Հայոց ցեղասպանությունը ներկայացնելու վերաբերյալ
Կանադայում գործող «Զորյան ինստիտուտի» բաժիններիցՙ «Ցեղասպանության եւ Մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը» (ՑՄԻՈՒՄԻ) հրատապ հաղորդագրությամբ իր մտահոգություններն է արտահայտում «Մարդու իրավունքների կանադական թանգարանում» (ՄԻԿԹ) ընդհանրապես ցեղասպանության եւ մասնավորապես Հայոց ցեղասպանության ներկայացման ձեւի եւ բովանդակության վերաբերյալ:
Ինը տարի առաջՙ 2003-ի ապրիլին Վինիպեգում հրավիրված հավաքի ժամանակ ՑՄԻՈՒՄԻ-ն, ողջունելով Կանադայում «Մարդու իրավունքների թանգարան» հիմնելու գաղափարը, ներկայացրել է որոշ առաջարկներ: Հետագայում, տեսնելով, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում թանգարանի ղեկավարների վարած քաղաքականության շուրջը, 2009-ի դեկտեմբերին պաշտոնական հանդիսությամբ առավել մանրամասն է ներկայացրել իր պատկերացումներն ու թելադրանքները: Բայց դարձյալ նկատելով անտարբերություն կանադական թանգարանի ղեկավարության կողմիցՙ 2011-ի փետրվարին եւ օգոստոսին երկու հրապարակային հաղորդագրությամբ է հանդես եկել եւ անձնական նամակ հղել թանգարանի նախագահ եւ գործադիր տնօրեն Ստյուարտ Մուրեյին:
Մինչեւ օրս նամակը մնացել է անպատասխան: Ներկայացված առաջարկներն էլ անտեսվել են: Առաջացած հարցերը բազմազան են. մարդու իրավունքների խախտման ո՞ր դեպքերն են ընդգրկվելու, ինչքա՞ն տարածք է հատկացվելու յուրաքանչյուրին, ինչպիսի՞ բովանդակությամբ, տեւակա՞ն, թե՞ ժամանակավոր են լինելու ցուցանմուշները, ինչպե՞ս է ցեղասպանությունը որպես մարդու իրավունքների խախտման օրինակ ներկայացվելու եւ այլն, եւ այլն:
ՑՄԻՈՒՄԻ-ն գտնում է, որ մինչեւ այս հարցերի պատասխանները չհստակեցվեն, թանգարանի առաքելությունը չի կարող ամբողջական դառնալ, եւ դասերն էլ, որ թանգարանի այցելուները քաղելու են, չեն կարող արդյունավետ լինել, հատկապես եթե այդ դասերը ծառայելու են կանխելու հետագա բռնություններն ու անարդարությունները:
Հասարակական տարբեր հաստատությունների կողմից քննադատական ելույթներին պատասխանելու համար թանգարանի տնօրենությունը «Գլոբ ընդ Մեյլ» թերթի 2011 թվի մարտի 23-ի համարում հայտարարություն է զետեղել, որտեղ նշվել է, որ թանգարանը բոլորովին էլ ցեղասպանության թանգարան չէ: Դրան ի պատասխան գրված ՑՄԻՈՒՄԻ-ի օգոստոսյան հաղորդագրությունը տնօրենության ուշադրության է հրավիրել այն փաստը, որ որպես ֆեդերալ հաստատություն թանգարանը պարտավոր է հետեւել Կանադայի կառավարության բազմամշակութային քաղաքականությանը եւ հավասար անաչառությամբ վերաբերվել բոլորին:
Վերջերս վերոնշյալ ինստիտուտը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանությունը թանգարանում ներկայացվելու է Կանադայի խորհրդարանում ընդունված հինգ ցեղասպանությունների թվում, սակայն մտահոգությունները դեռեւս չեն փարատվել, քանի որ նախկինում բարձրացված հարցերը դեռ չեն գտել իրենց համապատասխան լուծումները: ՑՄԻՈՒՄԻ-ի կարծիքով, թանգարանի ղեկավարությունը պարզապես «համայնքային զատորոշման» քաղաքականություն է վարում, տարբեր խմբակցություններին տարբեր ժամանակներում հրավիրելով հանդիպումների, եւ միաժամանակ անտեսելով կարեւորագույն մի հիմնարկության առաջարկները, որը հենց արծարծված խնդիրներով է զբաղվում: Ինստիտուտը կոչ է անում բոլոր հայկական հաստատություններին եւ կազմակերպություններինՙ համախմբվել եւ «մեկ ձայնով խոսել» թանգարանի ղեկավարության հետ:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ