ՅՈւՆԵՍԿՕ-ն արեւմտահայերենը հայտարել է վտանգված լեզու ու գնահատել որպես պաշտպանության կարիք ունեցող լեզուներից մեկը:
Պատմաբան Գեւորգ Յազըճյանը կարծում է` վտանգված է նաեւ արեւելահայերենը: Հապացույց ասվածիՙ երեկ «Ուրբաթ» ակումբում նա ցույց տվեց մի քանի բրոշյուրներ, հայտարարություններ ու ծանուցագրեր, որոնք փոխանակ հայերեն գրվելու, գրված էին անգլերեն: Արաբերեն գրված ու անգլերեն ստորագրված հայկական եկեղեցու մի ստացագիրը, Լիբանանում Հայաստանի դեսպանի հրավիրագիրը: Պատմաբանը դրանք բերել էր Լիբանանից, որտեղ ինչպես առերեւույթ, այնպես էլ ներքուստ հայոց լեզուն անուշադրության է մատնվում:
«Արաբական երկրում հայը հայի հետ շփվում է անգլերեն, ոչ թե հայերեն»: Այս դեպքում, ըստ նրա, մի կերպ կարելի է հասկանալ անգլերենի գերակայությունը, քանի որ Լիբանանում անգլերենը պաշտոնական լեզու է, իսկ ի՞նչ բացատրություն տալ Հայաստանում հայերենի հանդեպ անտարբերությանը: Առ այսօր հնարավոր չէ բջջային հեռախոսներով ուղարկել հայատառ հաղորդագրություն:
Իսկ խանութների, գեղեցկության սրահների կամ գրասենյակների ոչ հայատառ ու ոչ հայերեն ցուցանակներն առանց պարոն Յազըճյանի տեղեկացման էլ անզեն աչքով կարող ենք տեսնել մայրաքաղաքում` գրեթե ամեն քայլափոխի:
Անդրադառնալով հայերենի հանդեպ գիտական ոլորտի անուշադրությանը` Գեւորգ Յազըճյանը ընդգծում է` ինչպես խորհրդային շրջանում, հիմա էլ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական գրեթե բոլոր հոդվածները գրվում են ռուսերեն` բացառությամբ հայագիտական պարբերականների հոդվածների: Բայց, ըստ նրա, հայագիտության մեջ հայերենը նույնպես վտանգված է, ինչի մասին է վկայում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսությունը, որի պաշտպանությունը լինելու է այսօր, ռուսերեն լեզվով, իսկ ընթացակարգը նախատեսված է հայերեն: Այս մոտեցումը պատմաբանը գնահատում է անլուրջ վերաբերմունք, մինչեւ անգամ հայոց լեզվի սրբապղծություն:
Երեկվա դրությամբ ընդամենը 24 ժամ ժամանակ տալով մասնագիտական խորհրդին` ատենախոսությունը պահանջելու համար հայերեն, Գեւորգ Յազըճյանը, պայմանը չկատարելու դեպքում, մտադիր է նրանց հետ վերադարձնել վկայականը, որով մասնագիտական խորհուրդը վկայել է նրա գիտական աստիճանը. «Վերադարձնելու եմ, քանի որ սա արդեն ամոթանք եմ համարում: Կարելի է շատ բաներ տրորել, կաշառքով անցկացնել ու մարդկանց դոկտորական, թեկնածուական տալ, սակայն հայոց լեզուն տրորել չի կարելի»:
Հայագիտության մեջ հայերենի դերից խոսեց նաեւ ամերիկահայ մտավորական Արթուր Արմինը. «Միացյալ Նահանգների հայագիտական ամբիոններում այսօր պատրաստվում են հայագիտության մագիստրոսներ, որոնք ընդհանրապես հայերեն խոսել չեն կարող»:
2 բանախոսների ընդհանուր պահանջն էր` պահպանել հայերենն ու հայագիտությունը ըստ արժանվույն:
Ի. Պ.