«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2012-02-25 | #36, 2012-02-28 | #37, 2012-02-29


ԿԹԱՆԿԱՆԱ ՆԱԵՎ ԳԻՐՔԸ

Օրենսդրական փոփոխությունների հետեւանքով տպագիր գրքերը կթանկանան, ավելի ճիշտ` արդեն թանկանում են: Խոսքը «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունների մասին է, որոնք Խորհրդարանը կատարեց անցյալ տարեվերջին:

«Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Հայկ Հովհաննիսյանն ավելացնում է` օրենքում փոփոխություններ կատարվել են դեռ 2011 թվի սկզբին, երբ սկսեցին ավելացված արժեքի հարկ գանձել այն ընկերություններից, որոնք տարեկան ունեին գրքի` մեկ միլիոն դրամից ավելի իրացում: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերի փոփոխությունները, ըստ պարոն Հովհաննիսյանի, ենթադրում են գրքերի 20 տոկոս թանկացում:

Պարզաբանումներ ստանալու նպատակով երեկ ֆինանսների նախարարի հետ հանդիպում է եղել: Վերջինիս հանդիպել է նաեւ «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը , որի խոսքով` նախարարը խոստացել է 15 օրվա ընթացքում պարզաբանումներ տալ:

Հայաստանում ուսումնական գրքերն ու մանկական գրականությունն ազատված են ավելացված արժեքի հարկից, հետեւաբար օրենքի փոփոխությունները վերաբերելու են գեղարվեստական ու վավերագրական գրքերին:

Երեկ «Հայելի» ակումբում երկու բանախոսները մտահոգություն հայտնեցին, որ գրքի թանկացումն ընթերցողին ավելի կմոտեցնի ինտերնետին ու կհեռացնի տպագիր գրքից: Թանկացումը վատ երեւույթ է, բայց ով գրքի կարիք ունի, նա դարձյալ կգնի այն, անգամ 20 տոկոս թանկացված գնով: «Ազգի» այս դիտարկմանը «Բյուրոկրատ» գրախանութի տնօրենը, սակայն, չհամաձայնեց: Նրա կարծիքով` թանկացումից հետո ընթերցողների թիվը կնվազի: Բանախոսները միակարծիք էին, որ գրքի սպառումը չպետք է հարկվի ավելացված արժեքի հարկով:

Գրքի թանկացումը կանխելու նպատակով «Facebook» սոցիալական կայքում նոր խումբ է բացվել` «Մենք դեմ ենք գրքերի թանկացմանը»: Երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանը խմբի ակտիվիստներից է, տրամադրված է հաստատակամ ու պայքարելու է, որպեսզի գրքերն ընթերցողի համար դառնան ավելի մատչելի:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4