ՄԱԿ-ի` Միավորված աշխատանքային կուսակցության երեկ տեղի ունեցած համագումարը հետաքրքրություն էր առաջացրել այն պատճառով, որ սպասվում էր ԲՀԿ-ի հետ միասնական ցուցակով ընտրությունների գնալու հայտարարություն: Համագումարը սկզբում առանց հյուրերի եւ լրագրողների էր, երբ լրագրողներս միացանք, ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը դահլիճին ասում էր, թե ընտրությունները բոքս չեն, մենամարտ չեն, դրանց համար բնականոն ընթացք պետք է ապահովվի այս անգամ: Հետաքրքրական էր նաեւ այն, որ բավական առաջնորդակենտրոն ԲՀԿ-ի հետ սպասվող համագործակցության ֆոնին` Արսենյանն ասում էր, թե ժամանակն է քաղաքական լուծումների գնալու քաղաքական աշխարհայացք ունեցող թիմերով, մինչդեռ քաղաքական միջավայրը որպես կանոն մինչեւ այժմ առաջնորդների շուրջն է ձեւավորված եղել: Օրինակ, եթե ՀՀԿ-ն պահպանողական է, բոլոր պահպանողականները թող գնան ձայն տան ՀՀԿ-ին, ազատականները թող միավորվեն, սոցիալիստական գաղափարախոսություն ունեցողները թող միավորվեն, այլապես ընտրությունների արդյունքներում ընտրողների բավականաչափ ձայներ են փոշիանում. Արսենյանը հաշվել էր` մոտ 16 տոկոս ձայն փոշիանում է այն պատճառով, որ խորհրդարան չանցած այս կամ այն ուժի քվեները հետո տրվում են անցնողներին. «Ժամանակն է, որ քաղաքական օրակարգում հայտնվի քաղաքական ընտրությունների հարց` առաջնորդամոլության ժամանակը սպառվել է աշխարհում», ասաց: Մի խոսքով` ՄԱԿ-ը մի քանի կուսակցությունների հետ քննարկումներ անցկացնելով հանգել էր այն եզրակացության, որ ՄԱԿ-ի արժեքային համակարգը համահունչ է ԲՀԿ-ի արժեքային համակարգի հետ, ու ՄԱԿ-ում որոշել են ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ի հետ միասնական ցուցակով գնալ:
Արսենյանն իր կուսակիցներին առաջարկում էր միավորել ջանքերը ԲՀԿ-ի հետ միասնական ցուցակով ընտրությունների գնալու համար: Այս որոշումը Արսենյանը դրեց քվեարկության եւ քվեարկությամբ հավանություն ստացավ: Ու այդ պահին էլ, քանի որ ժամանում էր ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Արսենյանը մի քանի րոպեով ընդհատեց համագումարը եւ իջավ Ծառուկյանին դիմավորելու: Մի պահ խմբով կանգնած սպասում էին Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Խաչիկ Գալստյանը, Գուրգեն Արսենյանը, ու լրագրողների փորփրանքը` մի բան պոկելու, թե ԲՀԿ-ցուցակի ո՞ր տեղերը կտրամադրվեն ՄԱԿ-ին, արդյունք չտվեց:
Համագումարին հնչած Ծառուկյանի խոսքն էլ առանձնապես հստակեցումներ չէր պարունակում` ընդամենն ասաց, ՄԱԿ-ի հետ միասին են կյանքի կոչելու ծրագրերը` ունենալու համար բարեկեցիկ ու բարգավաճ երկիր, «Բարգավաճ Հայաստանի» ընտանիքը համալրվում է, հանրության վստահությունն ու հավատը, որ կա «Բարգավաճի» հանդեպ, պետք է սրբությամբ պահել ու ավելացնել. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններից է կախված, թե Հայաստանն ի՞նչ տնտեսություն եւ կառավարություն կունենա, որի համար պետք է ունենանք ազատ ընտրություններ: Ժողովուրդը պիտի իմանա, որ իր ձայնը կարեւոր է, եւ մենք տեր ենք կանգնելու իր ձայնին ու սպասելիքներին: Աստված ձեզ պահապան», ասաց Ծառուկյանը, եւ համագումարն ավարտվեց:
Լրագրողները հետո կառավարության շենքի Մելիք-Ադամյանի մուտքի մոտ (այստեղ էր ընթանում համագումարը) սպասեցին Ծառուկյանին, որին տալու շատ հարցեր ունեին, բայց նա արագ լքեց շենքը` միայն հասցնելով կիսապատասխանել, թե ԲՀԿ-ն թեկնածուներ է դնելու այն ընտրատարածքներում, որտեղ համապատասխան մարդիկ ունի (հարցը վերաբերում էր բոլոր ընտրատարածքներում մեծամասնականով թեկնածու առաջադրելուն): Եվ նրա մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը եւս մի շարք հարցերի ըստ էության չպատասխանեց. օրինակ` այլ քաղաքական ուժերի հետ համագործակցություն սպասվո՞ւմ է, թե ոչ (հնարավոր է, ասվեց, բայց ստույգ` ոչինչ): Կոալիցիոն հուշագրի գործել-չգործելու վերաբերյալ ո՛չ Խ. Գալստյանը, ո՛չ Ն. Զոհրաբյանը մեկնաբանություններ չտվեցին (հիշեցնենք` Օսկանյանն ասել էր, որ այն չի գործում):
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ