Մարտի 4-ին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, եւ Վլադիմիր Պուտինը կդառնա երկրի գերագույն պաշտոնյան: Եթե նույնիսկ հրաշք տեղի ունենա ու պահանջվի երկրորդ տուր, պատկերը չի փոխվի: Սա հասարակայնության կարծիքն է, եւ դա հաստատում են բոլոր սոցիոլոգիական հարցումները, այդ թվում նաեւ այն ռուսաստանյան կենտրոնների, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի կողմից:
Այն պահից, երբ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց Պուտինին նախագահի թեկնածու առաջադրելու մասին, հօդս ցնդեց անցած չորս տարում Ռուսաստանի երկգլխանի կառավարման միֆը: Պարզ դարձավ, որ այդ ժամանակահատվածում էլ երկիրն առաջնորդել է մեկ «գլուխ»ՙ Վլադիմիր Վլադիմիրովիչը: Ըստ էության դա շատերի համար գաղտնիք չէր: «Վիկիլիքսի» շատ բացահայտումներ եւս վկայում են, որ քաղաքական աշխարհի շատ մեծեր լուրջ չեն ընդունել Մեդվեդեւի դերակատարումը:
Ինչո՞ւ Պուտինը: Ելցինի եւ Պուտինի օրոք ապրած ամեն մի անձ, նույնիսկ քաղաքականությունից հեռու, չի կարող չտեսնել այն հսկայական տարբերությունը, որ առկա է երկուսի կառավարման տարիների միջեւ: Խմիչքահակ «դեմոկրատ» Ելցինի ժամանակ Ռուսաստանը հսկայական քայլերով հետընթաց էր ապրում. սրընթաց քայքայվում էին էկոնոմիկան, սոցիալական համակարգերը, բանակը, թալանվում էր խորհրդային սեփականությունը, աննախադեպ էր բանդիտիզմը, Հյուսիսային Կովկասում իսկական պատերազմ էր ծավալվել: Երկիրը փաստորեն հայտնվել էր, ինչպես ռուս նացիոնալիստներն են ասում, «վաշինգտոնյան մարզկոմի» վերահսկողության ներքո:
Գալով իշխանության գլուխՙ Վլադիմիր Պուտինը առաջին հերթին լուծեց երկու կարեւորագույն եւ գերբարդ խնդիրՙ սանձահարեց ծայրահեղ լկտիացած հրեա օլիգարխներին եւ վերագրավեց Գրոզնին: 1999-2009 թթ. Ռուսաստանը իր էկոնոմիկայով մտավ աշխարհի 7 առաջատար երկրների շարքը: 10 տարում երկրի բյուջեն աճեց 14 անգամ, վճարվեցին բոլոր արտաքին պարտքերը, ստեղծվեց աշխարհի ոսկեարժույթի երրորդ պաշարը, երրորդ տեղը գրավեց նաեւ հացահատիկի արտահանությամբ, ուշքի եկավ բանակը: Ավելին, էկոնոմիկայի աճի տեմպերը թույլ են տալիս հուսալ, որ 10-15 տարի հետո Ռուսաստանը կդառնա մոլորակի երեք գերտերություններից մեկը: Եվ հարցը միայն նավթի ու գազի մեջ չէ:
Անուրանալի է, որ Պուտինը Ռուսաստանին վերադարձրեց արժանապատվությունը, ստիպեց հաշվի նստել իր եւ երկրի հետ: Անշուշտ, ներկայիս Ռուսաց երկիրը դեռ ԽՍՀՄ գերտերությունը չէ, սակայն ակնհայտ է ազդեցության վերականգնումը հատկապես եվրասիական տարածաշրջանում, ուր ծավալվում են ինտեգրացիոն ակտիվ գործընթացներ:
Ճկուն ու դինամիկ է Պուտինի միտքը, ճարտար ու խայթիչՙ լեզուն, վստահՙ կեցվածքը:
Ի՞նչն է հատկանշական ներկա նախընտրական պայքարին: Ընդգծված արեւմտյան հակապուտինական քարոզչությունն ու որոգայթներըՙ «Ռուսաստանն առանց Պուտինի» շրջանառության մեջ դրված կարգախոսով: Արեւմտյան լրատվամիջոցներում հազվադեպ դրական բան կգտնեք այս մարդու հասցեին:
Ո՞րն է դրա հիմքը: Չարալից ափսոսանքը, որ ձեռքից բաց թողեցին (իհարկե, Պուտինի պատճառով) բռի մեջ հայտնված լայնածավալ երկիրը: Չէ՞ որ Ելցինի ժամանակ արդեն բացահայտ խոսում էին Ռուսաստանը Հեռավորարեւելյան, Սիբիրյան, Եվրոպական եւ մի շարք այլ «անկախ» պետությունների բաժանելու մասին (ի դեպ, Պուտինը վերջերս պատմեց, որ Ռուսաստանի բնական հարստություններին տիրած օլիգարխները պատրաստվում էին իրենց ակտիվները վաճառել արեւմտյան ընկերություններին):
Մի առիթով Պուտինն ասաց, որ Արեւմուտքի (ԱՄՆ-ի) հարձակումները ըստ էության ոչ թե իր անձի դեմ են, այլ երկրի: Ռուսաստանը խայծ է իր հսկայական բնական հարստություններով, առավել եւս, երբ համանման, մասնավորապես էներգետիկ, պաշարները մնացյալ աշխարհամասերում սպառման վտանգի տակ են: Աշխարհաքաղաքական առումով Պուտինի վերադարձը Արեւմուտքի համար անցանկալի է, քանզի նա, դաշինք կնքելով Չինաստանի, հնարավոր էՙ Հնդկաստանի եւ Իրանի հետ, կարող է պատնեշ դառնալ ԱՄՆ-ի գլոբալ նկրտումներին: Արդեն այսօր հսկայական ֆինանսներ հատկացնելով բանակին, Պուտինը ի վիճակի է արդյունավետորեն հակազդելու Ռուսաստանը շրջափակելու ՆԱՏՕ-ի պլաններին:
Անշուշտ Ռուսաստանում էլ ոչ ոք աչքաթող չի անում Պուտինի գործունեության, հատկապես ներքին քաղաքականության բացերըՙ մասշտաբային կոռուպցիան, չինովնիկների կամայականությունը, անարդարացի իրավական համակարգը եւ այլն: Բայց ընդունելով Պուտինի անուրանալի առավելությունները գահի մյուս հավակնորդների համեմատ, մարդիկ հույս են ակնկալում, որ նրա կառավարման երրորդ շրջանը շատ ավելի արդյունավետ կլինի:
Առանձնացնենք եւս մի պարագա. ո՞րն է նորությունը Պուտինի հակառակորդների ներռուսաստանյան ճամբարում: Արդեն թոշնած ու դժգույն Նեմցովի, Կասյանովի եւ նմանների կողքին վերջերս հայտնվել է Արեւմուտքի նոր սիրեցյալըՙ «խենթ ու հանդուգն» բլոգեր Ալեքսեյ Նավալնին: Պարզվում է, որ այս ռոմանտիկ համալսարանականը սովորել է Եյլի նշանավոր համալսարանում եւ ֆինանսավորվել է ԱՄՆ-ի դեմոկրատիայի զարգացման ազգային հիմնադրամի կողմից:
Երկու խոսք մեր «հայրենակից», շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի մասին: Հիրավի տաղանդավոր շախմատիստը, վերաորակավորվելով որպես ծայրահեղ աջ քաղաքագետ, ասպարեզ է մտել իբրեւ թունդ հակապուտինական: Այն աստիճան, որ նրան բարեհաճել է ընդունել նույնիսկ Բարաք Օբաման: Ըստ ռուսական մամուլի տվյալների, Կասպարովը Վաշինգտոնի նեոկոնների ռազմական գիտական կենտրոնի տնօրենների խորհրդի, ԱՄՆ-ի անվտանգության (ոչ ավել, ոչ պակաս) քաղաքական կենտրոնին առընթեր ազգային խորհրդի վարչության անդամ է: Նորից ռուս նացիոնալիստների արտահայտությամբՙ Պուտինի բոլոր երեւացող ընդդիմախոսներից Արեւմուտքի հոտ է փչում:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա