«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2012-02-23 | #34, 2012-02-24 | #35, 2012-02-25


ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՉԿԱՆ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ` ԿԱՆ

Իսկ ընտրություններն ո՞վ է կեղծում

«Ինձ միայն մի հարց է հետաքրքրում, ի՞նչ սկզբունքով է որոշվել այսօրվա քննարկման մասնակիցների կազմը», երեկ հարցրեց ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը միջոցառման կազմակերպիչներին: Վերջիններս` Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնն ու ԱՄՆ ժողովրդավարության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը, վստահեցրին, որ որեւէ սկզբունք չի եղել ու որեւէ միտում չի եղել: Թե ինչո՞ւ հարգարժան Էնֆիաջյանի մեջ առաջացավ այս հարցը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանի ու ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի ընկերակցությամբ, դժվար է ասել, ու միայն ենթադրությունների դաշտից է: Հետեւաբար` անդրադառնանք բուն քննարկումներին:

Ցուցակներ

Տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակները, դրանցում այս կամ այն տեղերը քաղաքական տարբեր վերլուծաբանների ուշադրության կենտրոնում են, մանավանդ որ արդեն իսկ հայտարարվել է ԱԺ գալիք ընտրությունների օրըՙ մայիսի 6: Ի՞նչ սկզբունքով է կազմում իր համամասնական ցուցակը կոնկրետ ԲՀԿ-ն: Էնֆիաջյանը, նախ ընդգծելով, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որեւէ առնչություն չունի ԲՀԿ-ի հետ, վստահեցրեց, որ կուսակցության համամասնական ցուցակը կազմվում է ԲՀԿ տարածքային` թվով 63 կազմակերպությունների ու ԲՀԿ քաղաքական խորհրդի 217 փորձառու անդամների ներգրավածությամբ: «Միակ հստակ բանը, որ կարող եմ ասել, մեր ցուցակի առաջին համարի անունն է. ԲՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը», հայտարարեց Էնֆիաջյանը: Մի ուշագրավ նորություն եւս ԲՀԿ-ի ցուցակի հետ կապված: Մասնավորապես կուսակցության համամասնական ցուցակի 20 տոկոսը, ԲՀԿ քաղխորհրդի որոշմամբ, կլինեն երիտասարդներ, այն էլ, ինչպես Էնֆիաջյանը ընդգծեց, նվազագույնը 20 տոկոսը:

Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներին», ապա ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանը , ընդգծելով, որ «ժամանակն է լիդերապաշտ քաղաքականությունից անցում կատարելու հասարակական քաղաքականություն», ասաց. «Մեր ցուցակները կազմվելու են բացառապես կոլեգիալ սկզբունքով»: Այս առումով նկատենք, որ չեն դադարում խոսակցությունները «Ազատ դեմոկրատների» ու «Ժառանգության»` ընտրություններին միասնաբար հանդես գալու վերաբերյալ: Ինչպես «Ժառանգությունից», այնպես էլ «Ազատ դեմոկրատներից» կրկնում են, որ առայժմ այս կապակցությամբ երկու կուսակցությունների միջեւ ընթանում են խորհրդակցություններ, եւ միայն առաջիկա համագումարները հստակեցում կմտցնեն այս հարցում:

Ուրիշ հարց են ՀԱԿ-ի ցուցակի առանձնահատկությունները: Նախօրեին, օրինակ, ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ կուսակցությունը շարունակում է մնալ կոնգրեսի կազմում, սակայն ՀԱԿ համամասնական ցուցակում կլինի միայն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը: Վերջինս, ի դեպ, օրեր առաջ հայտարարել էր, որ ինքը պատգամավոր դառնալու ցանկություն չունի: Այդուհանդերձ` երեկվա քննարկմանը ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը այս կապակցությամբ ասաց. «Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, կոնգրեսի համամասնական ցուցակի կազմումը անհամեմատ բարդ գործընթաց է. ՀԱԿ-ում ներառված են 18 կուսակցություններ»: Մյուս կողմից` Աբրահամյանն ընդգծեց, որ ՀԱԿ-ի համար գալիք ընտրությունները «լայն խնդիր են». «Մեզ համար ավելի կարեւոր է մեր գլխավոր խնդրի լուծումը` Սերժ Սարգսյանի հրաժարականն ու երկրում սահմանադրական կարգի վերականգնումը: Հետեւաբար ՀԱԿ-ում քննարկումներն ընթանում են ոչ թե ցուցակի տեղերի շուրջը, այլՙ մեր գլխավոր խնդրի լուծման վերաբերյալ տարբեր կուսակցությունների առաջարկած մեխանիզմների»: Այդուհանդերձ` Աբրահամյանը վստահեցրեց, որ կոնգրեսը շուտով, «ավելի շուտ, քան դա նախատեսված է օրենքով», կներկայացնի իր ցուցակը: Որ «Հանրապետություն» կուսակցությունը այդ ցուցակում առաջադրում է միայն կուսակցության ղեկավարին, ենթադրության հիմք է տալիս, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կկազմվի հենց այդ սկզբունքով` առաջին տեղերումՙ բոլոր կուսակցությունների նախագահները:

Ընտրակեղծիքներ

Սամվել Աբրահամյան . «Բավական իրատեսական է, որ ընդդիմադիր ուժերը համաձայնագիր ստորագրեն` ընտրակեղծիքների դեմ համատեղ ու միասնաբար պայքարելու համար»:

Անուշ Սեդրակյան . «Մենք լիովին համաձայն ենք այս կարծիքին»:

Վահե Էնֆիաջյան . «ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք պայքարում են ընտրակեղծիքների դեմ»:

Ինչպես գիտենք, ընտրակեղծիքներ չեն ցանկանում ո՛չ ՀՀԿ-ում, ո՛չ ՕԵԿ-ում, ո՛չ ՀՅԴ-ում, ո՛չ «Ժառանգություն»-ում եւ այլ բազմաթիվ կուսակցություններում: Հետեւաբար առաջանում է երկու հարց.1. Ինչո՞ւ հայաստանյան կուսակցությունները, թեկուզ միայն ընդդիմադիրները, չեն ստորագրում համաձայնագիր «խաղի ընդհանուր կանոնների» ու ընտրակեղծիքների դեմ միասնաբար պայքարելու մասին: 2. Ուրեմն ո՞վ է ընտրությունները կեղծում...հավանաբար «Ենի Ազարբայջյա՞նը»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4