«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2012-02-21 | #32, 2012-02-22 | #33, 2012-02-23


«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԼՔԸ ԿՈՐՈՇՎԻ ՀՀԿ-ԲՀԿ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՄԲ»

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարն այս տարվա հունվարին Հայաստանի բոլոր մարզերում անցկացրել է հարցում` 1650 չափահասների շրջանում: Հարցման համաձայն, եթե խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցեն միայն այս պահին կողմնորոշված քաղաքացիները, ապա նրանցից 39 տոկոսն իր ձայնը կտա ՀՀԿ-ին, 36 տոկոսը` ԲՀԿ-ին, 8,5 տոկոսը` ՀԱԿ-ին, 6,1 տոկոսը` ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին ձայն կտա 5,1 եւ «Ժառանգությանը» նույնպես` 5,1 տոկոսը:

Հարցման արդյունքները երեկ «Հենարան» ակումբում ներակայացրեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը : Նրա կարծիքով` Հայաստանում հիմա մնացել են միայն «հարմարվածները», այսինքն` մարդիկ, որոնք հարմարվել են հայաստանյան կյանքին ու պայմաններին եւ վախենում են որեւէ փոփոխությունից: Իսկ բողոքավորները կամ «աբիժնիկները», ըստ սոցիոլոգի, լքել են Հայաստանը: Այսինքն` ընտրություններին գնալու են հարմարվածները:

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ քաղաքական անցուդարձին հետեւում է հարցվածների միայն 60 տոկոսը:

Սոցիոլոգիական կենտրոնի ուսումնասիրության համաձայն` պայքարը լինելու է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: «Եթե ԲՀԿ-ն կազմի մեծամասնություն, ինչը հնարավոր է, շատ բան կփոխվի, բայց եթե մնա երկրորդը, ապա ստիպված կլինի մտնել նոր կոալիցիայի մեջ: Գալիք ընտրությունների ելքը կորոշվի ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությամբ», ավելացրեց սոցիոլոգը:

Հարցման արդյունքները նաեւ ցույց են տվել` հարցվածների 40 տոկոսը վստահ է, որ կլինեն լուրջ խախտումներ, 36,6 տոկոսը վստահ է, որ կլինեն թեթեւ խախտումներ, իսկ 17 տոկոսի համոզմամբ լինելու են համեմատաբար արդար ընտրություններ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4