Վաշինգտոնի շրջանի ամերիկահայերը նախորդ շաբաթավերջին, հաշվի չառնելով եղանակային շատ վատ պայմանները, հիշատակի տուրք են մատուցել Ադրբեջանի ագրեսիայի զոհերին ու համերաշխություն հայտնել անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին` «արդար եւ տեւական խաղաղություն ապահովելու նրանց ջանքերում»:
Ինչպես տեղեկացնում են Հայ երիտասարդների ֆեդերացիայի Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղից, ակցիայի ընթացքում հիշատակել են Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին, ուշադրություն են հրավիրել Նախիեւջանում Ջուղայի 1300-ամյա խաչքարերն ու գերեզմանատունը ավերելու փաստի վրա, այլ ավերածությունների, որ Ադրբեջանում շարունակվում են մինչ այսօր:
«Ադրբեջանի դեսպանատան մոտ մենք հավաքվել ենք հիշելու Սումգայիթում ու Բաքվում զոհվածներին, ինչպես նաեւ դատապարտելու Ալիեւի ռեժիմի շարունակական սպառնալիքներն ու հարձակումները Արցախի ու Հայաստանի հանդեպ», ակցիայի ընթացքում նշել է «Անի» մասնաճյուղի ղեկավար Թեւին Փոլաթյանը:
Ա. Հ.