

Թեպետ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախօրեին հնչեցրած իր հայտարարությունում հավաստիացրել էր, որ Մաշտոցի պողոտայում տեղադրվող կրպակներն օրինական հիմքերի վրա են, եւ այգու ծառերը չեն վնասվում, երեկ ցերեկը այգում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց: Ոստիկանության Երեւանի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի հաղորդմամբՙ կրպակների տեղադրումը դադարեցվում է մինչեւ շաբաթվա վերջ: Ի տարբերություն վերջին մի քանի օրերի, երեկ այգում հատուկենտ ոստիկաններ կային: Քիչ չէին նաեւ բնապահպանները, ովքեր արժանահավատ չհամարելով ոստիկանության հայտարարությունըՙ փոխնիփոխ հսկում էին այգին: Նրանց մեկնաբանությամբ` ոստիկանության գործողությունները դառնում են անկանխատեսելի, եւ այս քայլով նրանք փորձում են ժամանակավորապես դադարեցնել լարվածությունը: Թեպետ շինարարությունը դադարեցված է, սակայն ակտիվիստները հավաստիացնում են, որ շարունակելու են գալ այգի, հերթապահել, հսկել, մինչեւ քաղաքապետարանը հայտարարի, որ կասեցնում է շինարարությունը: «Վստահություն չկա: Մի քանի անգամ մեզ ասացին «ո՛չ, գիշերով շինարարություն չի լինի, բայց տեսաք ինչ եղավ, կեսգիշերին բալգարկան բերեցին, սկսեցին բուտիկները տեղադրել», ասում էին ակտիվիստները: Այգու երկու հատվածներում տեղադրվել են մոտ 10 գրեթե ավարտուն տեսք ունեցող կրպակներ:

Մաշտոցի այգու խնդրի վերաբերյալ այսօր Հանրային խորհրդում նախատեսվում է հանդիպում-քննարկում, որին ներկա կլինեն ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, բնապահպաններ, ճարտարապետներ, մտավորականներ: Հրավեր է ուղարկվել նաեւ քաղաքապետարանին, բնապահպանության, քաղաքաշինության նախարարություններին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4