«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2012-02-22 | #33, 2012-02-23 | #34, 2012-02-24


Ո՞ՒՄ ԵՆ ՆՎԻՐԵԼՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Կան հասկացություններ, որոնք որքան էլ փորձ արվի հստակեցնելու, չի հաջողվի, քանի որ առավել հաճախ այդ հասկացություններն իրականությանը որեւէ առնչություն չունեն: Այդպիսի մի հասկացություն էլ Թբիլիսիի հայկական համայնք ասվածն է, որն առանձնակի ոչ դեմք ունի, ոչ միավորում, ոչ ընդհանրական մի կառույց, ոչ էլ թեկուզ մի քանի կազմակերպություններով ներկայացող ընդհանրություն:

Թբիլիսիիում գործում են տարբեր տրամաչափի, հանուն արդարության` մանր-մունր տրամաչափի կազմակերպություններ, որոնք բոլորն էլ հավակնում են ներկայացնելու ողջ համայնքը, սակայն իրականությունն այն է, որ գրեթե բոլորի դեպքում համայնքն առանձնակի ոչ մի կապ չունի ոչ մեկի հետ: Ըստ էության, ստացվել է մի իրավիճակ, երբ Թբիլիսիի հայկական համայնքը քիչ թե շատ ընդհանրական ու որոշակի առումով` համայնքային կարող է ներկայացնել միայն Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը, որ, սակայն, Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան բնակարանի պատմության հետ առնչություն չունի:

Երեկ Թբիլիսիում վերջապես կայացել է 145 հզ. դոլարանոց առք ու վաճառքի գործարքը, Թումանյանի բնակարանի չորս սենյակները այլեւս վրացի գործարար Լեժավայի սեփականությունը չեն: Գործարքը վրացի գործարարի հետ ստորագրել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` Գրողների համահայկական հիմնադրամի անունից, ստանալով նաեւ բնակարանի այդ հատվածի բանալիները:

Մինչ գործարքի կայացումը տեղեկություններ կային, թե վրացի գործարարն իրեն պատկանող հատվածում որոշակի նորոգման աշխատանքներ էր սկսել, սակայն դրանք ավարտված չեն, ասել է թե բնակարանը դեռեւս կարիք ունի նորոգման: Թե ով եւ ինչպես է նորոգելու բնակարանը` թերեւս պարզ կլինի այսօր, երբ արդեն Երեւանում Լեւոն Անանյանը ներկայացնի Վրաստան այցի մանրամասներն ու հնարավոր զարգացումները:

Իսկ մինչ այդ հարցականները չեն պակասում` վերաբերելով ոչ միայն բնակարանի նորոգմանը, այլեւ հետագա օգտագործման ու շահագործման նպատակին, շահագործողին եւ այլն: Որ Թումանյանի բնակարանը պետք է գնվեր ու նվիրաբերվեր Թբիլիսիի հայկական համայնքին` խոսվել ու հայտարարվել է բազմիցս, սակայն թե ով է, ըստ հայտարարությունների հեղինակների, Թբիլիսիի հայկական համայնքը ներկայացնողը` այդպես էլ չի հստակեցվում:

Մի խոսքով, արդեն իսկ ակնհայտ է, որ դժգոհողներ ու բողոքողներ հաստատ կլինեն, անկախ այն հանգամանքից, թե Թբիլիսիի հայկական համայնք կոչվելու պատիվն ում կվերապահվի:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4