«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2012-02-24 | #35, 2012-02-25 | #36, 2012-02-28


... ՈՒՐ ՀԱՅԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Խոջալուն այսօր կրում է արցախյան պատերազմի հերոս, գեներալ Քրիստափոր Իվանյանի անունը: Ներկայումս ավելի քան 1000 բնակիչ ունեցող Իվանյանում ապրում են նաեւ նախկին խոջալուցիներ, ովքեր նախորդ դարի երկրորդ կեսերին ստիպված են եղել լքելու հայրենի բնօրրանը` երբեւէ վերադառնալու թաքուն հույսով: Նրանց երազանքն այսօր իրականություն է դարձել:

Փետրվարի 26-ին, Խոջալուի ազատագրման օրը, Իվանյանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված գյուղի ազատագրման 20-ամյակին: Նախքան միջոցառումն սկսվելը Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» պետական հավատարմագրված համալսարանի ուսանողները տեղի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ կազմակերպեցին ցուցապաստառներով լռության երթ, որով դատապարտում էին քսանամյա վաղեմություն ունեցող իրադարձությունները Ադրբեջանի կողմից խեղաթյուրելու պարբերաբար փորձերը:

Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիսավոր հավաք, որին մասնակցում էին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը , Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը , հասարակական կառույցների ներկայացուցիչներ, նախկին ազատամարտիկներ:

- Բոլորս վայելեցինք այս հիշարժան եւ գեղեցիկ օրը: 2012 թվականի այսօրվա Իվանյանը լրիվ այլ տրամադրություն ունի: Դրանով մենք պարտական ենք այն մարդկանց, որոնք 1992-ին ճիշտ հասկացան ստեղծված իրավիճակը եւ ազատագրեցին Խոջալուն, ուր հայը վերադարձավ տիրոջ իրավունքով: Բոլոր այն մարդիկ, որոնք ապրում են այստեղ, պակաս սխրանք չեն գործում: Արցախի իշխանությունների անունից շնորհավորում եմ բոլորիս այս օրվա առթիվ եւ ցանկանում եմ, որպեսզի Իվանյանը այսուհետեւ եւս նորանոր հաջողություններ արձանագրի: Հիշենք, որ Իվանյանը Արցախի 20-ամյա անկախության ամենակարեւոր ձեռքբերումներից է,- իր ելույթում մասնավորապես ասաց Ա. Ղուլյանը:

Արցախի ազատամարտիկների միության վարչության կողմից Խոջալուի վնասազերծման ռազմագործողությանը մասնակցած մի խումբ ազատամարտիկներ պարգեւատրվեցին «Հայրենյաց պաշտպան» մեդալով, պատվոգրերով ու թանկարժեք նվերներով: Իսկ դպրոցի աշակերտները կազմակերպել էին գրական-գեղարվեստական հանդես, որի ընթացքում հնչեցին այն 17 նահատակների անունները, ովքեր զոհվել էին Խոջալուի ազատագրման մարտերում:

Իվանյանն այսօր Ասկերանի շրջանի բարգավաճող գյուղերից է, եւ ինչպես նշեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սլավա Առուշանյանը , Իվանյանը կարող է նաեւ Ասկերանի արժանի մրցակիցը դառնալ:

Խորհրդային տարիներին էլ Ասկերանի ու Խոջալուի միջեւ ընդգծված մրցակցություն կար: Սակայն այդ մրցակցությունը տեղացի հայերին իրենց պատմական հայրենիքից աստիճանաբար վտարելու անթաքույց նպատակ էր հետապնդում, ինչը հետագայում հանգեցրեց զինված բախման` միանգամայն օրինաչափ հետեւանքներով: Այժմ այդ «մրցակցությունը» միտված կլինի միայն վերստին հայեցի դարձած Իվանյանի խաղաղ բարգավաճմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4