Ինչպես նշել էինք «Ազգ»-ի փետրվարի 21-ի համարում, կանդրադառնանք Շոտլանդիայի հավանական անկախության հռչակմանը, այս համարում` դրա իրավական հիմքերին, շոտլանդացի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արտահայտման իրավասությանն ու այս ամենի վերաբերյալ Լոնդոնի դիրքորոշմանը:
Շոտլանդական ինքնավարության հարցն առկա է դեռեւս 1707-ից: Հենց այդ թվականին Անգլիայի ու Շոտլանդիայի միջեւ համաձայնագիր ստորագրվեց, ըստ որի Շոտլանդիան անցավ Անգլիայի «խնամակալության տակ»: Այսինքն, Անգլիան վերոհիշյալ պայմանագիրը ստորագրելով շոտլանդական պետության հետ, դիտել է վերջինիս որպես իրավահասավար սուբյեկտի, բացի սրանից` Շոտլանդիան ինքն է ստորագրել «խնամակալության տակ» անցնելու սեփական պատրաստակամության մասին իրավական փաստաթուղթը: Հիշեցնենք, որ միակ փաստաթուղթը, ըստ որի Լեռնային Ղարաբաղն անցնում է Սովետական Ադրբեջանի «խնամակալության տակ», 1921-ի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ կենտկոմի բյուրոյի պլենումի նիստի որոշումն է, որն ընդունվել է առանց քվեարկության: Հետեւաբար, ի տարբերություն Շոտլանդիայի, որը «սեփական ցանկությամբ» է առնվել խնամակալության, Ղարաբաղին ոչ ոք չի էլ հարցրել իր ցանկության մասին, ինչը վերջինիս պայքարը շատ ավելի արդարացի է դարձնում:
Դառնալով Շոտլանդիային ու հատկապես մեր օրերին` նշենք, որ Շոտլանդիայի անկախության մասին խոսակցություններն ավելի շատացան, երբ այդ երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Շոտլանդիայի ազգայնական կուսակցությունը` ներկայիս առաջին նախարար Ալեքս Սալմոնդի գլխավորությամբ: Իր առաջին իսկ հայտարարություններում Սալմոնդը նշեց. «Մենք պատրաստվում ենք մի պետություն ստեղծել, որն ազատ կլինի որոշումների կայացման հարցում, որը կկարողանա որպես հավասարը հավասարին հարաբերվել այլ պետությունների հետ: Մի խոսքով` մենք կլինենք նույնքան նորմալ մի պետություն, ինչպիսին են այսօր աշխարհում գոյություն ունեցող մոտ 200 անկախ երկրները»: Այնուհետեւ Սալմոնդն ու շոտլանդացի ազգայնականները հայտարարեցին, որ «նորմալ պետություն» ստեղծելու համար իրենք պատրաստվում են հանրաքվե անցկացնել, ընդ որում, քանի որ Մեծ Բրիտանիան սահմանադրություն չունի, այլ առաջնորդվում է ավանդույթներով, ապա ստացվել է այնպես, որ շոտլանդական (ոչ բրիտանական) պառլամենտը ունի իրավասություն` իր տարածքում անցկացնելու համաժողովրդավարական հանրաքվե: Ի տարբերություն Բրիտանիայիՙ ԽՍՀՄ-ն ուներ սահմանադրություն, որի բարեփոխված տարբերակով երկրի տարածքում գոյություն ունեցող ինքնավար մարզերն ու հանրապետություններն, ինչպիսին էր նաեւ ԼՂԻՄ-ը, ստանում էին իրավասություն որոշելու` անցնել միութենական մի հանրապետության կազմից մյուսի կազմ: Ինչը եւ, համաձայն օրենքի, արել է ԼՂԻՄ մարզխորհուրդը 1988-ի հուլիսի 12-ին:
Լոնդոնի երկու պահանջը
Անշուշտ, նախօրոք պատրաստ լինելով Շոտլանդիայում ազգայնականների հաղթանակին ու ծանոթ լինելով վերջիններիս ծրագրերին` Լոնդոնը անմիջապես արձագանքեց Սալմոնդի հիշյալ հայտարարությանը: Նախ, Լոնդոնից հայտարարեցին, թե «հանրաքվեի անցկացումն անօրինական է, եւ շոտլանդական խորհրդարանը չի կարող միայնակ իրագործել այն»: Այնուհետեւ սակայն, երբ Ալեքս Սալմոնդը պատասխանեց. «Խորհուրդ եմ տալիս Դեւիդ Քեմերոնինՙ չդիմել անհարգալից միջոցների: Մենք կողմ ենք երկխոսության եւ քննարկումների, սակայն եկեք անցկացնենք դրանք` հաշվի առնելով, որ Շոտլանդիայի խորհրդարանն ունի Շոտլանդիայում արդար հանրաքվե նախապատրաստելու եւ անցկացնելու բոլոր իրավունքները, որպեսզի Շոտլանդիայի ժողովուրդը որոշի իր ապագան: Այս հարցը Շոտլանդիայի ազգային իշխանությունների իրավասությունն է», Մեծ Բրիտանիայի կառավարությունը հենց նույն օրը որոշում կայացրեց` «շոտլանդացիների կողմից անկախության հանրաքվե անցկացնելու ճանապարհին եղած իրավական խոչընդոտները վերացնելու մասին»: Ավելին, վարչապետ Քեմերոնը հայտարարեց, որ «Լոնդոնն ամենեւին էլ դեմ չէ Շոտլանդիայի հանրաքվեին, դա նրանց իրավունքն է, պարզապես նպատակահարմար կլիներ, որ այդ հանրաքվեն անցկացվեր հնարավորինս շուտ, քանի որ հարցի անորոշությունը դանդաղեցնում է Շոտլանդիայի տնտեսության զարգացումը»: Իհարկե, հասկանալի է, թե ինչու է թագավորության «գլխավոր կառավարիչը» հիշեցնում հատկապես տնտեսության մասին. Շոտլանդիայի ֆինանսական ողջ ոլորտը համակարգվում է Լոնդոն-կենտրոնի կողմից: «Ազգը» հաջորդ համարներից մեկում կանդրադառնա հենց այս` բրիտանա-շոտլանդական տնտեսական հարաբերություններին` վերջինիս անկախության հնարավոր հռչակման համապատկերում: Այդուհանդերձ խիստ ուշագրավ է Քեմերոնի «կանաչ լույսը»` Շոտլանդիայի հանրաքվեին: Ճիշտ է, Լոնդոնն առաջ է քաշել նաեւ երկու պահանջ. նախ` հանրաքվեի քվեարկության թերթիկներում լինում է միայն մեկ հարց. «Համաձա՞յն եք դուրս գալ Միացյալ Թագավորության կազմից»` «այո» կամ «ոչ» տարբերակներով: Մինչդեռ շոտլանդացիները նախապատրաստում են նաեւ երկրորդ հարցը. «Իսկ համաձա՞յն եք Շոտլանդիայի ինքնավարության ընդարձակմանը Միացյալ Թագավորության կազմում»: Ինչպես նկատում են բրիտանացի որոշ փորձագետներ` Շոտլանդիայի ինքնավարության մակարդակի բարձրացմանը Լոնդոնն այսօր պատրաստ չէ: Երկրորդ «անգլիական» պահանջը վերաբերում է հանրաքվեի ժամկետներին: Սալմոնդն առաջարկում է, որ այն լինի 2014-ի աշնանը, Քեմերոնը, սակայն պահանջում է, որ Լոնդոնը կընդունի շոտլանդական հանրաքվեի արդյունքները, միայն եթե դա անցկացվի Լոնդոնի սահմանած ժամկետներում: Նշվում է անգամ, որ Լոնդոնը կարող է 18-ամսյա ժամկետ սահմանել, որպեսզի Շոտլանդիան հենց այս ժամանակահատվածում իրականացնի հանրաքվեն: Բանն այն է, որ այսօր շոտլանդացիների զգալի մասը համաձայն չէ Բրիտանիայի կազմից դուրս գալուն` առաջին հերթին հաշվի առնելով Միացյալ Թագավորության տնտեսական հնարավորություններն ու հանգամանքը, որ առանց այդ էլ Շոտլանդիան Բրիտանիայի համեմատաբար «ամենագործազուրկ» երկրամասն է: Սոցիալական վերջին հարցումների համաձայն` շոտլանդացիների միայն 1/3 մասն է կողմ անկախությանը: Հետեւաբար Լոնդոնը վստահություն ունի, որ հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու պարագայում նախ անկախությունը կմերժվի, հետո` Միացյալ Թագավորության միացյալ տնտեսությունը Շոտլանդիայի անորոշության պատճառով շատ չի տուժի: Նույն պատճառով էլ Շոտլանդիայի առաջին նախարար Սալմոնդն է ցանկանում հնարավորինս երկարաձգել հանրաքվեի ժամկետները: Վերջինս հույս ունի, որ մինչ այդ ժամկետը ազգայնականները կկարողանան ավելի մեծ թվով համակիրներ ձեռք բերել: Չնայած այսօր Շոտլանդիայի ազգայնական կուսակցությունը միակն է, որը բացահայտորեն անկախության է ձգտում, մյուս երեք կուսակցությունները ընդհանուր առմամբ Բրիտանիայի պահպանմանն են ձգտում:
Իսկ թե ինչո՞ւ է ընտրվել հենց 2014-ի աշունըՙ շատ խորհրդանշական պատճառով: Հենց այդ տարի կլրանա Բենոքբըրնի ճակատամարտի 700-րդ տարեդարձը, որտեղ շոտլանդացիները հաղթել են անգլիացիներին...:
Ի՞նչ է ուրեմն ստացվում. «մայր պետության» մաս կազմող ինքնավարությունը իրավասու է իրականացնել սեփական ինքնորոշման իրավունքը: Ընդ որում, այն ամենեւին էլ հակասության մեջ չդնելով «մայր պետության» տարածքային ամբողջականության հետ. կոնկրետ Լոնդոնից ոչ ոք շոտլանդացիներին չի մեղադրում Բրիտանիայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար, քանի որ սա, ինչպես գիտենք, այդ դեպքը չէ: Հետեւաբար վիճարկման ենթակա չէ նաեւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, որին, ի տարբերություն շոտլանդացիների, նախկին` անցանկալի իրավիճակը պարտադրել են: Միակ հարցը մնում է Բաքվից Լոնդոն հեռավորությունը, անշուշտՙ քաղաքակրթության ու միջազգային իրավունքի իմացության տեսանկյունից վերցրած: Օրինակՙ Մեծ Բրիտանիայի քաղաքական բառարանում կա այսպիսի տերմին` «Այդպես է կամենում թագուհին» (La Reyne ainsi veult): Սա այն դեպքերում է գործածելի, երբ թագուհին հավանության է արժանացնում որեւէ օրինագիծ: Որեւէ կասկած չկա, որ եթե Շոտլանդիայում անկախության հանրաքվե անցկացվի ու անկախության կողմնակիցներն ավելի շատ լինեն, բրիտանական թագուհին Միացյալ Թագավորության անունից միջպետական կապեր կնախաձեռնի նորանկախ պետության հետ, մակագրությամբ` «Այդպես է կամենում թագուհին»: Մինչդեռ թագուհին ամենեւին էլ թագավոր չէ... այն էլ` ադրբեջանական:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ