«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2012-02-28 | #37, 2012-02-29 | #38, 2012-03-01


«ԱՆՈՒՆՍ ԵՄ ԴՆՈՒՄ ԳՐԱՎ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉԿԱ ՈՉ ՄԻ ԴԱՎ»

«Ձեր ժամանակը վաղո՜ւց սպառվել է, հաջողություն ձեզ», ասաց Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀԿ-ական պատգամավոր, իրավագետ Ռաֆիկ Պետրոսյանին , երբ վերջինս ելույթ էր ունենում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» երեկ շարունակվող օրենքի քննարկման ժամանակ: Պատգամավորն անսպասելիորեն, կամ գուցե սպասելի (որովհետեւ նա այլեւս խորհրդարան չի գալու, եւ վերջապես արձակվել էր այն կապանքը, որը նրան պահում էր ասել այն, ինչ մտածում է եւ ճիշտ է իրավական տեսակետից), երեկ ասում էր, թե այսպիսի օրենքներ ընդունելիս, Ազգային ժողովին անտեսելով եւ ամորձատելով ու նախագահին մեծ լիազորություն տալով արտակարգ դրություն մտցնելու առումով, պետք է հիշել, որ հետո կարող է գալ այնպիսի նախագահ, ով այս օրենքը կօգտագործի ժողովրդի դեմ: Նա ասում էր, որ պետք չէ մեր զինված ուժերին ներքաշել քաղաքական գործընթացների, զինված հակադրության մեջ, սեպ խրել բանակի եւ ժողովրդի միջեւ, քաղաքականությունը զինվորի համար չէ, նրան պետք է հանգիստ թողնել ու պետք չէ Ազգային ժողովը դարձնել «տրյապկա»: Նրան չէր գոհացնում այն դրույթը, ըստ որի ԱԺ-ն գործուն դեր չունի արտակարգ դրություն մտցնելու հարցում. ԱԺ-ն կամ հավանության պետք է արժանացնի, կամ ճշգրտումներ անի, կամ չեղյալ համարի նախագահի` արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը, չի կարելի ամորձատել Ազգային ժողովը, կցորդ դարձնել. «Ինչո՞ւ ենք ԱԺ-ն դարձնում տրյապկա», հարցրեց Ռաֆիկ Պետրոսյանը:

Ու չնայած իր եզրափակիչ խոսքում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն արդեն չափածո էր խոսում` «Անունս եմ դնում գրավ, որ կառավարության կողմից չկա ոչ մի դավ», բայց միգուցե արժեր լսել բազմափորձ իրավաբան եւ տասնյակ տարիների պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին եւ այս օրենքի` մեղքից հեռու տարբերակ ընդունվեր:

Երեկ, ի դեպ, պատգամավորները 56 դեմ, 30 կողմ, 4 ձեռնպահ ձայներով մերժեցին 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության առաջարկը, եւ մնացինք խառը ընտրակարգի մեջ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4