Խոսքը կուտակված շուրջ 43 մլրդ դրամի մասին է
Մի քանի օրենքներում կատարած փոփոխություններով, որոնք երեկ հավանության արժանացան կառավարության կողմից, առաջարկվում է հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձանց որոշակի ժամանակահատվածում եւ որոշակի չափով ազատել չվճարված գույքահարկից եւ հողի հարկից, հաշվարկված տույժերից եւ տուգանքներից: Այս հարցին անդրադառնալով, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ մարզային այցելությունների ժամանակ գյուղացիներն այս հարցը մշտապես բարձրացնում են, ավելացնելով այն փաստարկը, որ ճգնաժամային տարիները լուրջ բարդություններ են ստեղծել հարկային պարտավորությունների կատարման առումով: «Պետությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալովՙ շուրջ 43 մլրդ դրամի հարկեր է զիջում գյուղատնտեսության ոլորտում: Կարծում եմՙ սա իր մեջ լուրջ ներուժ է պարունակելու նաեւ տնտեսական աճի խթանման առումով, որովհետեւ գյուղատնտեսության հարկային բեռն էապես նվազելու է», նշեց նա:
Որոշման մանրամասները լրագրողներին ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը : Նա հայտնեց, որ խոսքը վերաբերում է 1996-2012 թվականների ընթացքում գույքահարկի եւ հողի հարկի գծով չվճարումներին եւ դրանց հետեւանքով առաջացած տույժ-տուգանքներին: Դրանց մեծ մասը` 70-80 տոկոսը, մինչեւ 2008-ը կուտակված ապառքներն են, որովհետեւ, ըստ փոխնախարարի, վերջին տարիներին տեղական հարկերի հավաքման ցուցանիշը կազմում է 90-95 տոկոս: Մինչեւ 2008-ը եղած բոլոր ապառքները ամբողջությամբ ներվում են, իսկ դրանից հետո եղածների տույժ-տուգանքներն են ներվում, եթե մայր գումարները վճարվեն: Ընդ որում, հնարավորություն է տրված նաեւ վճարումները կատարել ըստ փոխհամաձայնեցված ժամանակացույցի` 6 կամ 12 ամսվա ընթացքում: Այս հնարավորությունից կարելի է օգտվել մինչեւ այս տարվա վերջ:
Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ հողի հարկի մասով կուտակվել է 14,6 մլրդ դրամ ապառք եւ 9,7 մլրդ դրամ տույժ-տուգանք, գույքահարկի մասով` 11,6 մլրդ դրամ ապառք եւ 6,7 մլրդ դրամ տույժ-տուգանք:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ