Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Թուրքիայում հակահայկական ցույցերն ու այդ երկրում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին կոչ արել եւս դատապարտել «կառավարության կողմից թույլատրված` բռնության դրդող ակցիաները»: Խոսքը փետրվարի 26-ին թուրքական մի շարք քաղաքներում, այդ թվում` Ստամբուլում տեղի ունեցած, ադրբեջանական կազմակերպմամբ, բայց թուրքական կատարմամբ ակցիաների մասին է, որոնք ադրբեջանական կողմի քարոզչական հերթական ակցիաների շրջանակներում փորձում են աշխարհին ներկայացնել Խոջալուի չեղած «ցեղասպանությունը»:
Ինչպես տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը Վաշինգտոնից, թուրքական կառավարության թույլտվությամբ տեղի ունեցած հակահայկական ակցիաները հայերի դեմ ուղղված ատելություն ու բռնություն են հրահրում: «Դուք բոլորդ հայեր եք, դուք բոլորդ տականքներ եք», մեջբերելով միջազգային տարբեր գործակալությունների հաղորդագրությունները` Հայ դատի հանձնախմբի հայտարարությամբ նշվում է, որ նմանօրինակ ակցիաներ ու հայտարարություներ արվել են նաեւ թուրքական այլ քաղաքներում:
«Հակահայկական այդ ակցիաները Ստամբուլի փողոցներում` ներքին գործերի նախարարի եւ տարբեր կուսակցությունների հայտնի գործիչների մասնակցությամբ, հստակորեն ունեին Թուրքիայի հայ քաղաքացիների եւ հարեւան Հայաստանի դեմ ուղղված աճող ռասիզմն ու նորացված բռնությունները հրահրելու նպատակ», ընդգծել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նշել է նաեւ, որ այսօրինակ պահվածքը ոչ միայն հետցեղասպանային պետության արձագանքներն են, այլեւ «դիտավորյալ քայլերը նախացեղասպան թուրքական հասարակության, որ զայրացած վայրահաչում է ենթադրյալ թշնամիների վրա եւ փնտրում իր հաջորդ թիրախը»:
Ա. Հ.