«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2012-02-23 | #34, 2012-02-24 | #35, 2012-02-25


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ Է ԶԳՈՒՄ

«Սերնդափոխություն է անհրաժեշտ ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության դաշտում: Եկել է պահը, որ Հայաստանում ոչ միայն սերնդափոխություն, այլեւ իշխանափոխություն լինի», ասում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ իրենց ցուցակներում նույնպես կլինեն երիտասարդներ:

Նրա մեկնաբանությամբ` պետության արտաքին քաղաքականությունն այս պահին պայմանավորված է ներքին զարգացումներով: «Եվրոպական կառույցները Հայաստանին բնորոշ այլանդակություններ ընտրություններին չեն հանդուրժի, եւ Հայաստանն այս անգամ եվրոպական չափանիշներին գոնե մոտ մակարդակ պետք է ցուցաբերի:

Համամասնական ցուցակի մասին ՀՅԴ խմբակցության ղեկավարը որեւէ տեղեկություն չհրապարակեց` ժամանակը կգա, կասենք:

«Մարդուժի պակաս չունենք, այժմ ցուցակի տեղերի հարցով ընթանում են քննարկումներ», ավելացրեց դաշնակցական պատգամավորը:

Թե ո՞վ է գլխավորելու Դաշնակցության ցուցակը կամ կմասնակցի՞ Հրանտ Մարգարյանն ընտրություններինՙ Հովհաննիսյանի պատասխանը հետեւյալն էր. «Չգիտեմ, կտեսնենք»:

Հովհաննիսյանին կասկածելի է թվում, որ ընտրությունների նախաշեմին կառավարությունը քննարկում է արտակարգ դրության օրենքը:

«Բանակի ներգրավումը ներքին հարցերի մեջ անընդունելի է: Եթե այլանդակություն է լինում երկրում, ապա դա ներքին խնդիր չէ, եւ մենք կարող ենք ոչ թե արտակարգ, այլ ռազմական դրություն հայտարարել»: Ըստ Հովհաննիսյանի` հասարակությունը կարող է կարծել, որ իշխանություններն ընտրությունից առաջ են նման կարեւոր հարց քննարկում, որովհետեւ կանխատեսում են, որ մարտի 1-ի իրավիճակը կարող է կրկնվել: «Պետք է պայքարել լցոնումների դեմ, այլ ոչ թե այլանդակություն անելով հանդերձՙ օրենք ընդունել դրանց դեմ պայքարելու: Անդրադառնալով Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրությանը, դաշնակցական պատգամավորը տեսակետ հայտնեց, որ դա երկուստեք օգտակար երեւույթ է: «ԲՀԿ-ն օգտվեց, որովհետեւ իր շարքերում հայտնվեց նոր, շատ ակտիվ դեմք, իսկ Օսկանյանը շահեց, որովհետեւ երկրի ամենուժեղ կուսակցություններից մեկի դիրքերից կարող է իր քաղաքական միտքը արտահայտել»:

Ինչ վերաբերում է Օսկանյանի հայտարարությանը, որ կոալիցիոն հուշագիրը դադարեց գործել այն պահից, երբ կոալիցիոն ուժերը հայտարարեցին ընտրություններին առանձին մասնակցելու մասին, Հովհաննիսյանն ասաց, որ կարծիքը պատահական չէ եւ միայն Օսկանյանինը չէ: «Երբ առաջին անգամ հայտարարվեց, որ կոալիցիոն կուսակցություններն աշխատելու են այնպես, որ չխախտեն գոյություն ունեցող հարաբերակցությունը, տրամաբանական էր սպասել, որ պետք է միասնական ցուցակով գնային, միայն այդ պարագայում նրանք կարող էին վստահ լինել, որ պայմանավորվածության համաչափությունը չի փոխվի: Հետո եղավ նոր հայտարարությունը, որ կուսակցությունները գնում են առանձին, դա նշանակում է, որ նախկին պայմանավորվածությունն այլեւս չի գործում»: Իշխանության հայտարարությանը, որ նոր խորհրդարանում գործարարներ, բիզնեսմեններ չեն լինելու, Վահան Հովհաննիսյանը քմծիծաղով է վերաբերվում, քանի որ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը իրավունք չունեն որոշելու, թե որ կատեգորիայի մարդը կարող է ընդգրկվել խորհրդարանում: «Բիզնեսմենն էլ կարող է ընդգրկվել, բայց մանդատ ստանալուց հետո պետք է դադարեցնի ձեռնարկատիրական գործունեությունը: Այ, եթե իշխանությունները կարողանան այնպես անել, որ պատգամավոր դառնալուց հետո բիզնեսմենները միայն օրենսդիր աշխատանքով զբաղվեն, այլ հարց է, բայց չեն կարող անել: Որ լրիվ խայտառակ չլինեն, իրենց ցուցակներում չեն ընդգրկի, բայց մեծամասնականով կընտրվեն, հետո կընդգրկեն իրենց ցուցակներում: Եթե մեծամասնական ձեւաչափը չլինի, իշխանությունը ոչ միայն մեծամասնություն, այլեւ փոքրամասնություն չի լինի», հավելելով, որ ընտրակեղծումները հենց մեծամասնական ընտրատարածքներում են լինում, եւ ընտրակաշառք մեծամասնական պատգամավորներն են բաժանում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4