«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2012-02-23 | #34, 2012-02-24 | #35, 2012-02-25


ՉԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՍԵՎԱՆՈՒՄ ՎԱՆԱԴԻՈՒՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Մամուլում տարածված տեղեկությունները, թե Սեւանա եւ Երեւանյան լճերում վանադիումի պարունակությունը գերազանցում է նորմերը, պարզվում է` համապատասխանում եւ չեն համապատասխանում իրականությանը: Խնդիրն այն է, որ վանադիումի պարունակությունն, օրինակՙ Սեւանա լճում, ֆոնային բնույթ է կրում, այսինքն` խախտված չեն նորմերը, եթե կիրառվում են հայկական կամ միջազգային ստանդարտները:

Խորհրդային նորմերի կիրառության դեպքում է, որ Հայաստանի պարագայում հատկապես ջրային ավազաններն ու գետերը գրեթե ամբողջությամբ հայտնվում են աղտոտվածների շարքում: Երեկ «Հայացք» ակումբում բնապահպանության նախարարության «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սեյրան Մինասյանը ներկայացրեց, որ այն դեպքում, երբ համաշխարհային օվկիանոսում վանադիումի պարունակությունը 2.5 միկրոգրամ է 1 լիտրում, խորհրդային ստանդարտը սահմանված էր միայն 1 միկրոգրամ 1 լիտրում, այդ իսկ պատճառով Սեւանում վանադիումի 5-6 միկրոգրամ լիտրում առկայությունը գնահատվում էր շատ բարձր, թեեւ իրականում դա Սեւանի ֆոնային ցուցանիշ է:

Այս բացատրությունը հաստատեց նաեւ բնապահպան Կարինե Դանիելյանը : Նա հաստատեց, որ Սեւանում վանադիումի նշված քանակը արտառոց չէ, ավելին, Սեւանում ընդհանրապես վերջին շրջանում դրական շարժ կա, թեեւ բազմաթիվ խնդիրներ դեռ մնում են: Մասնավորապես մեծացել է Սեւանի ջրի թափանցիկությունը, ջուրն ավելի մաքուր է, մակարդակը բարձրացել է:

Այս ամենի կողքին Դանիելյանը նշեց, որ նոր խնդիրներ են առաջացրել այդպես էլ չմաքրված, բայց արդեն ջրի տակ մնացած ափամերձ հատվածները: Սեւան են լցվում չմաքրված կեղտաջրեր, աղտոտվում են Սեւան թափվող գետերը` հանքարդյունաբերական շահագործման պատճառով:

Ընդհանուր առմամբ, ըստ Կարինե Դանիելյանի, Սեւանա լճում վանադիումի պարունակության առումով մտահոգությունները արդարացված չեն: Դրա փոխարեն, Երեւանյան լճի աղտոտումը, նաեւ վանադիումի բարձր պարունակությունը մտահոգիչ են առնվազն այն պատճառով, որ լճի մաքրման կայանները վաղուց շարքից դուրս են եկել ու չեն գործում:

Երեւանյան լճում վանադիումի պարունակությունը, թեեւ խորհրդային ստանդարտների համաձայն, բավականին բարձր է նաեւ ըստ Սեյրան Մինասյանի: Մոնիտորինգով եւ ոչ գնահատմամբ զբաղվող ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ արդեն 2013-ից տվյալներ կհավաքագրվեն հայկական նորմերին համապատասխանությամբ, որոնք առավել իրատեսական ու ճիշտ կներկայացնեն իրավիճակը Հայաստանի ջրերի վիճակի ու աղտոտվածության առումով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4