«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2012-02-24 | #35, 2012-02-25 | #36, 2012-02-28


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՕՐԵՆՔԻ

Երեկ սկսվեց Ազգային ժողովի հերթական քառօրյան: Ու թեեւ լուրեր կային, որ հաջորդ քառօրյայում արդեն քվորում կարող է չլինել, քանի որ նախընտրական քարոզչությունն է դռանը, սակայն երեկ 100-ից ավելի պատգամավոր էր ներկա, ու նույնիսկ բոլորը քվեարկում էին իրենց փոխարեն, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն էլ, «Ժառանգության» Անահիտ Բախշյանի հիշեցմանը դիմակա, նշեց, որ անհանդուրժող է լինելու ուրիշի փոխարեն քվեարկողների հանդեպ: Սակայն հավանաբար աշխատանք էր տարվել, եւ բազում էին խորհրդարանի դահլիճ կոչեցյալք: Մանավանդ` երկու հասարակական հնչեղության փաթեթ կառավարության նախաձեռնությամբ քննարկվում էին հատուկ կարգով` 24-ժամյա ռեժիմ առաջինից երկրորդ ընթերցում, եւս 24-ժամյա ռեժիմ` երկրորդից երրորդ ընթերցում: Խոսքը գույքահարկի եւ հողի հարկի գծով ապառքները ներելու կառավարության նախաձեռնություն-փաթեթի, ինչպես նաեւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» նախագծի մասին է, որոնք երկուսն էլ խորհրդարանական ընդդիմությունը սվիններով է ընդունում: Հատկապես առաջինը, որով 43 մլրդ դրամի հողի հարկ ու գույքահարկ է զիջվելու հողօգտագործողներին եւ գույքատերերին, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» անվանեցին օրինականացված ընտրակաշառք` տեղական բյուջեների հաշվին (2008-ից 2011 թվականների ընթացքում 2 մլն դրամից ցածր պարտք կուտակածները ազատվելու են տույժուտուգանքներից): Արա Նռանյանն ու Վահան Հովհաննիսյանը խոսում էին այն մասին, որ պարտաճանաչ վճարողների համար անհավասար պայմաններ են ստեղծվում, քանի որ նրանց ջանքերն ի դերեւ են ելնում` չմուծողներին ներելով պարտքերը, եւ սա նախընտրական նպատակ է հետապնդում ըստ նրանց. «Ստացվում է, որ ժողովրդով պետբյուջե ենք հավաքում, իսկ բյուջեի որոշ մասը կառավարությունն օգտագործում է ընտրություններում վերարտադրվելու համար», նշեց Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ ՀՅԴ-ի այս կարգի ոլորտային բազմաթիվ նախաձեռնությունները տարբեր ժամանակներում մերժվել են, իսկ հիմա կառավարությունը լավամարդ է լինում: Չնայած` Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ իրենք չեն կարող դեմ լինել այդպիսի նախագծին: Ամենահետաքրքրականն այն է, որ արդեն այդ կուտակված պարտքերը եւ գոյացած տույժերը կառավարությունը նախկինում ընդունված օրենքներով զիջել է արդեն:

«Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը հարկ չմուծելու ուղերձ անվանեց օրինագիծը` ընտրակաշառք տեղական բյուջեների հաշվին, Լարիսա Ալավերդյանը նշեց մինչեւ երկրորդ ընթերցում օրենքում տարբերակված մոտեցում ամրագրելու անհրաժեշտության մասին: Նշվում էր հապճեպության անընդունելիությունը: Տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանը նշել էր, թեեւ, որ օրենքը հարկատուների շատ փոքր հատվածին է վերաբերում, եւ տեղական տուրքերի հավաքագրումը վերջին տարիներին շատ բարձր ցուցիչ է գրանցել, բայց ընդդիմադիրները մնում էին իրենց կարծիքին:

Քննադատությանը պատասխանող ՀՀԿ-ականներից առանձնացնենք Գալուստ Սահակյանի անդրադարձը, որը նշեց, թե չի կարելի կարեւորագույն խնդիրները մուննաթով լուծել, կարդալ իմանալը պարտադիր է (այսինքն` թե լավ կարդացեք նախագիծը) եւ այլն: Նա այս նախագիծն ընտրակաշառք անվանողներին հակադրում էր, թե քայլ առ քայլ բավականին լուրջ գաղափարախոսություն է իրականացվում` տույժ-տուգանքները վերացվեցին, հողի կատեգորիայի փոփոխության հարցը լուծվեց: Բացի այդ` իր եւ իր ընկերների գրած նույնատիպ օրենքը վաղուց էր շրջանառության մեջ, բայց կառավարության գրածն ավելի լավն է, ու իրենցը իրենք հանել են, էլ ի՞նչ հապճեպություն, օրենքի կիրառությունն էլ դեռ երկար ճանապարհ է անցնելու եւ ընտրությունների հետ էլ կապ չունի:

Այսպես թե այնպես` օրենքի առաջին ընթերցմամբ քննարկումն ավարտվեց ու այսօր կքվեարկվի: Այնուհետեւ սկսվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի քննարկումը, որի վիճահարույց դրույթը, թեեւ կառավարությունը վերցրել ու լրամշակել էր նախագիծը, ըստ ընդդիմության մնացել է: Խոսքը հատուկ դեպքերում զինված ուժերի կիրառման մասին է` սահմանադրական կարգը պահպանելու ոտնձգության դեպքում, ինչը ընդդիմությունը հակասամանադրական է համարում, այն ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ` ոչ: Ինչը ձեւակերպվեց Ստյոպա Սաֆարյանի զարմանքում` մի՞թե այսքան վատ է գրված մեր սահմանադրությունը, որ ամեն ոք կարող է յուրովի մեկնաբանել, եւ որտե՞ղ է գրված սահմանադրության մեջ, որ զինվորը պետք է պաշտպանի սահմանադրական կարգը:

Այսօր քննարկումը կշարունակվի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4